Ա Մակաբայեցիներ

7

ԴԵՄԵՏՐԻՈՍ ԱՌԱՋԻՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐ

1Հարիւր յիսունմէկ թուականին Սելեւկիոսի որդի Դեմետրիոսը ելաւ Հռոմ քաղաքից, սակաւաթիւ զինուորներով եկաւ ծովեզերեայ մի եւ թագաւորեց այնտեղ։ 2Երբ Անտիոքոսը ցանկացաւ մտնել իր հայրենի թագաւորական տունը, նրան շրջապատեցին բազմաթիւ զինուորներ, ձերբակալեցին Լիւսիասին, իսկ Անտիոքոսին կալուկապ արած բերեցին Դեմետրիոսի մօտ։ 3Երբ Դեմետրիոսին յայտնեցին եղելութիւնը, նա հրաման տուեց եւ ասաց. «Թող իմ աչքը բնաւ չտեսնի նրանց երեսը»։ 4Նրանց վերցրին, զօրքից դուրս տարան ու սպանեցին։ Թագաւորական գահին նստեց Դեմետրիոսը։ 5Նրա մօտ եկան իսրայէլացի անօրէն ու ամբարիշտ մարդիկ, որոնց պարագլուխը Յակիմոսն էր։ Նա ինքը ձգտում էր քահանայութեան։ 6Սրանք ամբաստանեցին ժողովրդին ու ասացին. «Յուդան լլկեց, կործանեց մեզ՝ իր եղբայրներին ու քո բարեկամներին, մեզ հալածեց մեր իսկ երկրից։ 7Արդ, հաւատարիմ մարդի՛կ ուղարկիր, որ գան տեսնեն ազգի չարչարանքները եւ այն հարուածները, որ նա հասցրել է մեզ։ Նա է ոչնչացրել արքունի երկիրը, վշտացրել նրա պաշտպաններին»։

ԲԱՔԻԴԷՍԸ ԵՒ ՅԱԿԻՄՈՍԸ ՀՐԷԱՍՏԱՆՈՒՄ

8Կայսրն ընտրեց արքային սիրելի Բաքիդէսին, որը գետի միւս կողմի իշխանն էր, նրա թագաւորութեան հաւատարիմ իշխանը։ 9Սրան ու սրա հետ անօրէն Յակիմոսին ուղարկեցին, նրան յանձնեցին քահանայութիւնը եւ հրաման տուեցին, որ նա լուծի իսրայէլացիների վրէժը։ 10Բաքիդէսը շարժուեց գնաց եւ այդտեղից բանագնացներ ուղարկեց Յուդայի ու նրա եղբայրների մօտ, որ խորամանկ խօսքերով խաղաղութեան դաշինք կնքեն։ 11Սրանք չհաւատացին նրանց խօսքերին, որովհետեւ տեսան, որ բազմաթիւ զօրքերով են եկել։

12Բաքիդէսի ու Յակիմոսի մօտ հաւաքուեց օրէնսգէտների այն խումբը, որ արդարութիւն էր պահանջում։ 13Իսրայէլացիներից նախ ասիդացիներն էին, որ խաղաղութիւն էին պահանջում, 14որովհետեւ այսպէս էին մտածում. «Եթէ Ահարոնի զաւակներից մի քահանայ է եկել զօրքի հետ, ուրեմն մեզ վնաս չի պատճառի»։ 15Յակիմոսը խաղաղութեան խօսքեր ասաց նրանց, տուեց նրանց, թէ՝ «Ո՛չ ձեզ վնաս կը պատճառեմ, ո՛չ ձեր բարեկամներին»։ 16Հաւատացին նրան, բայց նա վաթսուն մարդ վերցրեց նրանցից ու մի օրում սպանեց նրանց ըստ Գրքում գրուած այն խօսքի, թէ՝ 17«Քո սրբերի մարմինները նետեցին երկնքի թռչուններին, նրանց արիւնը հեղեցին Երուսաղէմի շուրջը, եւ ոչ ոք չկար, որ թաղէր նրանց»։ 18Ժողովուրդն ահ ու սարսափի մէջ ընկաւ, որովհետեւ մտածում էին, որ նրանք ո՛չ են ճանաչում, ո՛չ ճշմարտութիւն, քանի որ դրժեցին իրենց իսկ խոստումն ու երդումը։ 19Բաքիդէսը հեռացաւ Երուսաղէմից եւ եկաւ, բանակ դրեց Բերաեթում։ Նա մարդ ուղարկեց եւ բռնել տուեց բազմաթիւ փախստականների եւ ժողովրդի միջից բազմաթիւ մարդկանց, հրամայեց փողոտել նրանց ու նետել ջրհորների մէջ։ 20Նա երկիրը յանձնեց Յակիմոսին, Յակիմոսի մօտ թողեց բազմաթիւ զինուորներ իբրեւ նրան օգնական եւ ինքը գնաց արքայի մօտ։

21Յակիմոսը ջանք էր թափում, որպէսզի դառնար։ 22Նրա մօտ հաւաքուեցին ժողովրդի բոլոր խառնակիչները, նուաճեցին Յուդայի երկիրը եւ Իսրայէլին մեծամեծ հարուածներ հասցրին։ 23Երբ Յուդան տեսաւ Յակիմոսի ու նրա հետ եղող իսրայէլացիների կատարած չարագործութիւնները, 24չորս կողմից յարձակուեց Հրէաստանի սահմանների վրայ եւ վրէժ լուծեց այն մարդկանցից, որոնք ինքնակամ կերպով հեթանոսներին էին յարել։ Դրանից յետոյ նրանք այլեւս Հրէաստան չէին գալիս։ 25Երբ Յակիմոսը տեսաւ, որ այս անգամ էլ հզօրացաւ Յուդան, եւ հասկացաւ, որ չի կարող նրան դիմադրել, նորից եկաւ թագաւորի մօտ, որպէսզի չարախօսի նրա մասին։

ՆԻԿԱՆՈՐԻ ԵՒ ՅՈՒԴԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

26Թագաւորն ուղարկեց Նիկանորին՝ իր հռչակաւոր զօրավարներից մէկին, մանաւանդ որ սա ատելութիւն ու թշնամանք էր տածում Իսրայէլի նկատմամբ։ Թագաւորը նրան պատուիրեց, որ բնաջինջ անի այդտեղի ժողովրդին։ 27Նիկանորը եկաւ հասաւ բազմաթիւ զօրքերով եւ նենգութեամբ խաղաղութեան պատգամներ ուղարկեց Յուդային ու նրա եղբայրներին. 28«Կռիւ թող չլինի իմ ու ձեր միջեւ։ Ես կը գամ սակաւաթիւ մարդկանցով, որ ձեր երեսները տեսնեմ խաղաղութեամբ»։ 29Նա եկաւ Յուդայի մօտ, նրանք խաղաղութեամբ ողջունեցին միմեանց, մինչդեռ զօրքը դասաւորուել-պատրաստուել էր, որ յարձակուի ու ձերբակալի Յուդային։ 30Երբ Յուդան իմացաւ, որ Նիկանորը նենգ մտադրութեամբ է եկել իր մօտ, հոգին տակնուվրայ եղաւ, վրդովուեց, մօտ չեկաւ նրան ու այլեւս չէր ուզում տեսնել նրա երեսը։ 31Նիկանորը հասկանալով, որ իր գաղտնիքը բացայայտուել է, առաջ շարժուեց, որ հանդիպի նրան ու պատերազմի Փարսալլայի մօտերքում։ 32Նիկանորի բանակից ընկաւ մօտ հինգ հարիւր մարդ, իսկ մնացածները փախան Դաւթի քաղաքը։

