Առաջին Թագավորաց գիրք

17

ԴԱՒԻԹԸ ԵՒ ԳՈՂԻԱԹԸ

1Այլազգիներն իրենց զօրքը հաւաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հաւաքուեցին Հրէաստանի Սոկքով վայրում եւ բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջեւ։ 2Սաւուղն ու իսրայէլացիները նոյնպէս համախմբուեցին հովիտներում եւ պատերազմի ճակատ կազմեցին այլազգիների դէմ։ 3Այլազգիները լերան այն կողմում էին, իսկ իսրայէլացիները լերան այս կողմում էին. նրանց միջեւ հովիտ կար։ 4Այլազգիների ճակատից գէթցի մի զօրեղ մարդ դուրս եկաւ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրութիւնը վեց կանգուն եւ մէկ թիզ էր, 5գլխին սաղաւարտ կար, հագել էր պղնձից ու երկաթից լանջապանակ, մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ ։ 6Նրա ազդրերին պղնձէ սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձէ վահան։ 7Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթէ տէգը վեց հարիւր սիկղ էր ։ Նրա զինակիրն իր առջեւից էր ընթանում։ 8Նա եկաւ կանգնեց, ձայն տուեց իսրայէլացիների բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ էք մեր դէմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սաւուղի ստրուկներ։ Ձեր միջից ընտրեցէ՛ք մի մարդ, որ իմ դէմ ելնի։ 9Եթէ նա կարողանայ կռուել իմ դէմ եւ ինձ սպանել, մենք ձեզ ծառայ կը լինենք, իսկ եթէ ես յաղթեմ ու սպանեմ նրան, դո՛ւք մեզ ծառայ կը լինէք ու մեզ կը ծառայէք»։ 10Այլազգին աւելացրեց. «Ահաւասիկ ես այսօր Իսրայէլի զօրքը խայտառակելու եմ։ Մի մարդ տուէ՛ք, եւ ես ու նա երկուսով մենամարտենք»։ 11Երբ Սաւուղն ու բոլոր իսրայէլացիները լսեցին այլազգու խօսքերը, ահաբեկուեցին, շատ վախեցան։

ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ԲԱՆԱԿԱՏԵՂԻՈՒՄ

12Յուդայի երկրի քաղաքից եփրաթացի մի մարդ կար, նրա անունը Յեսսէ էր։ Նա մի որդի ունէր։ Յեսսէն ութ որդի ունէր։ Սաւուղի օրօք նա ծերութեան հասած մարդ էր։ 13Յեսսէի երեք աւագ որդիները Սաւուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ եւ երրորդինը՝ Սամաա։ 14Դաւիթը կրտսերն էր, իսկ երեք աւագ որդիները գնացել էին Սաւուղի հետ։ 15Դաւիթը Սաւուղի մօտից վերադարձաւ, որ Բեթղեհէմում գտնուող իր ոչխարներն արածեցնի։

16Այն այլազգին քառասուն օր, առաւօտ կանուխ ու երեկոյեան, գալիս արձանացած կանգնում էր իսրայէլացիների առաջ։

17Յեսսէն ասաց իր որդի Դաւթին. Այս մէկ արդու խարկած ցորենը եւ տասը նկանակը ա՛ռ ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին։ Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ 18Նաեւ իմացի՛ր, թէ եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, եւ հարցրո՛ւ, թէ որեւէ բանի պէտք ունե՞նե։ 19Սաւուղը եւ բոլոր իսրայէլացիները Կաղնու հովտում էին հաւաքուել, որ այլազգիների դէմ պատերազմեն։

20Դաւիթը վաղ առաւօտեան վեր կացաւ եւ ոչխարներին թողնելով հովիւներին՝ այդ բաներն առաւ ու գնաց, ինչպէս Յեսսէն էր հրամայել իրեն։ Երբ հասաւ տափարակ տեղը, զօրքերն արդէն շարուել էին՝ ճակատ կազմելու եւ պատերազմի աղաղակներ էին արձակում։ 21Իսրայէլացիները եւ այլազգիները միմեանց դէմ էին կանգնել ճակատ առ ճակատ։ 22Դաւիթն իր բերածները յանձնեց բանակի մթերապահին եւ վազեց դէպի զօրքը ու հետաքրքրուեց իր եղբայրների առողջութեամբ։ 23Մինչ նա խօսում էր, այլազգիների ճակատից դուրս եկաւ յամինացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ։ Նա գէթացի էր։ Նա կրկնեց նոյն խօսքերը, եւ Դաւիթը լսեց դրանք։ 24Բոլոր իսրայէլացիներն այդ մարդուն տեսնելով՝ նրա առաջից փախան եւ սաստիկ վախեցան։ 25Իսրայէլացիներն ասացին. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայէլին խայտառակելու է դուրս եկել։ Ով որ սպանի նրան, արքան մեծ հարստութեամբ կը լիացնի նրան, իր աղջկան նրան կնութեան կը տայ եւ նրա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ կը դարձնի»։ 26Դաւիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կ’անեն այն մարդուն, որ այլազգուն կը սպանի եւ Իսրայէլի նախատինքը կը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զօրքին վիրաւորանք է հասցնում»։ 27Եւ ժողովուրդը նոյն խօսքերը կրկնելով՝ նրան ասաց. «Այսպէս ու այսպէս կը լինի այն մարդը, որ կը սպանի նրան»։

28Երբ նրա աւագ Եղիաբը լսեց նրա զրոյցը այդ մարդկանց հետ, Դաւթի վրայ խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես յանձնել այն փոքրաթիւ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտութիւնը եւ սրտի չարութիւնը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։ 29Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»։ 30Եւ նրանից հեռանալով՝ նոյն հարցը տուեց, եւ մարդիկ նոյն խօսքերով պատասխան տուեցին։

31Դաւթի խօսակցութիւնը յայտնի դարձաւ, եւ երբ այդ մասին պատմեցին Սաւուղին, նա նրան կանչել տուեց իր մօտ։ 32Դաւիթն ասաց Սաւուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրուի։ 33Քո ծառան կը գնայ ու կը մենամարտի այդ այլազգու դէմ»։ Սաւուղն ասաց Դաւթին. «Գուցէ չկարողանաս գնալ կռուել այլազգու դէմ, քանզի պատանի ես, իսկ նա մանկութիւնից ի վեր պատերազմող մարդ է եղել»։ 34Դաւիթն ասաց Սաւուղին. «Քո ծառան իր հօր ոչխարներն էր արածեցնում, եւ երբ առիւծ կամ արջ էր գալիս եւ հօտից ոչխար էր տանում, 35ես նրան հետապնդում էի, զարկում եւ կորզում ոչխարը նրա երախից։ Իսկ եթէ ինձ վրայ էր յարձակւում, բռնում էի նրա կոկորդից, հարուածում ու սպանում նրան։ 36Քո ծառան առիւծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նոյն կերպ կը վարուեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան եւ այսօր եւեթ վերացնեմ Իսրայէլի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զօրքն է նախատելե։ 37Դաւիթն ասաց. «Եթէ Տէր ինձ փրկել է առիւծի ու արջի ճանկերից, ինձ կը փրկի նաեւ այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ 38Սաւուղն ասաց. «Գնա՛, Տէրը քեզ հետ թող լինի»։ Սաւուղը Դաւթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձէ սաղաւարտը եւ հագցրեց իր զրահները։ 39Դաւիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից եւ գնալ-գալիս մէկ երկու անգամ սայթաքեց։ Դաւիթը Սաւուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետեւ սովոր չեմ». եւ զրահը հանեցին նրա վրայից։

