Ա Մակաբայեցիներ

6

ԱՆՏԻՈՔՈՍ Դ-Ի ՄԱՀԸ

1Անտիոքոս կայսրը գնում էր վերին գաւառները։ Նրան տեղեկացրին, որ Պարսից աշխարհի Լիմնէոս քաղաքի կողմերում կայ հռչակաւոր, ոսկով ու արծաթով հարուստ մի , 2այնտեղ գտնուող մեհեանը խիստ հարուստ գանձեր ունի, այնտեղ կան ոսկեձոյլ մեծամեծ կուռքեր, բազում , զրահներ ու պատեաններ, որը թողել էր Ալեքսանդր Մակեդոնացի կայսրը, որ նախ թագաւորել էր Յունաստանի վրայ, 3ապա եկել հասել էր այդ քաղաքը եւ ուզում էր գրաւել այն՝ կողոպտելու համար։ Երբ դա իմացան քաղաքացիները, 4պատրաստուեցին ճակատամարտ տալու եւ թոյլ չտուեցին, որ նա քաղաք մտնի։ Ալեքսանդրը վախեցաւ ու արեւելեան կողմերից գնաց Բաբելացիների երկիրը։

5Հարաւային կողմերից Անտիոքոս կայսեր մօտ գուժկան եկաւ ու յայտնեց, որ Հրէաստանի վրայ յարձակուած զօրքը կոտորուել է, 6որ բազմաթիւ զինուորներով առաջից գնացող Լիւսիասը պարտութեան է մատնուել նրանց կողմից, որ նրանք հզօրացել են զէնքերով, զօրքերով, շատ աւար են առել, կոտորել իրենց բանակները, իրենց կայքն ու ունեցուածքը բռնագրաւել, 7մեհեաններն աւերել, Երուսաղէմում զոհասեղանի վրայ շինուած կուռքերը կործանել, առաջուայ պէս բարձր պարիսպներով փակել սրբավայրը, դրա հետ նաեւ Բեթսոր քաղաքը։

8Երբ այս բանը լսեց թագաւորը, խիստ զարմացաւ, շուարեց ու զայրացաւ, անկողին ընկաւ ու հիւանդացաւ, քանի որ չէր կատարուել իր հրամանը։ 9Այնտեղ նա մնաց բազմաթիւ օրեր, որովհետեւ նրա ցաւի տագնապները կրկնւում էին եւ նա կարծեց, թէ մեռնում է։ 10Կանչեց իր բոլոր բարեկամներին ու ասաց. «Քունը կտրուել է աչքերիցս։ Վախից սիրտս պայթում է։ 11Մտածեցի ու ինքս ինձ ասացի. “Ինչպիսի նեղութիւններ ու բազմաթիւ խռովքներ են պաշարել քեզ այժմ”։ Կար ժամանակ, որ իմ զօրքի համար ես քաղցր էի, բարերար ու սիրելի։ 12Հիմա յիշում եմ այն չարիքները, որ գործեցի Երուսաղէմում. բռնագրաւեցի ոսկէ ու արծաթէ բոլոր սպասքները, իզուր զօրք հաւաքեցի, որ յարձակուելով բնաջինջ անեմ նրանց։ 13Հիմա հասկանում եմ, որ այդ պատճառով եկան ինձ վրայ այս բոլոր չարիքները, եւ ահա ես տխուր ու տրտում կորչում եմ օտար երկրում»։

14Նա կանչեց Փիլիպպոսին՝ իր բարեկամներից մէկին, նրան իր ամբողջ թագաւորութեան վերակացու նշանակեց, 15նրան յանձնեց իր թագը, պատմուճանն ու մատանին, պատուիրեց բերել իր Անտիոքոս որդուն, սնել ու դաստիարակել եւ իր փոխարէն գահին նստեցնել նրան։ 16Անտիոքոս արքան մահացաւ այնտեղ հարիւր քառասունինը թուականին։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

17Լիւսիասն իմանալով, որ արքան մեռել է, գահին նստեցրեց նրա որդի Անտիոքոսին եւ նրա անունը դրեց Եւպատոր Անտիոքոս։ 18 զօրքերից նրանք, որոնք արգելափակուած էին միջնաբերդում, նեղում էին իսրայէլացիներին, սրբարանի շուրջը անընդհատ չարիքներ էին գործում, հեթանոսներին աջակցում, ուստի քաղաքի բնակիչները որոշեցին բնաջնջել նրանց։ 19Այն ժամանակ Յուդան հաւաքեց բոլոր զօրքերը, 20որոնք եկան, հաւաքուեցին մի տեղ ու շրջապատեցին նրանց։ Նրանք պաշարեցին միջնաբերդը հարիւր յիսուն թուականին. շինեցին բազմաթիւ պատուարներ, նետաձիգ յարմարանքներ ու մեքենաներ։ 21Պաշարուածներից ոմանք դուրս ելան արգելափակոցից ու միացան մի քանի անօրէն իսրայէլացիների։ 22Նրանք գնացին արքայի մօտ ու ասացին. «Մինչեւ ե՞րբ չես անելու եւ մեր եղբայրների վրէժը չես լուծելու։ 23Մենք համաձայնել ենք ծառայել քո հօրը եւ կատարել նրա հրամանները։ 24Դրա համար էլ մեր ժողովրդի որդիները նստում էին միջնաբերդի շուրջը. շատերը օտարանում էին մեզանից. ում էլ գտնում էին մեզնից, մահուան էին դատապարտում, յափշտակում մեր ունեցուածքը։ 25Նրանք ձեռք բարձրացրին ոչ միայն մեզ վրայ, այլեւ իրենց բոլոր սահմաններում բնակուողների վրայ։ 26Այժմ էլ եկել պաշարել են մեզ, փակել եւ շրջապատուած վիճակում են պահում Երուսաղէմի միջնաբերդը, որպէսզի գրաւեն այն, ինչպէս եւ սրբարանը։ Անգամ ամրացրել են Բեթսորը։ 27Եթէ չշտապէք, սրանից աւելի վատ գործեր կ’անեն, եւ դուք այլեւս առաջն առնել չէք կարող»։

ԲԵԹՍԱԿԱՐԻԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

28Երբ դա լսեց թագաւորը, խիստ բարկացաւ, հրամայեց կանչել իր բարեկամներին ու զօրքի վրայ նշանակուած զօրապետներին։ 29Այլ թագաւորութիւնից ու այլ կղզիներից նրա մօտ եկան բազմաթիւ վարձկան զինուորներ։ 30Նրա զինուորների թիւը հասաւ հարիւր հազար վահանակիր ու նիզակաւոր հետեւակի, քսան հազար սպառազէն հեծեալի, երեսուներկու զինուած, մարտական փղերի։ 31Եկան, անցան Եդոմի միջով, ճակատ կազմեցին, շրջապատեցին Բեթսոր քաղաքը եւ դրա շրջակայքում պատերազմեցին բազմաթիւ օրեր։ Շուրջանակի դասաւորեցին ռազմական սարքերն ու մեքենաները, բայց պաշարուածները դուրս եկան քաղաքից, այրեցին մեքենաները եւ քաջաբար մարտի ելան նրանց դէմ։ 32Յուդան ամրոցից շարժուեց գնաց միջնաբերդ, եկաւ բանակ դրեց Բեթսակարիայում, արքայի բանակի դէմ յանդիման։ 33Թագաւորն առաւօտեան կանուխ վեր կացաւ, բանակը տարաւ տեղաւորեց Բեթսակարիայի ճանապարհի երկարութեամբ եւ զօրքերը դասաւորելով՝ պատրաստուեց ճակատամարտ տալու։ 34Փող փչեցին, փղերին կազմ ու պատրաստ վիճակի բերելու համար խաղողի հիւթ, ու խմեցրին, 35դրանց բաժանեցին առանձին գնդերի, ամէն մի փղի մօտ դրեցին հազար սպառազէն զինուոր, իսկ ամէն մի գնդի գլխին իբրեւ պահապան դրեցին հինգ հազար հեծեալ իրենց սպառազէն նժոյգներով՝ իբրեւ գնդերի պաշտպան, 36որպէսզի փղերը ուր որ կանգնեն, այնտեղ կանգնեն նաեւ իրենք, եւ ուր որ փղերը գնան, այնտեղ գնան նաեւ իրենք։ 37Փղերի վրայ տեղաւորեցին յարմարանքներ ունեցող վանդակակալ մարտկոցներ, փղապաններին նստեցրին նրանց գլուխներին, 38գնդի աջ ու ձախ թեւերին տեղաւորեցին մնացած այրուձին։

39Երբ արեգակն իր առաջին ճառագայթներն արձակեց, լեռների վրայ փայլատակեցին առհասարակ զրահաւոր, պատենաւոր, պղնձապատ վահանների շողերը։ Ճառագայթները շողարձակում էին կրակի ցոլքերի նման։ 40Ռազմաճակատը երկարեց, ստուարացաւ մասամբ դէպի լեռների բարձունքները, մասամբ դէպի ձորերը, մասամբ դէպի կիրճերն ու դաշտերը։ 41Միահամուռ կերպով առաջ շարժուեցին առհասարակ բոլոր զինուածներն ու դասաւորուած շարքերը։ Լսւում էին բազմութեան աղաղակները, զէնքերի շաչիւնը, ձիերի վրնջիւնը, վահանակիրների ոտքերի դոփիւնը։

42Յուդան եկաւ հասաւ իր բանակով, դասաւորեց գնդերը, պատրաստուեց, յարձակուեց, դէմ յանդիման բախուեց թագաւորի բանակին, նոյն տեղում, թագաւորի աչքի առաջ վեց հարիւր սպառազէն հեծեալների դիաթաւալ արեց։ 43Այդ տեղում Եղիազար Աւարանը աչքերը վեր բարձրացնելով տեսաւ, որ զարդարուած ու զինավառ փղերից մէկը արքայական զէնք է կրում եւ տարբերւում է միւսներից։ Կարծեց, թէ արքան հէնց դրա վրայ է, 44յարձակուեց այդ գնդի վրայ, աջ ու ձախ կոտորեց, գնաց հասաւ մինչեւ տարբերանշաններ ունեցող փղին, 45վերցրեց զէնքը, մտաւ փղի տակ, հարուածեց ու տապալեց նրան։ 46Փիղը տապալուեց, ընկաւ նրա վրայ ու ճզմեց նրան։

47Երբ հրեաները տեսան թագաւորի բանակի ուժը, խոյս տուեցին նրանցից, 48սակայն ուր էլ գնում էին, նրանց ընդառաջ էին գալիս արքունի գնդերը, մինչեւ որ եկան հասան Երուսաղէմի կողմերը։ Արքան եկաւ, բանակ դրեց Հրէաստանի ու լերան մօտ։

ՍԻՈՆ ԼԵՐԱՆ ՊԱՇԱՐՈՒՄԸ ԵՒ ԲԵԹՍՈՐԻ ԳՐԱՒՈՒՄԸ

49Նա խաղաղութիւն առաջարկեց Բեթսոր քաղաքին։ Նրանք ելան ցրուեցին այդ քաղաքից, որովհետեւ այնտեղ պաշար չունէին երկար ժամանակ շրջափակուած լինելու պատճառով։ Բացի այդ, երկրում հանգստեան տարի էր։ 50Թագաւորը գրաւեց Բեթսոր քաղաքը եւ հրամայեց քաղաքում պահապան զօրք թողնել, 51իսկ ինքը երկար ժամանակ պաշարուած պահեց սուրբ քաղաքը։ Նրա շուրջը կանգնեցրել էին մարտական սարքեր ու մեքենաներ, կրակ նետող յարմարանքներ, քարընկեցներ, քարագնդեր, բաբաններ, նետաձգութեան աշտարակներ ու պարսատիկաւորների աշտարակներ։ 52Սրանք էլ իրենց կողմից քաղաքում սկսեցին նրանց ամէն մի յարմարանքի դիմաց մի յարմարանք տեղաւորել։ Ճակատամարտ տալով կռւում էին շատ օրեր։ 53Մթերքը պակասեց, որովհետեւ եօթներորդ տարին էր, ինչ երկրի գաղթականները սպառում էին կուտակուած մթերքները։ 54Քիչ մարդիկ էին մնացել այնտեղ, սրբավայրում, որովհետեւ սովը գնալով սաստկանում էր, եւ ամէն ոք ցրուել էր իր տեղը։

ԱՆՏԻՈՔՈՍ Ե-Ն ԿՐՕՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ Է

ՏԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻՆ

55Լիւսիասը լսեց, թէ Փիլիպպոսը, որին Անտիոքոսն ինքն էր հրամայել սնել ու դաստիարակել իր Անտիոքոս որդուն, որպէսզի նրան գահ նստեցնի, 56վերադարձել է Պարսկաստանից ու Պարթեւների երկրից, եւ որ ամբողջ զօրքը յարել է նրա կողմը, եւ ինքը կամենում է վերահասու լինել իր երկրի գործերին։ 57Դրա համար նա, գալով, ասաց արքային ու բանակի բոլոր մեծամեծներին. «Զօրքերը միշտ նեղութեան մէջ են, մթերքները նուազել են, կերը պակասել։ Այն վայրը, որի համար է մղւում, ամուր է ու ապահով, իսկ մենք գահակալական հոգսերով ենք տարուած։ 58Արդ, եկէք հաշտութեան մասին խօսենք, դաշինք կնքենք, խաղաղութիւն հաստատենք այդ ազգի մարդկանց հետ։ 59Մենք նրանց խոստանանք, որ նրանք իրենց բոլոր օրէնքները կը պահպանեն առաջուայ պէս։ Նրանք մեզ վրայ բարկացել են այն բանի համար, որ մենք ստիպեցինք նրանց խախտել իրենց օրէնքները։ Դրա համար էր, որ նրանք ընդդիմացան ու այս բոլոր բաներն արեցին»։

60Թագաւորին ու նրա իշխաններին խոհեմ թուացին այս խօսքերը։ Նա բանագնացներ ուղարկեց խաղաղութիւն կնքելու համար։ Նրանք ընդունեցին պայմանները, 61թագաւորն ու զօրապետները երդումով հաստատեցին իրենց խօսքը, որից յետոյ նրանք դուրս եկան ամրոցներից։ 62Թագաւորը ելաւ Սիոն լեռը, տեսաւ այդ վայրի ամրութիւնը եւ դրժեց իր տուած երդումը. նա հրամայեց քանդել այն շրջապատող պարիսպները։ 63Նա շտապ գնաց Անտիոքի կողմերը եւ տեսաւ, որ Փիլիպպոսը տիրել է քաղաքին։ Նա ճակատամարտ տուեց նրա դէմ եւ բռնութեամբ առաւ քաղաքը։

Էջմիածին · HYEJB1994