Ա Մակաբայեցիներ
5
ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է
ՀԱՐԵՒԱՆ ՑԵՂԵՐԻ ԴԷՄ
1Երբ շրջակայքի հեթանոսները լսեցին, որ զոհասեղանը նորից են շինել ու սրբարանը վերականգնել առաջուայ պէս, խիստ զայրացան։ 2Որոշեցին գալ, բնաջնջել իրենց մօտ բնակուող Յակոբի ցեղը եւ սկսեցին սպանել ու կոտորել նրանց։ 3Յուդան միշտ պատերազմ էր մղում Եսաւի որդիների՝ եդոմայեցիների եւ ակրաբատացիների դէմ, որովհետեւ սրանք եկել էին ու Իսրայէլը պաշարելով նստել։ Նա ծանր հարուածներ հասցրեց նրանց, ընկճեց նրանց եւ կողոպտեց նրանց ունեցուածքը։ 4Նա յիշեց Բեանի ցեղի չարագործութիւնները. նրանք գայթակղութեան որոգայթ էին դառնում ժողովրդի համար, դարանակալում էին նրանց ճանապարհներին։ 5Յուդայից փախչելով՝ նրանք ամրացան իրենց բերդերում, բայց նա եկաւ, շրջապատեց նրանց, հրդեհեց նրանց բերդերը բոլոր բնակիչներով հանդերձ։ 6Ինքն այնուհետեւ յարձակուեց ամոնացիների վրայ, բայց այնտեղ նա պատահեց մի հզօր ձեռքի՝ բազմաթիւ զօրքերի ու նրանց զօրագզուխ Տիմոթէոսին։ 7Նրանք բախուեցին իրար։ Նրանք բազմիցս էին պատերազմել միմեանց դէմ։ 8Նա հարուածեց, վանեց նրանց, գրաւեց Ազեր քաղաքն ու նրա շրջակայքի գիւղերը եւ վերադարձաւ Հրէաստան։ 9Հրեաների դէմ հաւաքուեցին իրենց մօտիկ՝ Գաղաադում բնակուող բոլոր հեթանոսները, որպէսզի բնաջնջեն իրենց կողմերում գտնուող հրեաներին։ Հրեաները փախուստի մատնուելով՝ ընկան Դոթայիմում գտնուող բերդերը։ 10Նրանք բանագնացներ ուղարկեցին Յուդայի ու նրա եղբայրների մօտ եւ ասացին. «Ահա մեզ վրայ են յարձակուել բոլոր հեթանոսները։ Նրանք շրջապատել են մեզ եւ ուզում են մեզ բնաջնջել այստեղ։ 11Նրանք պատրաստւում են գրաւել այն բերդերը, ուր մենք պատսպարուել ենք։ Նրանց զօրագլուխը Տիմոթէոսն է։ 12Արդ, եթէ քո ձեռքին հնար կայ, շտապի՛ր փրկել մեզ նրանց ձեռքից, 13որովհետեւ մեզանից շատերն են սպանուել, Տոբայում գտնուող մեր բոլոր եղբայրները կոտորուել են, նրանց կանայք ու որդիները՝ գերեվարուել։ Իրենց ունեցած-չունեցածով առհասարակ կորել է այդ կողմերում այնքան մարդ, որչափ լինում է մի հազարապետի իշխանութեան տակ»։
14Դեռ նամակն իրենց ձեռքին էր, որ գալիլիացիների կողմից օձիքները պատառոտուած, ճակատները պատռուած գուժկաններ հասան։ Սրանք գուժելով յայտնեցին. 15«Պըտղոմէոսի, Ծուրի ու Ծայդանի կողմից մեզ վրայ են յարձակուել Գալիլիայի բոլոր կողմերի այլազգիները, որպէսզի մեզ բնաջնջեն այնտեղ»։ 16Երբ դա լսեցին Յուդան ու ժողովուրդը, անմիջապէս խորհրդի հաւաքուեցին, որպէսզի որոշեն, թէ ինչ ձեռնարկեն՝ փրկելու համար իրենց եղբայրներին, որոնք նեղութեան մէջ էին եւ տառապում էին պատերազմողների ձեռքին։ 17Յուդան սկսեց խօսել իր եղբայր Շմաւոնի հետ ու ասաց. «Ընտրի՛ր կտրիճ տղամարդկանց ու գնա՛ Գալիլիայի կողմերում նեղութեան մէջ գտնուող մեր եղբայրներին փրկելու, իսկ ես ու իմ եղբայր Յովնաթանը կը գնանք Գաղաադի կողմերը»։
18Նա Զաքարիայի որդի Յովսեպոսին ու զօրագլուխ Զաքարիային յանձնեց ընտիր զօրքեր, որպէսզի սրանք պահպանեն Հրէաստան երկիրը։ 19Նա պատուիրեց նրանց ու ասաց. «Կը ղեկավարէք այս ժողովրդին, բայց մինչեւ մեր այնտեղից վերադառնալը ոչ մի ճակատամարտ չտաք հեթանոսների դէմ»։ 20Զօրք հաւաքեցին ու այն բաժանեցին երկուսի միջեւ։ Երեք հազարը Շմաւոնի հետ գնաց Գալիլիայի կողմերը, իսկ ութ հազարը՝ Գաղաադի երկիրը։
ՇՄԱՒՈՆԻ ԵՒ ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
21Շմաւոնը գնաց Գալիլիացիների երկիրը եւ պատերազմեց հեթանոսների դէմ։ Հեթանոսները կոտորուեցին նրա հարուածներից։ Նա նրանց հալածեց մինչեւ Պտղոմէոսի դարպասները։ 22Այդ օրը հեթանոսներից կոտորուեց երեք հազար սպառազէն զինուոր։ 23Նա Գալիլիայի ու Արաբաթի կողմերը մատնեց աւարի, գերեց կանանց՝ իրենց որդիների հետ, գրաւեց բոլոր տներն իրենց կահ-կարասիով ու գանձերով։ Նրանք այդ բոլորը մեծ ցնծութեամբ եւ ուրախութեամբ բերեցին Հրէաստան երկիր։
24Յուդա Մակաբայեցին ու նրա եղբայր Յովնաթանն անցան Յորդանան գետի միւս ափը եւ երեք օրուայ ճանապարհ կտրեցին անապատով։ 25Խաղաղութեամբ նրանց առաջ ելան նաբատացիները եւ պատմեցին Գաղաադի երկրում իրենց եղբայրների հետ կատարուած դէպքերի մասին, 26թէ ինչպէս իրենցից շատերը արգելափակուած են եղել Բոսոր, Բոսալում, Մակեդիայի Սեփոր եւ Զառնասպասի քաղաքներում։ Այս քաղաքներն ամուր էին ու մեծ։ 27Յայտնեցին նաեւ, որ Գաղաադի կողմի միւս քաղաքները նոյնպէս պաշարուած են, որ նրանք հաւաքուել են մի տեղ, պայմանաւորուել, որ վաղն եւեթ շրջապատեն բերդերը, գրաւեն, բոլորին սպանեն, բնաջնջեն մէկ օրում։ 28Երբ դա լսեց Յուդան, անմիջապէս մի զօրագունդ կազմեց ու բռնեց անապատի ճանապարհը։ Նա շտապ արշաւեց դէպի Բոսոր, յանկարծակի, անսպասելի մի ժամի գրաւեց ողջ քաղաքը։ Ինքն այնտեղ իր սուր սուսերով սպանում էր բոլոր երիտասարդներին, բռնագրաւում բոսորացիների քաղաքի ողջ գոյքը եւ ամբողջ քաղաքը կրակի մատնում, 29իսկ գիշերը ինքն իր զօրագնդով դիմում էր պաշարուած բերդերի կողմը։ 30Երբ գիշերն անցնում, եւ առաւօտը բացուելու վրայ էր, նրանք բարձրացրին իրենց աչքերը եւ անթիւ-անհամար զօրքեր տեսան, որոնք բերում էին սանդուղքներ, ռազմական մեքենաներ եւ այլ յարմարանքներ, որպէսզի բերդերի վրայ բարձրանան, կռիւ տան, պատերազմի մէջ մտնեն։ 31Երբ Յուդան այդ կողմը նայեց, տեսաւ, որ մարտն սկսուած է։ Այնտեղ՝ աղաղակող քաղաք, այստեղ՝ շրջապատող զօրքեր։ Կռուի աղմուկը, պատերազմի շառաչը, շեփորի կանչը՝ այս ամէնը երկինք էին հասնում։ 32Նա իր զօրքին դիմելով՝ ասաց. «Ապա, զգաստացէ՛ք, պի՛նդ կացէք։ Ձեր գործը այսօր մարտնչելն է եղբայրների համար»։
33Նա ամբողջ զօրքը բաժանեց երեք գնդի եւ նրանց շրջապատելով կռուի պատրաստուեց։ Շեփոր հնչեցրին, քաջալերեցին միմեանց, աղօթքներով Աստծուն դիմեցին ու յարձակման անցան։ 34Տիմոթէոսին ու իր զօրքին իմաց տուեցին, թէ Մակաբէն զօրքով յարձակում է գործել։ Երբ սրանք տեսան դա, շփոթուեցին, խուճապի մատնուեցին, ընկրկեցին, լքեցին բոլոր մեքենաներն ու փախուստի դիմեցին։ Նա այդ օրը սաստիկ մեծ հարուած հասցրեց նրանց, հետապնդեց նրանց, մէկը միւսի յետեւից դիաթաւալ արեց, սրախողխող արեց մօտ ութ հազար սպառազէն զինուոր։
