Առաջին Թագավորաց գիրք

16

ՏԷՐԸ ԴԱՒԹԻՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՈՐՊԷՍ ՆՈՐ ԹԱԳԱՒՈՐ

1Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ , Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրել»։ 2Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ։ Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»։ Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել։ 3Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ’ասեմ։ Դու կ’օծես նրա՛ն, որին քեզ կ’ասեմ»։

4Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանող»։ 5Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել։ Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»։ Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց։ 6Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»։ 7Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին»։ 8Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից։ Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»։ 9Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»։ 10Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին. 11«Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»։ Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնում»։ Սամուէլն ասաց Յեսսէին. «Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայ»։ 12Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան։ Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ գեղանի տեսքով։ 13Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»։ Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան։ Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ։ Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ։

ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ՊԱԼԱՏՈՒՄ

14Տիրոջ հոգին վերացաւ Սաւուղից, եւ Տիրոջ կողմից առաքուած մի չար նեղում էր նրան։ 15Ծառաներն ասացին նրան. «Ահա Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի խեղդում է քեզ։ 16Թող քո առաջ կանգնած ծառաներդ խօսեն եւ խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ գիտի նուագել, եւ հէնց որ Աստծուց ուղարկուած չար ոգին քեզ վրայ հասնի, նա քնար նուագելով կ’երգի, դա քեզ հաճելի կը լինի եւ կը հանգստացնի քեզ»։ 17Սաւուղն իր ծառաներին ասաց. «Գտէ՛ք մի մարդ, որ լաւ է նուագում, եւ նրան բերէ՛ք ինձ մօտ»։ 18Ծառաներից մէկն ասաց. «Ես տեսել եմ Բեթղեհէմացի Յեսսէի տղային, որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եւ Տէրը նրա հետ է»։ 19Սաւուղը պատգամաւորներ ուղարկելով Յեսսէի մօտ՝ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո որդի Դաւթին՝ քո հօտի պահապանին»։ 20Յեսսէն առաւ մի արդու , մի տիկ ու մի ուլ եւ իր որդի Դաւթի հետ ուղարկեց Սաւուղին։ 21Դաւիթն եկաւ Սաւուղի մօտ ու կանգնեց նրա առջեւ։ Սաւուղը նրան շատ սիրեց, եւ նա նրա կապարճակիրը դարձաւ։ 22Սաւուղը Յեսսէին լուր ուղարկեց՝ ասելով. «Դաւիթը թող ինձ մօտ մնայ, քանզի իմ առաջ նա գտաւ»։ 23Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին։ Սաւուղը հանգստանում էր, եւ չար ոգին նրանից հեռանում էր։

Էջմիածին · HYEJB1994