Ա Մակաբայեցիներ
8
ՅՈՒԴԱՆ ԴԱՇԻՆՔ Է ԿՆՔՈՒՄ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
1Յուդան լսեց հռոմէացիների համբաւի մասին, թէ նրանք հզօր են իրենց ուժով, նրանք լաւ են համարում, եթէ մէկը դիմում է իրենց օգնութեանը կամ դաշնակից լինում իրենց։ Նա լսեց, որ նրանք խիստ զօրացել են երկրի վրայ, 2նաեւ պատերազմներ մղելու շնորհիւ գրաւել են գաղատացիների կողմերը, ընկճել նրանց ու հարկատու դարձրել, 3նաեւ այն, թէ ինչ են արել ժամանակին իսպանացիների կողմերում՝ նրանցից գրաւել են հանքեր, որտեղից ոսկի ու արծաթ էին հանում, գրաւել են այդ վայրերն իրենց խելամտութեամբ ու իրենց համբերատարութեամբ, թէեւ այդ վայրը խիստ հեռու էր նրանցից։ 4Լսեց նաեւ, որ երկրի հեռաւոր ծայրամասից նրանց վրայ յարձակուելու եկած թագաւորներից մի քանիսին կոտորել են, մեծ ջարդ տուել նրանց, իսկ մնացածներին տարեկան հարկի տակ դրել։ 5Նրանք Փիլիպպոսին ու իրենց վրայ յարձակուած կինացիների արքային սպանել են պատերազմի ժամանակ ու ընկճել նրանց։ 6Նրանցից պարտութիւն է կրել նաեւ ասիացիների մեծ արքան՝ Անտիոքոսը, որ եկել էր նրանց վրայ մեծ պատերազմով եւ որն ունէր հարիւր քսան փիղ, բազմաթիւ կառքեր ու երիվարներ։ 7Նրան կենդանի են բռնել եւ ստիպել, որ հարկ վճարի։ 8Ստիպել են նաեւ իրենից յետոյ եկած թագաւորներին պատանդներ ու փրկագին տալ, նրանից խլել են Հնդիկների, Պարթեւների, Լիդացիների երկրներն ու նրանց ընտիր գաւառները յանձնել են Եւմենիի արքային։ 9Երբ լսել են նաեւ, թէ յոյները որոշել են գալ, կոտորել իրենց, երբ տեղեկացել են այդ մասին, ուղարկել են իրենց զօրավարներից մէկին, 10որն եկել ու ահեղ մի կռուի ժամանակ կոտորել է նրանց, բազմաթիւ մարդկանց սրախողխող արել, գերեվարել նրանց կանանց ու որդիներին, կողոպտել նրանց կայքն ու ունեցուածքը, երկիրն ստրկացրել, բերդերը քանդել, երկիրը հարկատու դարձրել մինչեւ օրս։ 11Կոտորել են նաեւ խռովութիւն բարձրացրած միւս թագաւորութիւնների ու կղզիների մարդկանց, ստրկացրել նրանց։ 12Բայց իրենց բարեկամների եւ նրանց հետ, ովքեր դիմել են իրենց օգնութեանը, անդաւաճան բարեկամութիւն են արել։ Նրանք ընկճել են մօտիկ ու հեռաւոր բոլոր թագաւորութիւնները, եւ ովքեր մի անգամ լսել են նրանց անունը, վախեցել են նրանցից։ 13Ում ուզեցել են, թագաւորութիւն են տուել, ում ուզեցել են, զրկել են իշխանութիւնից։ Նրանք խիստ հզօրացել են։ 14Հակառակ այս ամենին, նրանցից ոչ ոք յանձն չի առել, ի նշան իշխանութեան, թագ կրել կամ ծիրանի հագնել։ 15Նրանք խորհրդարան են շինել, եւ ամէն օր երեք հարիւր քսան մարդ հոգ է տարել զօրքի մասին, որպէսզի երկիրը շէն պահեն։ 16Ամէն տարի նրանցից մէկը, ով արժանաւոր է եղել, նշանակուել է իշխանութեան ղեկավար, որպէսզի կառավարի իրենց ողջ երկիրը։ Բոլորը հնազանդութեամբ լսել են մէկին, նրանք միմեանց նկատմամբ ոխ կամ նախանձ չեն ունեցել։
