Ա Մակաբայեցիներ

4

ԱՄԱՈՒՌԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

12Այլազգիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ նրանք յարձակուելով գալիս են իրենց վրայ. 13եւ նրանք պատերազմելու ելան նրանց գնդերի դէմ։ 14Յուդայի զինուորները շեփոր հնչեցրին ու մի տեղ հաւաքուեցին։ Յարձակուեցին, կոտորեցին, փախուստի մատնեցին, 15մի մասին տեղում սպանեցին, ոմանց դաշտում սրախողխող արեցին, փախուստի մատնեցին մինչեւ Գազիրոնի սահմանները, եդոմացիների, Ազոտի ու Յամէնի կողմերը։ Այդ օրը խոցուած ընկաւ շուրջ երեք հազար մարդ։ 16Յուդան վերադարձաւ իր զօրքով։ Երբ նա եկաւ հասաւ ճակատամարտի վայրը, 17սկսեց խօսել զօրքի հետ ու ասաց. «Դեռ մի՛ մտածէք ընկած դիակները կողոպտելու մասին, 18որովհետեւ ահա Գորգիասը սպառազինուած իր զօրքով կանգնած է մեր դէմ։ Դիրքե՛ր բռնեցէք, կանգնեցէ՛ք ձեր թշնամիների դէմ, իսկ մարտի յաղթանակից յետոյ համարձակ կերպով կողոպտեցէ՛ք նրանց»։ 19Երբ նա այս խօսքերն էր ասում, տեսան, որ մի գունդ երեւաց լերան կողմից։ 20Գնդի մարդիկ մտածեցին, որ իսրայէլացիները պարտութեան մատնուելով կրակ են գցել ճամբարի մէջ, եւ բարձրացող ծուխը կատարուած դէպքի նշան է։ 21Երբ սրանք դա տեսան, կանգ առան՝ մանաւանդ նկատելով, թէ Յուդայի գունդը ինչպէս էր պատրաստուած ճակատամարտ տալու համար։ 22Սրանք վեր կացան ու փախան Փղշտացիների երկիրը։ 23Յուդան վերադարձաւ ճակատամարտի վայրը, որպէսզի կողոպտի ընկած դիակները։ Նա նրանց բանակից վերցրեց ու արծաթ, թանկարժէք զգեստներ, կարմիր, կապուտակ, ծովագոյն կտորեղէն, մեծ հարստութիւն։ 24Երբ այնտեղից վերադարձան, սկսեցին գոհութիւն մատուցել, օրհնել երկնային Տիրոջն ու ասել. «Նա է, յաւիտենական է նրա ողորմածութիւնը»։ 25Եւ Իսրայէլն այդ օրը մեծ փորձանքից ազատուեց։

26Այլազգիներից ովքեր այս անգամ փրկուել էին, եկան պատմեցին Լիւսիասին այն ամէնը, ինչ կատարուել էր։ 27Երբ դա լսեց Լիւսիասը, տրտմեց ու երեսի վրայ ընկաւ գետին, որովհետեւ իսրայէլացիների վերաբերեալ իր ցանկութիւնը չէր կատարուել այնպէս, ինչպէս ինքն էր մտածել. չէր կատարուել այն, ինչ պատուիրել էր իրեն թագաւորը։

ԼԻՒՍԻԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՒԱՆՔԸ

28Յաջորդ տարի նա մօտ վեց հետեւակ զօրք հաւաքեց, հինգ հազարանոց սպառազինուած հեծեալ այրուձի կազմեց, որպէսզի գայ, կողոպտի Հրէաստան երկիրը։ 29Եկան, հասան, ճակատամարտ տուեցին Բեթսորի կողմերում։ Յուդան նրան ընդառաջ եկաւ տասնմէկ հազար մարդկանցով։ 30Երբ տեսան բազմամարդ ու հզօր գունդը, սկսեցին աղօթել, օրհնել Աստծուն եւ ասել. «Տէ՛ր , դու ես այն Աստուածը, որ քո ծառայ Դաւթի ձեռքով կոտորեցիր յարձակում գործած հզօր ազգի զօրքերին, Սաւուղի որդի Յովնաթանի ձեռքը մատնեցիր այլազգիների բանակները։ 31Արդ, Իսրայէլի ձեռքով խորտակի՛ր այս զօրքի զօրութիւնը։ Թող նօսրանան նրանց զօրքերի՝ հեծեալների ու հետեւակների շարքերը։ 32Սարսա՛փ գցիր նրանց մէջ, հալածի՛ր նրանց գոռոզ զինուորներին, նրանք թող դողան իրենց պարտութիւնը տեսնելով։ 33Կործանի՛ր նրանց, յանձնի՛ր քո սիրելիների սրերի բերանը, որպէսզի քեզ օրհնեն նրանք, ովքեր ճանաչում են քո անունը»։

34Բանակները բախուեցին միմեանց, եւ այդ ժամանակ իրենց առաջ Լիւսիասի գնդից ընկաւ հինգ հազար հեծեալ։ 35Երբ Լիւսիասը տեսաւ իր գնդի պարտութիւնն ու Յուդայի գնդի քաջութիւնն ու յաղթանակը եւ այն, որ նրանք պատրաստ էին քաջ յաղթողի վաստակելու համար ապրել կամ մեռնել, նահանջեց, գնաց Անտիոքի կողմերը։ Դարձեալ նա զօրք հաւաքեց, սպառազինուեց, որպէսզի նորից արշաւի դէպի Հրէաստան։

ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ

36Յուդան ու եղբայրներն սկսեցին խօսել ժողովրդի հետ ու ասացին. «Ահա մեր թշնամիները ջախջախուեցին մեր ոտքերի առաջ։ Եկէք գնանք, մաքրենք սրբարանը, մաքրենք տաճարը, որպէսզի նաւակատիք անենք այնտեղ»։ 37Ողջ ժողովուրդը հաւաքուեց, եկաւ հասաւ լեռը 38եւ տեսաւ, որ սրբարանն աւերուած է, զոհասեղանը՝ պղծուած, դռները՝ հրկիզուած։ Գաւիթներում թփեր էին բուսել ինչպէս անտառում կամ մի լերան վրայ, կամարակապ սենեակներն աւերուած էին, ներքնախցերը՝ քանդուած։ 39Նրանք ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին պատմուճանները, գլուխներին հող ցանեցին։ 40Թաւալւում էին գետին, շեփոր էին փչում, դէպի երկինք աղաղակ բարձրացնում։

41Այն ժամանակ Յուդան հրաման տուեց, որ զօրքը հաւաքուի, պաշարի միջնաբերդը՝ մաքրելու համար սրբարանը։ 42Նա ընտրեց անարատ, օրէնքներին հնազանդ քահանաներ եւ մաքրել տուեց սրբարանը։ 43Նրանք հանեցին պղծուած վէմերը, հաւաքեցին մի առանձին տեղ 44եւ խորհրդի նստեցին թշնամիների պղծած ողջակէզների զոհասեղանի համար, թէ ինչ անեն այն։ 45Քանի որ այն պղծել էին թշնամիները, խորհրդի նստածները որոշեցին քանդել զոհասեղանը, որպէսզի իրենց խիղճը չտանջի ու յաւիտենական նախատինք չլինի։ Նրանք քանդեցին զոհասեղանը, 46քարերը տարան դրեցին յարմար մի տեղ, մինչեւ կը գար մի ու իր խօսքը կ’ասէր դրանց մասին։ 47Նրանք, ինչպէս սահմանուած է Օրէնքով, վերցրին անկոփ քարեր, 48կառուցեցին սրբարանը ու այն ամէնը, ինչ պէտք է լինէր տաճարի ներսում, եւ մաքրեցին գաւիթները։ 49Պատրաստեցին սրբութեան նոր սպասքներ, ներս տարան լոյսի աշտանակը, խնկերի սեղանը, տաճարի սեղանը։ 50Զոհասեղանի վրայ ծխեցին, վառեցին ճրագները եւ լուսաւորեցին տաճարը։ 51Սեղանի վրայ դրեցին հանապազօրեայ հացը, կախեցին վարագոյրները եւ արեցին այն բոլոր արարողութիւնները, որ պէտք է կատարէին։

52Հարիւր քառասուն թուականի իններորդ ամսի քսանհինգերորդ օրուայ առաւօտեան վաղ վեր կացան, 53ըստ Օրէնքի մատուցեցին այդ ժամանակ նոր կառուցուած ողջակէզների սեղանի վրայ։ 54Այն նոյն օրը, որ հեթանոսները պղծել էին զոհասեղանը, տարուայ այդ նոյն օրն էլ այն նորոգուեց օրհնութեան երգերով, շեփոր, քնար ու սրինգ հնչեցնելով։ 55Ողջ ժողովուրդն ընկաւ երեսի վրայ, խոնարհուեց, երկրպագութիւն արեց, օրհնեց իրենց գործին յաջողութիւն պարգեւած երկնային Աստծուն։ 56Ութ օր նրանք կատարեցին զոհասեղանի նաւակատիքը, ուրախութեամբ ողջակէզներ, փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեցին։ 57Տաճարի ճակատը, կամարակապ դահլիճը ու զարդարեցին ոսկէ պսակներով ու ոսկէ ճարմանդներով, նորոգեցին դարպասները, տեղադրեցին դռները։ 58Ժողովուրդը խիստ մեծ ուրախութեան մէջ էր, որովհետեւ իրենց վրայից ջնջւում էր թշնամու հասցրած նախատինքը։ 59Յուդան, իր եղբայրներն ու իսրայէլացի ողջ ժողովուրդը որոշեցին, որ զոհասեղանի նաւակատիքի այս օրերը ամէն տարի ութ օր ուրախութեամբ ու ցնծութեամբ նշուեն նոյն այդ ժամանակ՝ իններորդ ամսի քսանհինգերորդ օրը, տարուայ վերջում։

60Այդ ժամանակ նրանք Սիոն լերան շուրջը կառուցեցին բոլորշի բարձր պարիսպներ, ամուր աշտարակներ, որպէսզի հեթանոսները չգան, ոտնակոխ չանեն այդ վայրը, ինչպէս արել էին առաջ։ 61Յուդան այդտեղ պահապան զօրք թողեց, ամրացրեց Բեթսուրան, որպէսզի եդոմայեցիների կողմից զօրքն ապահով պատնէշ ունենայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն