Առաջին Թագավորաց գիրք

10

ՍԱՄՈՒԷԼԸ ՍԱՒՈՒՂԻՆ ՕԾՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐ

1Սամուէլն առաւ իւղի սրուակն ու թափեց նրա գլխին։ Նա համբուրեց նրան եւ ասաց. «Մի՞թէ Տէրը չէ, որ քեզ օծեց իր ժառանգութեան, իր իսրայէլացի ժողովրդի վրայ։ Դու կ’իշխես Տիրոջ ժողովրդի վրայ եւ կը փրկես նրան իր շուրջը գտնուող թշնամիների ձեռքից։ 2Եւ թող այս նշան լինի, թէ Տէրն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց յետոյ երկու մարդ պիտի գտնես Ռաքէլի գերեզմանի մօտ, Բենիամինի լերան վրայ, որոնք արագավազ պիտի գան ու պիտի ասեն քեզ. “Գտնուեցին այն աւանակները, որ փնտռելու էիր գնում, իսկ հայրդ, աւանակների հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. “Ի՞նչ անեմ իմ որդու համար”։ 3Երբ այնտեղից կը գնաս եւ կը հասնես մինչեւ Դեբորայի կաղնին, այնտեղ երեք մարդու կը հանդիպես, որոնք Աստծու մօտ՝ են գնում։ Մէկը երեք ուլ է տանում, միւսը՝ երեք աման , իսկ երրորդը՝ մի տիկ ։ 4Քո առողջութիւնը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կը նուիրեն, եւ դու կ’առնես նրանց ձեռքից։ 5Ապա կը հասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կայ։ Երբ մտնես, կը հանդիպես Բամայից դուրս եկող մարգարէների խմբին, որոնց առաջ կան սրինգ, թմբուկ, փող ու քնար նուագողներ, իսկ իրենք մարգարէութիւն են անում։ 6Քո Տիրոջ հոգին կը շարժուի քեզ վրայ, դու էլ մարգարէութիւն կ’անես նրանց հետ եւ ուրիշ մարդ կը դառնաս։ 7Երբ այս նշանները քեզ վրայ կատարուեն, ինչ որ ձեռքիցդ գայ, բոլորն էլ արա՛, քանզի քեզ հետ է։ 8Ինձանից առաջ Գաղգաղա պէտք է իջնես։ Այնտեղ ես կը գամ քեզ մօտ, որպէսզի ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցեմ։ Եօթը օր կը սպասես, մինչեւ որ գամ քեզ մօտ եւ հաղորդեմ քեզ, թէ ինչ ես անելուե։ 9Երբ նա շուռ եկաւ, որ գնայ Սամուէլի մօտից, Աստուած նրան ուրիշ սիրտ տուեց, եւ նոյն օրը այդ բոլոր նշանները կատարուեցին։ 10Երբ նա մօտեցաւ բլրին, մարգարէների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրայ Աստծու հոգին շարժուեց, եւ նա նրանց մէջ մարգարէութիւն արեց։ 11Երբ նախկինում նրան տեսնողները բոլորն էլ ճանաչեցին իրեն, թէ ինչպէս նա մարգարէների մէջ մարգարէութիւն է անում, մէկը միւսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թէ Սաւուղը եւս մարգարէների մէջ է»։ 12Նրանցից մէկը պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթէ ոչ՝ Կիսը»։ Այս առթիւ ասացուածք ստեղծուեց, թէ՝ «Սաւո՞ւղն էլ մարգարէների մէջ է»։ 13Մարգարէութիւն անելը վերջացնելուց յետոյ նա բարձրացաւ բլուրը։ 14Սաւուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»։ Նրանք պատասխանեցին. «Աւանակները փնտռելու։ Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուէլի մօտ»։ 15Ազգականն ասաց Սաւուղին. «Պատմի՛ր ինձ, Սամուէլը քեզ ի՞նչ ասաց»։ 16Սաւուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ յայտնեց, որ աւանակները գտնուել են»։ Նա, սակայն, թագաւորութեան մասին Սամուէլի ասածները նրան չյայտնեց։

17Սամուէլը ամբողջ ժողովրդին հաւաքելով Տիրոջ առաջ, Մասեփաթում, իսրայէլացիներին ասաց. 18«Այսպէս խօսեց Իսրայէլի Տէր Աստուածը եւ ասաց. “Ես եմ, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքայ փարաւոնի ու ձեզ ճնշող բոլոր թագաւորների ձեռքից, 19բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկել է ձեր շուրջը գտնուող ու ձեզ նեղութիւն պատճառող ժողովուրդներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպէս չէ, մեզ վրայ թագաւո՛ր կարգիր”։ Արդ, կանգնեցէ՛ք Տիրոջ առջեւ ըստ ձեր իշխանութիւնների, ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր հազարեակներիե։ 20Սամուէլն Իսրայէլի բոլոր ցեղերին իրար մօտ բերեց, եւ վիճակն ընկաւ Բենիամինի ցեղին։ 21Նա մօտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, եւ վիճակն ընկաւ Մատտարիի ազգատոհմին։ Նա մօտ բերեց Մատտարիի ազգատոհմին, եւ վիճակն ընկաւ Կիսի որդի Սաւուղին։ 22Նա փնտռեց նրան, բայց չգտաւ։ Սամուէլը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդեօ՞ք այդ մարդն էլի այստեղ կը գայ»։ Տէրն ասաց. «Ահաւասիկ նա թաքնուած է կարասիների միջեւ»։ 23Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մէջ։ Բոլոր մարդիկ Սաւուղից մի գլխով ցածր էին։ 24Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկայ»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցէ՛ արքան»։ 25Սամուէլը ժողովրդին յայտնեց թագաւորի իրաւունքները, գրեց մատեանում եւ դրեց Տիրոջ առաջ։ Սամուէլն արձակեց ամբողջ ժողովրդին, եւ ամէն մարդ գնաց իր տեղը։ 26Սաւուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զօրեղ մարդիկ, որոնց սրտերը Տէրը դրդել էր, որ լինեն Սաւուղի հետ։ 27Բայց կային նաեւ չար մարդիկ, որոնք ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եւ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն