Ա Մակաբայեցիներ

3

ՄԱԿԱԲԷՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԶՕՐԱՊԵՏ

1Նրան փոխարինեց Մակաբէ մականուամբ Յուդան՝ նրա որդին։ 2Նրան աջակից եղան իր բոլոր եղբայրները եւ բոլոր նրանք, ովքեր իր հօր հետեւորդներն էին։ Նրանք յանուն իսրայէլացիների էին մղում խինդով եւ ուրախութեամբ։

3Մեծ էր Մակաբէի փառքը ժողովրդի վրայ։ Նա զինուեց իբրեւ մի հսկայ, պատերազմի զրահ հագաւ, մեծամեծներին պատերազմի էր առաջնորդում եւ իր նիզակով հովանի լինում իր զօրագնդերին։

4Իր գործերով նա նմանուեց առիւծի ու որսի վրայ մռնչացող առիւծի ձագի։

5Հետապնդելով հալածեց նա անօրէններին, կրակի մատնեց իր ժողովրդին անհանգստացնողներին։

6Անօրէնները սարսափեցին նրա ահից, ովքեր սատար էին անօրէնութեան, խուճապի մատնուեցին. նրա շնորհիւ ձեռք բերուեց փրկութիւն։

7Նա բազում թագաւորների դառնութիւն պատճառեց, իր գործերով ուրախացրեց Յակոբի տունը, դրա համար էլ նրա յիշատակը յաւիտեանս օրհնութեամբ է մնալու։

8Նա յարձակւում էր Հրէաստանի քաղաքների վրայ, կոտորում այնտեղ գտնուող ամբարիշտներին, որպէսզի վերացնի Իսրայէլի վրայ իջած բարկութիւնը։

9Նա հաւաքում էր ցրուած մարդկանց եւ գտնում կորածներին։

ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

10Այս դէպքերից յետոյ Ապոլոնիոսը հեթանոսներից զօրք հաւաքեց, զէնքի կոչեց նաեւ բազմաթիւ , որպէսզի պատերազմի Իսրայէլի դէմ։ 11Երբ դա իմացաւ Յուդան, ընդառաջ ելաւ Ապոլոնիոսին եւ խփեց-սպանեց նրան, նրա զինուորներից շատերին վիրաւորելով կոտորեց, իսկ մնացածներին փախուստի մատնեց, 12աւարի ենթարկեց նրա ունեցուածքը։ Յուդան առաւ Ապոլոնիոսի սուսերն ու իր ամբողջ կեանքում դրանով կռուեց նրանց զօրքերի դէմ։ 13Երբ ասորեստանցիների զօրքերի Նրէնը լսեց, որ Յուդան զօրք է հաւաքել, եւ բազմաթիւ հաւատացեալներ պատերազմի են գալիս նրա հետ, 14ինքն իր մէջ մտածեց եւ ասաց. «Ես էլ վաստակեմ ու փառքի տիրանամ իմ արքայութեան մէջ։ Պատերազմ մղեմ Յուդայի դէմ եւ պարտութեան մատնեմ նրանց, ովքեր անարգում են թագաւորի հրամանը»։ 15Նա կրկնապատիկ զօրք հաւաքեց։ Նրան օգնութեան հասան անօրէնների բազմաթիւ զօրքեր, որպէսզի յարձակուեն ու վրէժ լուծեն իսրայէլացիներից։ 16Նա եկաւ հասաւ մինչեւ Բեթորի կողմերը։ Յուդան նրան ընդառաջ գնաց սակաւաթիւ մարդկանցով։ 17Երբ նրանք տեսան, որ գունդ է գալիս իրենց դէմ ճակատելու, Յուդայի մօտ եղած մարդիկ սկսեցին խօսել ու ասացին. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սակաւաթիւ մարդկանցով մարտնչել այդքան բազմամարդ բանակի դէմ, մանաւանդ որ թոյլ ու տկար ենք, որովհետեւ արդէն քանի օր է, ինչ քաղցած ենք»։ 18Յուդան սկսեց նրանց քաջալերել ու ասաց. «Աստծու համար դիւրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը։ Երկնաւորի համար տարբերութիւն չկայ շատի ու քչի միջեւ, 19որովհետեւ յաղթանակը ձեռք է բերւում ոչ թէ շատ զօրքով, այլ այն զօրութեամբ, որ երկնքից է գալիս։ 20Նրանք մեզ վրայ են գալիս ամբարտաւան գոռոզութեամբ եւ անօրէնութեամբ, որպէսզի կոտորեն մեզ եւ մեր կանանց ու երեխաներին գերեվարեն։ 21Մենք մարտնչում ենք յանուն մեր անձերի ու յանուն մեր օրէնքների, 22եւ Տէրը նրանց սատակեցնելու է մեր ոտքերի առաջ։ Գօտեպնդուեցէ՛ք, քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք»։

23Հազիւ էր նա իր խօսքերը վերջացրել, որ յարձակուեց գնդի վրայ, կոտորեց այն թեւը, ուր կազմ ու զինավառ կանգնած էր Նրէն իշխանը, հալածական արեց բանակն այդ վայրից եւ նրան ու ողջ զօրքը փախուստի մատնեց։ 24Նրանք հետապնդեցին դրանց մինչեւ Բեթորի դաշտի կողմերը, շատերին վիրաւորելով դիաթաւալ գետին տապալեցին։ Դրանցից մօտաւորապէս ութ հարիւր մարդ ընկաւ, իսկ մնացածները փախուստի դիմեցին դէպի Փիլիստիիմ։ 25Յուդան ու իր եղբայրները ահ ու սարսափ էին տարածել. այնուհետեւ նրանք որոշեցին ասպատակել իրենց շրջակայքում գտնուող հեթանոսների երկրները։ 26Նրա համբաւը հասաւ թագաւորին, որովհետեւ հեթանոսները պատմում էին նրա պատերազմների մասին։

ԱՆՏԻՈՔՈՍ ԿԱՅՍՐԸ ԼԻՒՍԻԱՍԻՆ

ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է ԿՈՐԾԱՆԵԼ ԻՍՐԱՅԷԼԸ

27Երբ այս դէպքերի մասին լսեց Անտիոքոս կայսրը, խիստ զայրացաւ։ Նա իր բոլոր երկրներից զօրք հաւաքելով՝ շատ մեծ բանակ կազմեց։ 28Նա բաց արեց գանձատունը, զինուորներին մէկ տարուայ պարգեւներ բաշխեց եւ պատուիրեց նրանց, որ պատրաստ լինեն ամէն ինչի։ 29Երբ տեսաւ, որ գանձատունը դատարկուել է, եւ նուազել է երկրի հարկը այն երկպառակութեան եւ հարուածների պատճառով, որ նա հասցրել էր երկրին, եղծել նախնիների օրէնքները, որ սահմանուած էին վաղ ժամանակներից, 30Անտիոքոսը զարհուրեց, որ գուցէ նուէրներն ու ռոճիկները բաւական չլինեն առաջուայ նման առատաձեռնօրէն բաժանելու համար։ 31Եւ նա վարանեց։ Մտածեց մտնել Պարսից աշխարհը, երկրի հարկը հաւաքել այնտեղից, շատ արծաթ կուտակել։ 32Նա այնտեղ թողեց Լիւսիասին՝ թագաւորական տոհմից մի հռչակաւոր մարդու, իբրեւ Եփրատի կողմերի ու եգիպտացիների սահմանների արքունի գործերի վերակացու, 33որպէսզի սա դաստիարակի իր որդի Անտիոքոսին, մինչեւ որ ինքը վերադառնայ այնտեղից։ 34Նա նրա մօտ թողեց զօրքի կէսն ու փղերը եւ կարգադրեց նրան անել այն ամէնը, ինչ ինքը կամենում էր ու ինչ ինքը խորհել էր ե՛ւ Հրէաստանի բնակիչների, ե՛ւ Երուսաղէմի մասին։ 35Նա նրանց համար գումարտակ յատկացրեց, որ կոտորի նրանց, բնաջինջ անի Իսրայէլի զօրքն ու Երուսաղէմի մնացած բնակիչներին, այնտեղից ջնջի նրանց յիշատակը, 36այնտեղ, նրանց բոլոր սահմաններում, բնակեցնի օտարազգիների որդիներին եւ չափած հողակտորների բաժանի նրանց ողջ երկիրը։ 37Ինքը վերցրեց զօրքի միւս կէսը եւ հարիւր քառասուն թուականին Անտիոքից՝ իր թագաւորանիստ քաղաքից շարժուեց, անցաւ Եփրատ մեծ գետն ու գնաց վերին գաւառների կողմերը։