33Այս դէպքերից յետոյ Նիկանորը եկաւ, բարձրացաւ լեռը։ Տեղի սրբավայրերի քահանաներից ոմանք բարձրացան նրա մօտ, որպէսզի խաղաղութեան ողջոյն տան նրան եւ ցոյց տան նրան այն ողջակէզները, որ ամէն օր մատուցում էին թագաւորի կեանքի համար։ 34Նա անարգեց նրանց, ծիծաղեց նրանց վրայ, անպատուեց ծանր ու ամբարտաւան խօսքերով։ 35Նա հարուածեց նրանց եւ ցասումով ասաց. «Եթէ իմ ձեռքը չյանձնէք Յուդային իր գնդի հետ, դուք կը տեսնէք, որ ես այս տաճարը կրակի կը մատնեմ եւ ձեզանից վրէժ կը լուծեմ, երբ խաղաղութիւնը հաստատուած լինի, եւ ես վերադառնամ այստեղ»։ Նա թողեց գնաց խիստ վրդովուած ու զայրացած։ 36Քահանաները եկան, ներս մտան, կանգնեցին զոհասեղանի ու տաճարի դիմաց, սկսեցին լալ ու ասել. 37«Դո՛ւ ես, որ ընտրեցիր քո այս տաճարը, որպէսզի քո սուրբ անուամբ կոչուի այն, որպէսզի դա քո ժողովրդի ուխտի, աղօթքի լինի։ 38Դու էլ վրէ՛ժ լուծիր այդ մարդուց ու նրա բանակից։ Նրանք թող կոտորուեն իրենց իսկ սրով։ Յիշի՛ր նրանց հայհոյութիւնները եւ նրանց հանգիստ մի տո՛ւր»։

ՆԻԿԱՆՈՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՀԸ

39Նիկանորը ելաւ Երուսաղէմից եւ բանակ դրեց Բեթսորոնում։ Նրան ընդառաջ եկան Ասորիքի զօրքերը։ 40Ինքը Յուդան երեք հազար մարդկանցով բանակ էր դրել Ադասայում։ Նա սկսեց աղօթել ու ասաց. 41«Այն ժամանակ, երբ թագաւորի մօտից մարդիկ էին եկել եւ հայհոյում էին քեզ, ելաւ քո հրեշտակն ու հարուածելով նրանց՝ հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Նոյն ձեւով այսօր դու կոտորի՛ր այս բանակը, որպէսզի մնացածներն իմանան, որ քո սրբութեան վերաբերեալ սին խօսքեր են ասել։ Պատժի՛ր նրանց ըստ իրենց կատարած չարագործութեան»։

42Երկու բանակները հասան եւ իրար բախուեցին Ադար ամսի տասներեքերորդ օրը։ Նիկանորի գունդը պարտուեց, ջախջախուեց, եւ երկու բանակների միջեւ ինքն էլ առաջինը սրախողխող ընկաւ։ 43Երբ թշնամու գունդը տեսաւ, որ Նիկանորն ընկաւ, զէնքերը նետեցին եւ փախուստի դիմեցին։ 45Սրանք մէկ օր շարունակ Ադասայից հետապնդեցին նրանց, մինչեւ որ հասան Ազերա։ Նրանց յետեւից փող էին փչում իբրեւ յաղթանակի նշան, 46Հրէաստանի բոլոր քաղաքներից ելնում էին ու սպանում նրանց։ Հետապնդուողները դարձեալ հաւաքւում էին ու դիմադրում։ Այդ օրը սրախողխող ընկան բոլորը, եւ նրանցից մէկ մարդ անգամ չմնաց։ 47Եկան եւ սկսեցին աւար առնել, կողոպտել բանակի զէնքերը, գանձերը եւ ամբողջ ունեցուածքը։ Կտրեցին Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը, որ նա գոռոզութեամբ յանդգնել էր բարձրացնել տաճարի վրայ, եւ բերեցին ու կախեցին Երուսաղէմի դիմաց։ 48Ժողովուրդը խիստ ուրախացաւ եւ այդ օրը նշեց որպէս տարեկան տօն։ 49Այդ օրը, Ադար ամսի տասներեքերորդ օրը, նրանք հռչակեցին ամենամեայ տօն։ 50Յուդայի երկիրը միառժամանակ հանգիստ ապրեց։

Էջմիածին · HYEJB1994