Առաջին Թագավորաց գիրք

13

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ

1Սաւուղը Իսրայէլում մէկ տարի թագաւորելուց յետոյ յաջորդ՝ երկրորդ տարում իսրայէլացիներից երեք հազարանոց զօրք հաւաքեց։ 2Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում։ Մնացած զինուորներին նա արձակեց, որ ամէն մէկը գնայ իր բնակութեան վայրը։

3Յովնաթանը կոտորեց բլրի վրայ բնակուող այլազգի Նասիբին, եւ այլազգիներն այդ իմացան։ Սաւուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում եւ ասաց. «Ծառաներն արհամարհեցին մեզ»։ 4Բոլոր իսրայէլացիները լսելով այդ՝ ասացին. «Սաւուղը կոտորել է այլազգի Նասիբին, եւ Իսրայէլն ատելի է դարձել այլազգիներին»։ Եւ ժողովուրդը Սաւուղի յետեւից գնաց Գաղգաղա։

5Այլազգիները եւս հաւաքուեցին պատերազմելու Իսրայէլի դէմ եւ յարձակուեցին Իսրայէլի վրայ երեսուն հազար մարտակառքերով ու վեց հազար հեծեալներով, իսկ զօրքն իր բազմութեամբ նման էր ծովեզրի աւազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում, Բեթորոնի դիմաց, դէպի հարաւ։ 6Իսրայէլացիները տեսնելով որ իրենց տեղը նեղ է, եւ չեն կարող մօտենալ նրանց, թաքնուեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում, 7իսկ ոմանք անցան Յորդանան գետն ու գնացին Գադի եւ Գաղաադի երկիրը։ Սաւուղը դեռ Գաղգաղայում էր, եւ ամբողջ ժողովուրդը դողում էր ։

8Նա եօթը օր սպասեց, ինչպէս նշանակել էր Սամուէլը, սակայն Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ մարդիկ սկսեցին նրան լքել։ 9Սաւուղն ասաց. «Մօ՛տ եկէք, որ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեմ»։ 10Եւ ինքը ողջակէզ մատուցեց։ Երբ ողջակէզ մատուցելը վերջացրեց, եկաւ Սամուէլը։ Սաւուղն ընդառաջ գնաց նրան դիմաւորելու եւ ողջունելու։ 11Սամուէլն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սաւուղն ասաց. «Երբ տեսայ, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, եւ դու չեկար քո նշանակած օրը, 12իսկ այլազգիները հաւաքուեցին Մաքմասում, մտածեցի, թէ այլազգիները հիմա կը գան իմ դէմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջեւ դեռ չէի աղերսել, դրա համար էլ համարձակուեցի եւ ողջակէզ մատուցեցի»։ 13Սամուէլն ասաց Սաւուղին. «Զուր տեղ ես արել, քանի որ չես պահել իմ պատուիրանը, որ Տէրն էր պատուիրել։ Տէրը քեզ Իսրայէլի վրայ ցմահ թագաւոր պիտի դարձնէր, 14բայց հիմա քո թագաւորութիւնը այլեւս չի շարունակուելու։ Տէրն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտռի, որ նրան դարձնի իր ժողովրդի վրայ պատուիրանով, քանզի դու չկատարեցիր այն, ինչ Տէրը պատուիրել էր քեզ»։

15Սամուէլը վեր կացաւ եւ Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զօրքը միացաւ Սաւուղին, որ դիմադրի իրենց վրայ յարձակուող զինուորներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սաւուղը հաշուեց իր հետ գտնուող զինուորներին եւ տեսաւ, որ ինքն ունի մօտաւորապէս վեց հարիւր զինուոր։ 16Սաւուղը, նրա որդի Յովնաթանն ու նրա հետ եղած զօրքը հաստատուեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները բանակել էին Մաքմասում։

17Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ աւերածութիւն գործեն։ Մի գունդը դիմեց դէպի Օփիր տանող ճանապարհը, դէպի Սոգողի աղբիւրը, 18միւս գունդը՝ դէպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դէպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։

19Ամբողջ Իսրայէլի երկրում մի դարբին չգտնուեց, քանզի այլազգիներն ասել էին. «Այնպէս անենք, որ եբրայեցիները սուր կամ չշինեն»։ 20Բոլոր իսրայէլացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը եւ մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը։ 21Այգեկութի ժամանակ էր, եւ ամէն մի գործիքի արժէքը երեք սիկղ էր։ Խոփի, կացնի եւ մանգաղի գինը նոյնն էր։ 22Այնպէս պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ գեղարդ չկար։ Զէնք կար միայն Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի մօտ։

23Այլազգիների բանակից մի գունդ եկաւ, որ անցնի Մաքմասից այն կողմ, իսկ իր հօր համար վեր չհանեց։

Էջմիածին · HYEJB1994