35Ապա շուռ եկաւ Մայափի կողմը, ճակատամարտ տուեց դրա շրջակայքում, գրաւեց այն, սպանեց այդտեղի բոլոր երիտասարդներին, բռնագրաւեց նրանց կայքն ու ունեցուածքը եւ քաղաքն էլ հրի մատնեց։ 36Այնտեղից շարժուեց, եկաւ պաշարեց Մակեդիայի Քասփօ եւ Բոսոր քաղաքները, ինչպէս նաեւ Գաղաադի մնացած քաղաքները։
37Որոշ ժամանակ անց Տիմոթէոսը դարձեալ զօրք հաւաքեց, եկաւ բանակ դրեց Ռափոնի դիմաց, գետի այն կողմում։ 38Յուդան հետախոյզներ ուղարկեց, որպէսզի հետախուզեն նրանց բանակները։ Եկան, պատմեցին ու ասացին. «Խիստ համախմբուած են մեր շրջապատում բնակուող բոլոր ցեղերն ու ազգերը։ Նրանք շատ մեծ զօրք են կուտակել։ 39Նրանք, իբրեւ օգնական, բազմաթիւ արաբներ են վարձել, բանակ դրել գետի այն կողմում եւ պատրաստւում են գալ, յարձակուել քեզ վրայ»։ Երբ դա լսեց Յուդան, անմիջապէս ի՛նքը նախայարձակ եղաւ։ 40Երբ Տիմոթէոսը տեսաւ դա, սկսեց խօսել իշխանների հետ ու ասաց. «Երբ նա կը հասնի գետի ափին, ուշադի՛ր եղէք Յուդայի ու նրա գնդի նկատմամբ։ Եթէ նա հասնի ու միանգամից անցնի գետը, ապա մենք չենք կարող դէմ կանգնել նրան, որովհետեւ նա մեզ անպայման կը յաղթի, 41իսկ եթէ հասնի գետի ափին ու բանակ դնի այնտեղ, նշանակում է՝ վախենում է։ Այդ դէպքում մենք կ’անցնենք գետը, մարտի մէջ կը մտնենք ու կը յաղթենք նրան»։ 42Հազիւ էր նա իր խօսքը վերջացրել, որ Յուդան զօրքով հասաւ գետի ափը։ Այնտեղ, գետի ափին, նշանակեց գրագիրներ եւ նրանց պատուիրեց, որ ոչ ոքի թոյլ չտան բանակ դնել գետի ափին, այլ պատերազմող ամէն մի մարդ շեփորի ձայնով իրար յետեւից առաջ ընթանայ։ 43Ինքը միանգամից հասաւ, անցաւ գետը ու յարձակուեց. նախ առաջապահ գունդը տեղում ջարդեց, ամբողջ զօրքը փախուստի մատնեց, իսկ բոլոր ցեղերն ու ազգերը, զէնքերը նետելով, փախան-գնացին բերդի կողմը՝ Կառնայինի մեհեանին նուիրուած վայրը։ 44Սրանք եկան, հասան, պաշարեցին քաղաքը, հրդեհեցին բերդը մեհեանով հանդերձ։ Կառնայինը ընկճուեց, չկարողացաւ դիմադրել Յուդային։
45Յուդան հրաման տուեց տեղափոխել Գաղաադի կողմերում ապրող բոլոր հրեաներին իրենց բոլոր կանանցով, երեխաներով, կահ-կարասիով ու բերել, հասցնել Հրէաստան երկիրը։ 46Դա մեծաթիւ մի բազմութիւն էր։ Նրանք եկան-հասան Եփրոն քաղաքի դարպասին։ Սա ճանապարհի վրայ, ամուր մի վայրում գտնուող մի մեծ քաղաք էր, եւ իրենք աջ կամ ձախ շեղուելու ուրիշ ճանապարհ չունէին, այլ միայն քաղաքի միջով պիտի անցնէին։ 47Երբ քաղաքում գտնուող զօրքերը տեսան զինուորներին ու զօրքի բազմութիւնը, դարպասները փակեցին, դռների յետեւը քարեր լցրին եւ թոյլ չտուեցին, որ նրանք անցնեն քաղաքի միջով։ Երբ Յուդան տեսաւ դա, խաղաղութեան առաջարկով դիմեց նրանց եւ ասաց. 48«Թո՛յլ տուէք, որ անցնենք ձեր երկրով։ Թողէ՛ք անցնենք, գնանք մեր երկիրը։ Մենք ձեզ ոչ մի վնաս չենք պատճառի, միայն մեր ոտքերը կ’անցնեն ձեր հողի վրայով»։ Նրանք չհամաձայնեցին բանալ դարպասները։
49Այն ժամանակ Յուդան հրամայեց շեփոր հնչեցնել, ճառ արտասանեց ու ասաց. «Այժմ թող ամէն մի գունդ, որտեղ որ կանգնել է, այդտեղով էլ թող ներս մտնի»։ 50Ամէն մի գունդ, որտեղ որ կանգնել էր, այդտեղ էլ ճակատամարտ տուեց։ Կռուեցին ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, մինչեւ որ քաղաքն անցաւ իրենց ձեռքը։ 51Այստեղ նրանք սրակոտոր արեցին բոլոր երիտասարդներին, հիմնայատակ կործանեցին, կողոպտեցին քաղաքը, դիակները կոխոտելով անցան քաղաքի միջով։ 52Նրանք Յորդանան գետի միջով անցան տափարակ մի վայր՝ մի մեծ դաշտ, եւ այնտեղ բանակատեղի դրեցին Բեթսոնի դէմ յանդիման։ 53Այնտեղ նա հոգ տարաւ յետ մնացած ժողովրդի մասին։ Յուդան բոլորին յուսադրում էր։ Ճանապարհի ողջ ընթացքում նա այսպէս էր վարւում, մինչեւ որ նրանց բերեց հասցրեց Հրէաստան երկիր։ 54Եկան, հասան, ցնծութեամբ եւ ուրախութեամբ բարձրացան Սիոն լեռը, այնտեղ ողջակէզներ ու զոհեր մատուցեցին, որովհետեւ այնտեղից մինչեւ այստեղ գալը ոչ ոք չէր սպանուել, եւ տեղ էին հասել խաղաղութեամբ։
ՅՈՎՍԵՊՈՍԻ ԵՒ ԱԶԱՐԻԱՅԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
55Այդ օրերին Յուդան ու Յովնաթանը Գաղաադի երկրում էին, իսկ իրենց եղբայր Շմաւոնը Գալիլիացիների երկրում էր գտնւում, Պտղոմէոսի դիմաց։ 56Երբ Զաքարիայի որդի Յովսեպոսն ու զօրքերի իշխան Զաքարիան լսեցին այդ պատերազմում տարած յաղթութեան մասին, ասացին. 57«Եկէք մենք էլ գնանք, պատերազմ մղենք մեր շրջակայքում գտնուող հեթանոսների դէմ եւ մենք էլ փառք վաստակենք»։ 58Զօրքերի համար ժամ նշանակեցին, շարժուեցին-գնացին Համնիայի կողմերը։ 59Գորգիոսն իր մօտ գտնուող զօրքով դուրս ելաւ քաղաքից, որ ճակատամարտ տայ։ Նրանք բախուեցին միմեանց։ 60Պարտութեան մատնուեցին Յովսեպոսն ու Զաքարիան եւ հալածական դարձած՝ փախան մինչեւ Հրէաստան երկրի սահմանները։ Այդ օրը նրանց զօրքից ընկաւ շուրջ երկու հազար մարդ։ Այս աղէտը շատ ծանր նստեց ժողովրդի վրայ, 61որովհետեւ նրանք չլսեցին Յուդային ու նրա եղբայրներին, այլ մտածեցին, որ իրենք էլ նրա նման քաջի անուն կարող են վաստակել։ 62Նրանք, սակայն, այն մարդկանց զաւակներից չէին, որոնց միջոցով Իսրայէլը փրկութիւն պիտի ստանար։
63Յուդան ինքն ու իր եղբայրները հռչակաւոր դարձան ժողովրդի աչքին, բոլոր հեթանոս ազգերի առաջ։ 64Ուր որ լսում էին նրանց անունները, հաւաքւում էին ու օրհնում նրանց։ 65Յուդան ելաւ իր եղբայրների հետ, որ պատերազմ մղի հարաւային մասում գտնուող Եսաւի որդիների դէմ։ Այնտեղ նա յարձակուեց Քեբրոն քաղաքի ու նրա գիւղերի վրայ, քանդեց, կործանեց նրա բոլոր ամրութիւնները, հրի մատնեց նրա շրջակայքում գտնուող աշտարակները։ 66Նա ելաւ գնաց այլազգիների երկիրը, եկաւ հասաւ Մարիսայի կողմերը։ 67Քաջի անուն վաստակելու համար կռուի ելան բազմաթիւ քահանաներ, բայց նրանք սպանուեցին, որովհետեւ ծանօթ չէին պատերազմ վարելու գործին։ 68Յուդան շուռ եկաւ Ազոտի կողմը՝ դէպի այլազգիների երկիրը, աւերեց նրանց մեհեանները, կործանեց նրանց կուռքերը, հրի մատնեց նրանց քաղաքները, բռնագրաւեց նրանց կայքն ու ունեցուածքը եւ վերադարձաւ Հրէաստան երկիր։
Էջմիածին · HYEJB1994