ԼԻՒՍԻԱՍԻ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆ

38Լիւսիասն ընտրեց Պտղոմէոսին՝ Դորիմէնի որդուն, Նիկանորին եւ Գորգիասին, որոնք արքայի հզօր բարեկամներն ու խորհրդականներն էին, 39նրանց յանձնեց քառասուն հազար հեծեալ եւ եօթը հազար բտած ձի, որպէսզի, թագաւորի հրամանի համաձայն, յարձակուեն Հրէաստան երկրի վրայ, աւերեն, քանդեն այդ աշխարհը, կործանեն երկիրը։ 40Նրանք իրենց ամբողջ զօրքով եկան ու բանակ դրեցին Ամաուսի մօտակայքում, դաշտավայրի տափարակ մասում։ 41Երբ այդ երկրի վաճառականները լսեցին, որ զօրք է եկել, որպէսզի աւարի մատնի Հրէաստան երկիրը, գերեվարի նրա որդիներին ու դուստրերին, վերցրին իրենց արծաթն ու ոսկին եւ այնքան ձեռնհաս մարդ, որ կարող լինէին օգնել իրենց, որպէսզի գան ու փրկագնեն օտար երկրներում գերի ընկած իսրայէլացիներին։ Դրանց միացան նաեւ ասորիների ու այլազգիների երկրների զօրքերը։ 42Երբ Յուդան ու իր եղբայրները տեսան, որ ամէն տեսակ չարիքներ են կուտակւում իրենց վրայ, եւ այս զօրքն էլ եկել, պաշարուած վիճակում է պահել իրենց սահմանները, երբ նաեւ տեղեկացան ժողովրդին կորստի ու բնաջնջման մատնելու վերաբերեալ թագաւորի հրամանի մասին, սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին. 43«Եկէք սրտապնդուենք, կանխենք մեր ժողովրդի անկումը, պատերազմենք յանուն մեր սրբութիւնների, յանուն մեր ազգի»։ 44Եւ ժողովուրդը պատերազմի պատրաստութիւն տեսաւ, արեց ու Տիրոջից ողորմածութիւն խնդրեց։

45Երուսաղէմն աւերակ ու ամայի էր, նրա բնակիչներից չկար ոչ մէկը, որ մտնէր ու ելնէր այնտեղից։ Նրա սրբութիւնները այլազգիների որդիները ոտնակոխ էին անում, քաղաքի ամրութիւնները հեթանոսների բնակութեան վայր էին դարձել։ Վերացաւ ուրախութիւնը Յակոբի տնից, պակասեցին շեփորների ու տաւիղների ձայները, լռեցին երաժշտութեան ցանկալի եւ ուրախ հնչիւնները։

ՀՐԵԱՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

46Բոլորը եկան հաւաքուեցին Մասեփայում՝ Երուսաղէմի դէմ յանդիման, որովհետեւ իսրայէլացիների աղօթատեղին առաջ Մասեփայում էր։ 47Ծոմ պահեցին, քուրձ ու ցնցոտի հագան, մոխիր ու հող վերցրին, ածեցին իրենց գլխին, պատառոտեցին օձիքները։ 48Բացում էին Օրէնքի մատեանները, որոնց համար հեթանոսները հալածում էին իրենց, 49բերում էին քահանայութեան զգեստները, բերքի առաջին պտուղներն ու տասանորդներն էին մէջտեղ դնում, հաւաքում ու բերում էին այն ուխտաւորներին, որոնք վերջացրել էին իրենց ուխտի օրերը։ 50Նրանք բարձր ձայնով իրենց խօսքը երկինք էին առաքում՝ ասելով. «Հիմա ի՞նչ անենք սրանց, կամ ո՞ւր տանենք, 51որովհետեւ քո սրբութիւնները ոտնակոխ են եղել, քո քահանաները նստել են սգի ու տառապանքի մէջ, 52բոլոր հեթանոսները ահա հաւաքուել են, որ բնաջնջեն մեզ։ Դու գիտես, թէ նրանք ինչ են խորհում մեր մասին։ 53Հիմա մենք ինչպէ՞ս կարող ենք դէմ կանգնել, եթէ դու մեզ չօգնես»։ 54Նրանք շեփոր էին փչում, աղաղակ բարձրացնում, բարձր ձայնով դէպի երկինք դիմում։

55Դրանից յետոյ Յուդան սկսեց կարգ հաստատել ժողովրդի մէջ։ Նա հրամանատարներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ նշանակեց նրանց վրայ։ 56Իսկ շէնքեր կառուցողներին, նոր ամուսնացածներին ու այգի տնկողներին ասուեց եւ վախկոտներին էլ պատուէր տրուեց, որ, Օրէնքի համաձայն, իրենց տները վերադառնան։ 57Ամբողջ զօրքը հասաւ ու բանակ դրեց Ամաուսի թիկունքում։ 58Այնտեղից Յուդան սկսեց քաջալերել զօրքին՝ ասելով. «Զինուեցէ՛ք, պատրաստուեցէ՛ք, գօտեպնդուեցէ՛ք, որ վաղը առաւօտեան պատերազմ մղենք հեթանոսների դէմ, որոնք եկել են բնաջնջելու մեզ ու մեր սրբութիւնները։ 59Աւելի լաւ է մեռնենք պատերազմի դաշտում, քան տեսնենք մեր ազգի ու մեր սրբութիւնների անարգանքը։ 60Ինչ որ է երկնային Տիրոջ կամքը, այդպէս էլ թող կատարուի։ 61Նա թող յիշի մեր հայրերի հետ կնքած ուխտը եւ մեր ոտքերի առաջ թող կոտորի այս զօրքը, 62որպէսզի հեթանոսները գիտենան, թէ գոյութիւն ունի մէ՛կ , որ փրկում է Իսրայէլը»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն