Ա Պետրոս

4

ՓՐԿՈՒԱԾ ԿԵԱՆՔԵՐ

1Քանի որ Քրիստոս մարմնով չարչարուեց մեզ համար, դուք եւս զինուեցէ՛ք նոյն մտքով. որովհետեւ, ով մարմնով չարչարւում է, դադարում է մեղանչելուց, 2որպէսզի մարմնի մէջ մնացած ժամանակ այլեւս ոչ թէ ըստ մարդկային ցանկութիւնների, այլ ըստ Աստծու կամքի ապրի. 3քանզի բաւական է մեզ կեանքի անցած ժամանակը, երբ ընթացանք հեթանոսների կամքի համաձայն՝ զեխութիւններով, յոռի ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով, հարբեցողութիւններով, անօրէն կռապաշտութիւններով։ 4Եւ նրանք տարօրինակ են գտնում, որ դուք չէք ընթանում նոյն անկարգ զեխութեամբ. եւ հայհոյում են ձեզ։ 5Նրանք հաշիւ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին եւ մեռածներին. 6քանի որ սրա համար իսկ քարոզուեց Աւետարանը նաե՛ւ մեռելներին, որպէսզի մարդկանց նման դատուեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով Աստծու նման։

ԱՍՏԾՈՒ ՇՆՈՐՀՆԵՐԻ ԲԱՐԻ ՏՆՏԵՍՆԵՐԸ

7Ամէն ինչի վախճանը մօտեցել է։ Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար։ 8Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէ՛ր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը։ 9Հիւրասէ՛ր եղէք միմեանց հանդէպ առանց տրտնջալու։ 10Իւրաքանչիւր ոք ինչպիսի որ ընդունել է, ուրիշի հանդէպ թող նոյնը մատակարարի որպէս տնտես Աստծու պէսպէս շնորհների։ 11Եթէ մէկը խօսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթէ մէկը մատակարարի, թող այդ լինի այն զօրութիւնից, որն շնորհում է, որպէսզի ամէն ինչում Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

ՉԱՐՉԱՐՈՒԵԼ ԻԲՐԵՒ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ

12Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ։ 13Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք։ 14Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի՜ էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծու Հոգին է հանգչում ձեր վրայ։ 15Ձեզնից ոչ ոք թող չտանջուի որպէս մարդասպան կամ որպէս գող կամ որպէս չարագործ կամ որպէս ուրիշի գործին խառնուող. 16իսկ եթէ տանջւում է որպէս քրիստոնեայ, թող չամաչի, այլ փառաւորի Աստծուն այդ անուամբ, 17քանի որ ժամանակն է, որ սկսուի դատաստանը Աստծու տնից. որովհետեւ, եթէ այն նախ մեզնից սկսուի, ապա ի՞նչ վախճան կը լինի նրանց, ովքեր չհնազանդուեցին Աստծու Աւետարանին։ 18 19Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծու կամքի, բարեգործութիւն անելով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին։

Էջմիածին · HYEJB1994