Ա Պետրոս
3
ԿԱՆԱՅՔ ԵՒ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ
1Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ 2նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ։ 3Թող ձեր արտաքի՛նը զարդարուած չլինի հիւսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, 4այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբ, ինչ որ շատ աւելի արժէք է ներկայացնում Աստծու առաջ. 5մի ժամանակ այսպէ՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծու վրայ յոյս դրած կանայք, որոնք հնազանդւում էին իրենց մարդկանց. 6այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տէրն էր կոչում. եւ դուք նրա զաւակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ո՛չ մի բանից։
7Նոյնպէս եւ տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց, իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքներին արգելք եղող բաներ չլինեն։
ՉԱՐՉԱՐԱՆՔ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
8Եւ, ամենագլխաւորը, եղէ՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ. 9չարի փոխարէն չար մի՛ հատուցէ՛ք, կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցէ՛ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը. 10արդարեւ՝ «Ով ուզում է կեանքը սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց եւ իր շրթունքները՝ նենգութիւն խօսելուց.
11թող յետ քաշուի չարից եւ բարին անի, թող խաղաղութիւն փնտռի եւ գնայ նրա յետեւից,
12որովհետեւ Տիրոջ աչքը արդարների վրայ է, եւ նրա ականջները բաց՝ նրանց աղօթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դէմ է»։
13Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթէ դուք նախանձախնդիր լինէք բարուն։ 14Իսկ եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ։ Բայց նրանց երկիւղից մի՛ վախեցէք եւ մի՛ խռովուէք, 15այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը։ 16Մաքուր խղճմտանք ունեցէ՛ք, որպէսզի այն բանով, որ չարախօսում են ձեր մասին, ամօթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս. 17որովհետեւ աւելի լաւ է բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։
ՔՐԻՍՏՈՍԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ
18Արդարեւ, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէպէտեւ մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, 19որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, 20որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում։ Այդ օրերին քչեր, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից։ 21Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստուած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով։ 22Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է։ Եւ նրան հնազանդւում են հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները։
Էջմիածին · HYEJB1994