Ա Մակաբայեցիներ
9
ԲԵՐԷԹԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԵՒ
ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՄԱՀԸ
1Դեմետրիոսը չլսեց։ Քանի որ Նիկանորն իր բանակով նրանց դէմ պատերազմելով պարտուել էր, ուստի դարձեալ, երկրորդ անգամ, Հրէաստան ուղարկեց Բաքիդէսին եւ Յակիմոսին իր բանակի աջակողմեան թեւի հետ։ 2Նրանք գնացին Գաղգաղայի ճանապարհով, եկան ու դասաւորուեցին Մեսալոթում՝ Արբելացիների երկրում։ Գրաւեցին այն ու այնտեղ բազմաթիւ մարդկանց սպանեցին։ 3Հարիւր յիսուներեք թուականի առաջին ամսում բանակ դրեցին Երուսաղէմի մօտ, 4յետոյ քսան հազար նիզակակիր մարդկանցով ու երկու հազար սպառազինուած հեծեալներով գնացին Բերէթ։ 5Յուդան երեք հազար սպառազէն ընտիր զինուորներով բանակ էր դրել Եղիշայում։ 6Երբ սրանք տեսան զօրագնդի բազմութիւնը, խիստ վախեցան. շատերը լքեցին նրան, Յուդայի մօտ ոչ ոք չմնաց, բացի ութ հարիւր սպառազէն հեծեալներից։ 7Երբ Յուդան տեսաւ, որ զինուորները լքել են իրեն, իսկ պատերազմը նեղում էր իրեն, վրդովուեց իր սրտում, որովհետեւ չէր հասցնի նորից հաւաքել նրանց, 8թեւաթափ եղաւ, յուսալքուեց, բայց մնացածների հետ խօսելով՝ ասաց. «Եկէք դիմադրենք, գուցէ կարողանանք դիմադրել նրանց»։ 9Ինքը համարձակօրէն առաջ շարժուեց, բայց զինուորները, մօտենալով, շրջապատեցին նրան, որ յետ դարձնեն։ Սկսեցին խօսել նրա հետ ու ասացին. «Ո՜վ մարդ, մենք չենք կարող նրանց վնասել, այժմ մեր անձը փրկելու մասին մտածենք, յետոյ կը գնանք, կը հաւաքենք մեր եղբայրներին ու կը կռուենք, թէպէտեւ սակաւաթիւ ենք»։ 10Յուդան պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես այդ բանը չեմ անի, ես նրանց առաջ փախուստի չեմ դիմի։ Եթէ հասել է մեր ժամանակը, քաջութեամբ մեռնենք մեր եղբայրների համար եւ վախկոտի անունը չենք խառնի քաջի առաքինութեան հետ»։
11Երկու կողմի բանակների զինուորները վեր կացան ու պատերազմեցին միմեանց դէմ։ Բաքիդէսի սպառազէն բանակը բաժանուեց երկու մասի։ Պարսատիկաւորներն ու աղեղնաւորները գնում էին գնդի առաջից, իսկ առաջամարտիկները գնում էին սրանց առաջից։ 12Բաքիդէսն աջ թեւում շտապեցնում էր զինուորներին, տագնապի շեփոր հնչեցնելով առաջ էր տանում նրանց։ 13Յուդայի գունդը շեփոր հնչեցնելով յարձակում գործեց։ Երկիրը երկու կողմերի աղմուկ-աղաղակից դղրդում էր։ Պատերազմը շարունակուեց առանց դադարի՝ առաւօտից մինչեւ երեկոյ։ 14Երբ Յուդան նկատեց, որ Բաքիդէսն ընտիր զօրքով աջ թեւում է կանգնած, իր գնդի սպառազէն, ընտիր զինուորներին իր մօտ կանչեց, քաջալերեց ու յարձակման անցաւ։ 15Երբ նա արդէն ջախջախել էր աջակողմեան թեւը, նետուեց դէպի ձախ թեւն ու նրանց իր առաջն առած՝ հալածեց մինչեւ Ազոտ լերան կողմը։ 16Երբ ձախակողմեան թեւի զինուորները տեսան, որ աջակողմեան թեւը ջախջախուել է Յուդայի զինուորների առաջ, եկան, միացան ու պաշարեցին Յուդային իր գնդի հետ։ 17Այդ վայրում երկու կողմերի վիրաւորները գետին էին թաւալւում։
18Այդտեղ ընկաւ Յուդան առաջին նահատակուողների հետ, իսկ մնացածները փախուստի դիմեցին։ 19Երկու եղբայրները՝ Յովնաթանն ու Շմաւոնը, վերադարձան, վերցրին Յուդային, տարան թաղեցին իրենց հայրերի շիրիմում՝ Մոդիիմում։ 20Իսրայէլացիները մեծ կոծով ողբացին, սուգ պահեցին բազում օրեր, 21յետոյ սկսեցին խօսել եւ ասել. «Ինչպէ՜ս ընկաւ, ինչպէ՜ս տապալուեց Իսրայէլի հզօր փրկիչը»։ 22Այս մատեանում, սակայն, չի գրուել այն բոլոր մարտերի, ճակատամարտերի, պատերազմների մասին, որ մղել է Յուդան, եւ այն քաջութիւնների մասին, որ գործել է նա, որովհետեւ դրանք չափազանց շատ են։
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ՅՈՒԴԱՅԻՆ
23Յուդայի մահուանից յետոյ անօրէնները յայտնուեցին Իսրայէլի բոլոր սահմաններում աճեցին, բազմացան նրանք, որ անօրէնութիւն էին գործում։ 24Այդ օրերին մեծ սով եղաւ, եւ մարդիկ ինքնակամ գնացին նրանց մօտ. բոլորը նրանց կողմն անցան։ 25Բաքիդէսն ընտրեց անօրէն մարդկանց, նրանց իշխանութիւն տուեց։ 26Նրանք փնտռում, գտնում էին ու Բաքիդէսի մօտն էին բերում Յուդայի բարեկամներին, նրանցից վրէժ լուծում։ Իսրայէլացիներին չարչարում, ծաղրում, 27նեղում, ծանակում էին այնպէս, որ մարգարէի ի յայտ գալուց յետոյ այդպիսի բան չէր եղել։
28Հաւաքուեցին Յուդայի բոլոր բարեկամները, գնացին Յովնաթան Ափուսի մօտ ու ասացին. 29«Քո եղբայր Յուդան մեռաւ, եւ չկայ մի մարդ, որ նրա նման ելնի թշնամիների դէմ, պատասխան տայ նրանց, ովքեր թշնամութեամբ գալով նեղում են մեր ազգը։ 30Արդ, նրա փոխարէն մենք քեզ ընտրեցինք, որ դու մեզ վրայ զօրապետ լինես, մեզ առաջնորդես, մեր թշնամիների դէմ ճակատամարտ տաս»։
31Այդ ժամանակ Յովնաթանն ստանձնեց առաջնորդութիւնը եւ բարձրացաւ իր եղբայր Յուդայի տեղը։
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՎՐԷԺԽՆԴԻՐ Է ԼԻՆՈՒՄ
ԻՐ ԵՂԲՕՐ ՀԱՄԱՐ
32Երբ դա իմացաւ Բաքիդէսը, հնար էր փնտռում սպանելու Յովնաթանին ու նրա եղբայր Շմաւոնին։ 33Սրանք փախան Թակովիի անապատը, եկան, բանակ դրեցին Ասփառ լճի մօտ։ 34Բաքիդէսը այդ մասին իմացաւ շաբաթ օրը եւ եկաւ, ինքն էլ իր զօրքով բանակ դրեց Յորդանան գետի այն կողմում։ 35Նա նրանց մօտ ուղարկեց իր մի եղբօրը՝ բազմաթիւ զօրքերի զօրավարին, եւ խնդրեց իրենց բարեկամ նաբատացիներին, որ իրենց յանձնեն իրենց պատկանող կայքն ու գրաստները եւ այն ամէնը, ինչ մնացել էր իրենց մօտ։ 36Դամասայում գտնուող Յամբրիի որդիները ելան ու բռնեցին Յովհաննէսին եւ կահ-կարասիով հանդերձ վերցրին գնացին իրենց հետ։ 37Դրանից յետոյ նրա եղբայրներ Յովնաթանն ու Շմաւոնը իմացան, որ Յամբրիի որդիները հարսանիք են անում։ Սրանք Աբլալաթից մեծ երթով ու անչափ հանդերձանքով հարս էին բերում քանանացի մեծամեծ աւագներից մէկի դստերը։ 38Նրանք յիշեցին իրենց Յովհաննէս եղբօրը եւ վեր կացան, դարան մտան լերան մի ծործորում։ 39Իրենց հայեացքը բարձրացնելով՝ նրանք տեսան, որ մի մեծ երթ՝ հոծ մի ամբոխ է գալիս։ Փեսան դուրս եկաւ իր բարեկամների եւ իր եղբայրների հետ շեփորներով, թմբուկներով, տարբեր նուագածուների ու բազում զինուած մարդկանց ուղեկցութեամբ։ 40Սրանք ելան դարանից, շատերին սպանեցին, վիրաւորեցին եւ զինուած մարդկանց փախուստի մատնեցին, աւար առան իրերն ու զգեստները, իսկ երթի մասնակիցներին կողոպտեցին։ 41Հարսանիքը փոխուեց լաց ու կոծի, իսկ երաժիշտների ձայնը սուգի ու ողբի վերածուեց։ 42Նրանք իրենց եղբօր վրէժը լուծեցին ամբողջովին եւ վերադարձան Յորդանան գետին մօտիկ մի մարգագետին։
43Երբ դա իմացաւ Բաքիդէսը, զօրք վերցրեց, շարժուեց նրանց վրայ, եկաւ հասաւ Յորդանան գետի քարայրների մօտ։ 44Յովնաթանն ասաց իր զօրքին. «Եկէք վեր կենանք ու մարտի մէջ մտնենք յանուն մեր կեանքի, որովհետեւ այս օրը նման չէ երէկուան եւ ոչ էլ նախորդ օրուան։ 45Ահաւասիկ զօրք է դասաւորուել մեր դիմաց։ Ո՛չ ամրոց կայ պատսպարուելու, ո՛չ էլ դաշտ կայ փախուստի համար. մեզ Յորդանան գետն է շրջապատել։ 46Արդ, եկէք կանչենք Տիրոջ անունը, յարձակուենք, գուցէ փրկուենք մեր թշնամիների ձեռքից»։ Այս խօսքն ասաց ու անմիջապէս յարձակուեց Բաքիդէսի վրայ, 47ձեռքը բարձրացրեց, որ հարուածի, բայց սա խոյս տուեց։ 48Յովնաթանն ու նրա հետ եղածները անցան այդ բարձունքից։
ՅԱԿԻՄՈՍԻ ՄԱՀԸ
49Բաքիդէսի զինուորները հարուածեցին, կոտորեցին Յուդայի գնդից հազար մարդ եւ վերադարձան Երուսաղէմ, 50սկսեցին Հրէաստանում ամուր քաղաքներ կառուցել, Երիքովի, Ամաւուսի, Բեթորի, Բեթէլի, Մինաթարոթի եւ Սթեփի բերդերն ամրացրին ամուր պարիսպներով, հզօր դարպասներով ու հաստատուն նիգերով։ 51Նա թշնամութիւնը բորբոքելու համար պահապաններ կանգնեցրեց իսրայէլացիների վրայ, 52ամրացրեց Բեթսոր քաղաքը, Գազերան եւ ամրոցը, այնտեղ տեղաւորեց բազմաթիւ զօրքեր ու շատ մթերք։ 53Նա երկրի իշխանների որդիներին պատանդ վերցրեց եւ նրանց բանտարկեց Երուսաղէմի բերդում։ 54Հարիւր տասը թուականի երկրորդ ամսին Յակիմոսը հրամայեց քանդել ներքին սրբավայրի սրահների պարիսպները. նրանք սկսեցին քանդել այն գործը, որ արել էին մարգարէները։ 55Այդ ժամանակ դիւահարուեց Յակիմոսը. ձախողուեցին նրա գործերը, թուլացաւ նրա երախը, պապանձուեց լեզուն. նա ոչ մի բան չէր կարողանում ասել ու իր տան վերաբերեալ կարգադրութիւններ անել։ 56Այդ ժամանակ Յակիմոսը մեռաւ մեծ տանջանքներով։ 57Երբ Բաքիդէսը տեսաւ, որ Յակիմոսը մեռաւ, վերադարձաւ արքայի մօտ, եւ Հրէաստանը երկու տարի խաղաղ կեանք ունեցաւ։ 58Անօրէնները միտք արեցին ու ասացին. «Ահա Յովնաթանն ու նրա մօտ գտնուողները ապրում են խաղաղ ու անհոգ։ Եկէք բերենք Բաքիդէսին, որ սա մի գիշերուայ մէջ բռնի բոլորին»։ 59Գնացին ու իրենց մտածածն ասացին նրան։
ԲԱՔԻԴԷՍԻ ԱՆՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ
ԵՒ ՄԵԿՆՈՒՄԸ ՀՐԷԱՍՏԱՆԻՑ
60Նա բազմաթիւ զօրքերով արագ ճանապարհ ընկաւ, գաղտնի հրովարտակ ուղարկեց Հրէաստանում գտնուող իր համախոհներին, որ բռնեն Յովնաթանին ու նրա հետ գտնուողներին, բայց սրանք դա անել չկարողացան, քանի որ դաւի գաղտնիքը բացայայտուել էր։ 61Նրանք բռնեցին երկրի չար առաջնորդներից մի յիսուն հոգու եւ խողխողեցին։ 62Յովնաթանը, Շմաւոնն ու նրանց հետ եղող մարդիկ խոյս տուեցին դէպի Բեթբէս, որ անապատում էր, նրա քանդուած պատերը վերանորոգեցին ու ամրացրին։ 63Երբ Բաքիդէսը տեսաւ դա, զօրք հաւաքեց, եկաւ պաշարեց այն։ 64Բեթբէսի շրջակայքում մարտ մղեց, կռիւ արեց բազմաթիւ օրեր, դրա շուրջը մեքենաներ կանգնեցրեց։ 65Յովնաթանն իր Շմաւոն եղբօրը թողեց քաղաքում, իսկ ինքն եկաւ այդ գաւառը։ 66Եկաւ Արթամ, սպանեց Օդոմերային, նրա եղբայրներին ու Փասիրոնի որդիներին իրենց վրանում։ Դրանից յետոյ սկսեց կոտորել զինուորներին։ 67Շմաւոնն ու նրա հետ եղող մարդիկ ելան քաղաքից, հրկիզեցին մեքենաները, 68պատերազմեցին Բաքիդէսի դէմ եւ պարտութեան մատնեցին նրան, որովհետեւ նրա մտադրութիւնն ու նրա արշաւանքն իզուր էին։ 69Սա բարկացաւ այն անօրէն մարդկանց վրայ, ովքեր իրեն խորհուրդ էին տուել արշաւել նրա երկիրը։ Բաքիդէսը նրանցից շատերին սպանեց ու որոշեց վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել էր։ 70Երբ Յովնաթանն իմացաւ այդ, բանագնացներ ուղարկեց նրա յետեւից, որ նրա հետ խօսեն խաղաղութիւն հաստատելու մասին, դաշինք կնքեն, եւ նա վերադարձնի բոլոր գերիներին։ 71Նա համաձայնեց եւ արեց այնպէս, ինչպէս Յովնաթանը խօսել էր իր հետ։ Նա երդուեց, որ, քանի կենդանի է ինքը, այլեւս չարիք չի հասցնի նրանց։ 72Նա վերադարձրեց այն գերիներին, որ վերցրել էր նախկինում Հրէաստանից, իսկ ինքը գնաց իր երկիրն ու այլեւս չարշաւեց նրանց սահմանների վրայ։ 73Կռիւները դադարեցին Իսրայէլում։ Յովնաթանը բնակուեց Մաքմասում, սկսեց դատել իր ժողովրդին ու անօրէններին կոտորել Իսրայէլում։
Էջմիածին · HYEJB1994