Ա Պետրոս

1

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ

1Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, 2ընտրեալներիդ՝ ըստ Աստծու կանխագիտութեան, Հոգու սրբագործումով՝ հնազանդուելու համար Յիսուս Քրիստոսին եւ սրբագործուելու նրա արեան հեղումով. Շնորհը եւ խաղաղութիւնը թող շատանան ձեր վրայ։

ԳՈՀՈՒԹԻՒՆ՝ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՅՈՅՍԻ ՀԱՄԱՐ

3Օրհնեա՜լ է եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. 4ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, 5ձեզ, որ Աստծու զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում։ 6Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլ եւ այլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, 7որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, 8որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ 9ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը։

10Այդ փրկութեան համար է, որ փնտռտուքներ կատարեցին եւ քննեցին մարգարէները, որոնք մարգարէանում էին այն շնորհի մասին, որ վիճակուած էր ձեզ։ 11Քննում էին, թէ ո՛ր եւ ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մէջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից յետոյ՝ նրա փառքի մասին։ 12Աստուած նրանց յայտնեց նաեւ, որ ոչ թէ իրենց համար, այլ մեզ համար էին տրուած այդ պատգամները, որոնք այժմ պատմուեցին ձեզ նրանց միջոցով եւ աւետարանուեցին Սուրբ Հոգով, որն ուղարկուեց երկնքից. Մի բան, որ կը ցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել։

ԿՈՉ՝ ՍՐԲՈՒԹԵԱՄԲ ԱՊՐԵԼՈՒ

13Ուստի, գօտեպնդելով ձեր միտքը, զգաստ, կատարեալ յոյսով սպասեցէ՛ք Յիսուս Քրիստոսի յայտնութեան ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։ 14Իբրեւ հնազանդ որդիներ, մի՛ կերպարանուէք նախկին, ձեր անգիտութեան ժամանակուայ ցանկութիւններով. 15այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կեանքով սո՛ւրբ եղէք. 16քանի որ գրուած է.

17Եւ եթէ Հայր էք կոչում նրան, որ առանց աչառութեան դատում է իւրաքանչիւրին ըստ գործերի, ապա երկիւղո՛վ ապրեցէք այս աշխարհում ձեր պանդխտութեան ժամանակ։ 18Իմացէ՛ք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, 19այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպէս մի գառ. 20նա, որ նախասահմանուած էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երեւաց ժամանակների վախճանին ձեզ համար, ձեզ, 21որ նրա միջոցով հաւատացիք Աստծուն, որը յարութիւն տուեց նրան մեռելներից եւ փառաւորեց, որպէսզի ձեր հաւատը եւ յոյսը լինեն Աստծու վրայ։

22Արդ, մաքրեցէ՛ք դուք ձեզ՝ հնազանդուելով ճշմարտութեանը, առանց կեղծաւորութիւն խառնելու եղբայրասիրութեան մէջ՝ մաքուր սրտով ջերմօրէն սիրելով միմեանց։ 23Վերածնուեցէ՛ք ոչ թէ ապականութեան ենթակայ սերմից, այլ՝ անապականից՝ Աստծու կենդանի եւ մշտնջենական խօսքով. 24քանզի՝ «Ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափւում,

25բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»։ Այսինքն՝ այն խօսքը, որ աւետարանուեց ձեզ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն