Ա Պետրոս
2
ԿԵՆԴԱՆԻ ՎԷՄԸ ԵՒ ՍՈՒՐԲ ԱԶԳԸ
1Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, 2որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, 3քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը։
4Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է։ 5Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. 6քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»։
7Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «Այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար»։
8Ինչպէս նաեւ՝ «Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին։ 9Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին։ 10Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք։
ԱՊՐԵԼ ՈՐՊԷՍ ԱՍՏԾՈՒ ԾԱՌԱՆԵՐ
11Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնաւոր ցանկութիւններից, որոնք պայքարում են հոգու դէմ, 12եւ ցոյց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը։
ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ
13Ի սէր Տիրոջ հնազա՛նդ եղէք մարդկային ամէն իշխանութեան՝ թէ՛ թագաւորին, որպէս գերագոյն հեղինակութիւն ունեցող մէկի, 14թէ՛ կառավարիչներին, որպէս նրանից ուղարկուածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրէնքը պահողներին՝ գովում. 15որովհետեւ Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտութիւնը։ 16Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք, այլ ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ։ 17Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին։
ՔՐԻՍՏՈՍԻ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԸ
18Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազա՛նդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին, 19քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. 20քանզի ի՞նչ երախտիք կ’ունենաք, եթէ, մեղանչելուց յետոյ, տանջուէք եւ համբերէք։ Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծու մօտ. 21որովհետեւ այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. 22նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ. 23նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ դատողին. 24նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք։ 25Մոլորեալ ոչխարների պէս էիք, իսկ այժմ դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։