ԴԱՒԻԹԸ ՅԱՂԹՈՒՄ Է ԳՈՂԻԱԹԻՆ

40Նա ձեռքն առաւ ցուպը եւ հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովուական տոպրակի մէջ, որի մէջ սովոր էր քարեր հաւաքել։ Նա պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դէպի այլազգին։ 41Այլազգին նոյնպէս եկաւ ու մօտեցաւ Դաւթին։ 42Նրա վահանակիրն իր առջեւից էր գնում։ Երբ այլազգին նայեց ու տեսաւ Դաւթին, արհամարհեց նրան, քանզի նա խարտեաշ ու գեղեցիկ աչքերով մի պատանեակ էր։ 43Այլազգին ասաց Դաւթին. «Ինչպէ՞ս թէ, մի՞թէ ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրայ»։ Դաւիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եւ այլազգին իր աստուածներով նզովելով Դաւթին՝ ասաց նրան. 44«Ե՛կ ինձ մօտ, եւ ես քո մարմինը կը տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։ 45Դաւիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրայ ես յարձակւում սրով, գեղարդով եւ վահանով, իսկ ես քեզ վրայ եմ յարձակւում Իսրայէլի զօրքի զօրութիւնների Տիրոջ անունով, Իսրայէլի, որին դու այսօր նախատեցիր։ 46Տէրը քեզ այսօր իմ ձեռքը կը մատնի, ես կը սպանեմ քեզ, քո գլուխը կը կտրեմ, քո լէշն ու այլազգիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կը տամ։ Ամբողջ երկիրը կ’իմանայ, թէ Աստուած գոյութիւն ունի Իսրայէլի մէջ, 47այս ամբողջ բազմութիւնը կ’իմանայ, թէ Տէրը սրով ու գեղարդով չէ, որ փրկում է, քանզի սա Տիրոջ պատերազմն է, եւ Տէրը ձեզ մեր ձեռքը պիտի մատնիե։

48Վեր կացաւ այլազգին ու եկաւ մօտեցաւ Դաւթին, իսկ Դաւիթն շտապեց եւ այլազգու դէմ ճակատելու գնաց։ 49Դաւիթը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ, այնտեղից մի քար առաւ ու այն պարսատիկով նետելով՝ հարուածեց այլազգու ճակատին։ Քարը սաղաւարտը ծակելով մտաւ ճակատի մէջ, եւ Գողիաթը երեսնիվայր գետին ընկաւ։ 50Այսպիսով Դաւիթը պարսատիկով ու քարով յաղթեց այլազգուն, հարուածեց ու սպանեց նրան։ 51Դաւթի ձեռքին, սակայն, սուր չկար, ուստի Դաւիթը վազեց, կանգնեց այլազգու վրայ, բռնեց նրա սուրը, բռնելով քաշեց հանեց պատեանից, սպանեց ու գլխատեց նրան։ 52Երբ այլազգիները տեսան, թէ իրենց հզօր մարդը մեռաւ, փախան։ Իսրայէլացիների ու Յուդայի երկրի մարդիկ վեր կենալով՝ աղաղակեցին, յարձակուեցին ու հետապնդեցին նրանց մինչեւ Գէթի մուտքը եւ Ակկարոնի դարպասները։ Վիրաւոր այլազգիներն ընկան ճանապարհների վրայ մինչեւ Գէթի ու Ակկարոնի դարպասները։ 53Իսրայէլացիները այլազգիներին հալածելուց յետոյ վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին։ 54Դաւիթը վերցրեց այլազգու գլուխը եւ այն բերեց , իսկ նրա զէնքերը բերեց իր վրանը։

ԴԱՒԻԹԸ ՍԱՒՈՒՂԻ ԱՌԱՋ

55Երբ Սաւուղը տեսաւ այլազգու դէմ յարձակուած Դաւթին, ասաց զօրքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանեակը»։ 56Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛յ, չգիտեմ»։ Արքան ասաց. «Հարցրո՛ւ եւ իմացի՛ր, թէ ո՞ւմ որդին է այդ պատանեակը»։ 57Երբ Դաւիթը վերադարձաւ այլազգուն սպանելուց յետոյ, Աբենները նրան տարաւ Սաւուղի մօտ։ Այլազգու գլուխը Դաւթի ձեռքին էր։ 58Սաւուղը հարցրեց նրան. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»։ Դաւիթն ասաց. «Քո ծառայ Յեսսէ Բեթղեհէմացու որդին եմ»։

Էջմիածին · HYEJB1994