17Այն ժամանակ Յուդան ամէն մի գնդից ընտրեց մարդիկ՝ Ակկոսի որդի Յովնաթանի որդի Եւպոլեմոսին եւ Եղիազարի որդի Յասոնին, նրանց ուղարկեց Հռոմ քաղաքը, որպէսզի սրանք նրանցից հաշտութիւն եւ օգնութիւն խնդրեն, 18որպէսզի իրենց վրայից վերացնեն ստրկութեան այն լուծը, որ յոյները դրել էին իսրայէլացիների վրայ։ 19Նրանք գնացին հռոմէացիների կողմերը։ Ճանապարհը երկար էր։ Բանագնացները եկան հասան ու նրանց հանդիպեցին խորհրդարանում։ Նրանք կանգնեցին մէջտեղում ու սկսեցին յայտնել, թէ ինչ պատգամներով են եկել։ 20«Յուդա Մակաբայեցին, իր եղբայրներն ու Հրէաստանի բոլոր սեպուհները ուղարկել են մեզ, որ ձեզ հետ հաշտութեան մասին խօսենք, ձեզ մեր օգնականը դարձնենք եւ ձեզանից խաղաղութիւն խնդրենք, որ դուք էլ մեզ ձեր նիզակակիցն ու բարեկամը համարէք»։
21Այս խօսքերը նրանց հաճելի թուացին։ 22Ահա այս է այն հրովարտակի պատճէնը, որ պղնձէ տախտակների վրայ նրանք գրեցին նրանց համար, ուղարկեցին Երուսաղէմ եւ թողեցին նրանց մօտ իբրեւ օգնութեան ու խաղաղութեան վկայագիր.
23«Խաղաղութիւն եւ բարեգործութիւն թող լինի Հրէաստանի ու հռոմէացիների միջեւ, ծովի ու ցամաքի վրայ, թող սուրն ու թշնամին հեռու լինեն նրանցից։ 24Իսկ եթէ պատերազմ լինի նախ հռոմէաեցիների կամ նրա բարեկամներից որեւէ մէկի դէմ նրանց պետութեան ողջ տարածքում, 25ապա անմիջապէս նրանց կամովին թող օգնեն հրէական գնդերը ըստ ժամանակի պահանջի։ 26Նրանք թշնամու կողմը չպէտք է անցնեն, արծաթով, ոսկով, զէնքով կամ նաւերով չպէտք է օգնեն թշնամիներին, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին։ Այս պատուիրանները պէտք է նրանք պահպանեն առանց հատուցում պահանջելու։ 27Նոյն ձեւով եթէ հրեաների դէմ պատերազմ լինի, հաւատարմութեամբ, կամովին շտապ օգնութեան պէտք է հասնեն հռոմէացիներն էլ ըստ ժամանակի պահանջի, 28թշնամուն չպէտք է տան ոսկի, արծաթ, զէնք կամ նաւեր, որովհետեւ այսպէս է ձեռնտու հռոմէացիներին։ Այս պատուիրանները նրանք պէտք է պահպանեն առանց նենգութեան։ 29Ահա այսպիսի պայմաններ կապեցին հռոմէացիները հրեաների գնդի հետ. 30իսկ եթէ այդ պայմաններից յետոյ այս կամ այն կողմը որեւէ բան ունի հանելու կամ աւելացնելու, ապա դա թող անեն, ըստ հարկի, երկու կողմերի համաձայնութեամբ եւ պահեն անխախտ։ 31Նրանց նկատմամբ չարագործութիւն կատարող Դեմետրիոս արքային կը գրենք. “Ասա՛, ինչո՞ւ էք լուծ դնում մեր նիզակակից բարեկամների պարանոցին։ 32Իմացէ՛ք, որ եթէ նրանք բողոքեն քեզանից, արդար դատաստան կը տեսնենք, քո դէմ կռուի կ’ելնենք, լինի ծովի վրայ թէ ցամաքում”»։
Էջմիածին · HYEJB1994