Առաջին Թագավորաց գիրք
20
ՅՈՎՆԱԹԱՆԸ ՕԳՆՈՒՄ Է ԴԱՒԹԻ ՄԵԿՆՈՒՄԻՆ
1Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրից փախաւ եկաւ Յովնաթանի մօտ ու ասաց նրան. «Ի՞նչ եմ արել, ո՞րն է յանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հօր դէմ, որ մտադրուել է ինձ սպանել»։ 2Յովնաթանը նրան ասաց. «Քա՛ւ լիցի, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ յայտնելու, եւ ինչպէ՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։ 3Այդպիսի բան չկայ»։ Պատասխան տուեց Դաւիթը Յովնաթանին՝ ասելով. «Քո հայրը լաւ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, եւ դրա համար էլ կը մտածի, թէ Յովնաթանն այդ մասին թող չիմանայ, թէ չէ դժգոհ կը լինի։ Բայց վկայ է Տէրը, եւ վկայ ես դու, որ, ինչպէս ասացի, ինձ մի քայլ է բաժանում հօրդ նիւթած մահից»։ 4Յովնաթանն ասաց Դաւթին. «Դու ինչ որ կը կամենաս, ես կ’անեմ քեզ համար»։ 5Դաւիթն ասաց Յովնաթանին. «Ահա վաղը նորալուսին է, ես պէտք է արքայի հետ նստէի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչեւ երրորդ օրուայ երեկոն դաշտում թաքնուեմ։ 6Եթէ հայրդ իմ մասին հարցնի, կ’ասես, թէ՝ “Դաւիթն իր քաղաքը՝ Բեթղեհէմ գնալու արտօնութիւն խնդրեց ինձանից, քանզի այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերութեան օրն է”։ 7Եթէ ասի՝ “Լաւ է”, ապա քո ծառայի համար խաղաղութիւն է, իսկ եթէ խիստ պատասխան տայ, իմացի՛ր, որ նա չար գործ է նիւթել։ 8Դու ողորմի՛ր քո ծառային, քանզի ինձ հետ Տիրոջն ուխտ ես դրել, եւ եթէ քո ծառան որեւէ յանցանք ունի, դու ինքդ սպանի՛ր ինձ. ինչո՞ւ անպայման ինձ յանձնես քո հօր ձեռքըե։ 9Յովնաթանն ասաց. «Քա՛ւ լիցի։ Եթէ ես իմանամ, որ հայրս քո դէմ չարիք է նիւթել, քո քաղաքում իսկ քեզ կը յայտնեմ»։ 10Դաւիթն ասաց Յովնաթանին. «Ո՞վ պէտք է ինձ յայտնի, թէ քո հայրը խստութեամբ է պատասխանել»։ 11Յովնաթանը Դաւթին ասաց. «Գնա՛ ու սպասի՛ր դաշտում»։ Եւ երկուսով դաշտ գնացին։
12Յովնաթանն ասաց Դաւթին. «Երդւում եմ Իսրայէլի Տէր Աստուծով, որ երբ իմ հօրը երեք անգամ քննելով տեսնեմ, թէ նա արդեօք բարի՞ է Դաւթի նկատմամբ, թէ չար, դաշտ՝ քեզ մօտ մարդ կ’ուղարկեմ։ 13Տէրը Յովնաթանին այսպէս եւ սրանից աւելին թող անի, եթէ չբացայայտեմ հօրս չարութիւնը քո հանդէպ եւ քեզ չյայտնեմ։ Այդ դէպքում քեզ կ’արձակեմ, որ գնաս խաղաղութեամբ, եւ Տէրը քեզ հետ լինի, ինչպէս իմ հօր հետ էր։ 14Իսկ եթէ ես կենդանի մնամ, դու ինձ գթասրտութիւն ցոյց տո՛ւր. 15եթէ մեռնեմ, քո գթասրտութիւնը իմ տնից չկտրես յաւիտեան։ Նոյնիսկ այն ժամանակ, երբ Տէրը Դաւթի թշնամիներին երկրի երեսից ջնջի, 16Յովնաթանի անունը համարում պէտք է ունենայ Դաւթի տանը, եւ Տէրը Դաւթի թշնամիներից պէտք է վրէժ առնիե։
17Յովնաթանը Դաւթին կրկին երդուեցրեց իր սիրով, քանզի նրան իր անձի պէս էր սիրում։ 18Յովնաթանը նրան ասաց. «Վաղը նորալուսին է։ Քեզ պիտի փնտռեն։ Քո տեղը դատարկ տեսնելով՝ քո մասին պիտի հարցնեն։ 19Երեք օր կը մնաս, ապա կը գաս այն վայրը, ուր թաքնուել էիր գործի օրը։ Կը նստես Երգաբ կոչուող քարի մօտ։ 20Ես երեք նետ կ’արձակեմ, իբրեւ թէ նպատակակէտի վրայ, 21ու կ’ուղարկեմ պատանեակին՝ ասելով. “Գնա՛ նետերը գտի՛ր”։ Եթէ ասեմ պատանեակին՝ “Քեզանից այս կողմ է նետը, այս կողմում փնտռի՛ր”, կը գաս. նշանակում է խաղաղութիւն է քեզ համար, եւ ոչ մի վտանգ չկայ, վկայ է Տէրը։ 22Իսկ եթէ ասեմ պատանեակին՝ “Քեզանից այն կողմ է նետը”, գնա՛, քանզի Տէրն է քեզ արձակել։ 23Իմ ու քո ասածների համար Տէրը վկայ է իմ ու քո միջեւ յաւիտեանե։
24Դաւիթը թաքնուեց դաշտում։ Նորալուսին եկաւ, եւ արքան սենեակ մտաւ հաց ուտելու։ 25Արքան, ըստ սովորութեան, նստեց պատի մօտ դրուած աթոռին։ Յովնաթանը վեր կացաւ։ Աբենները նստել էր Սաւուղի մօտ, իսկ Դաւթի տեղը դատարկ էր։ 26Այդ օրը Սաւուղը ոչինչ չասաց, որովհետեւ մտածեց, թէ նրան մի բան է պատահել, երեւի մաքուր չէ կամ չի մաքրուել։ 27Հետեւեալ օրը, նորալուսնի երկրորդ օրն էլ Դաւթի տեղը դատարկ էր։ Սաւուղն ասաց իր որդի Յովնաթանին. «Յեսսէի որդին ինչո՞ւ երէկ եւ այսօր սեղան նստելու չեկաւ»։ 28Յովնաթանը պատասխանեց Սաւուղին. «Նա ինձնից արտօնութիւն խնդրեց ու գնաց իր քաղաքը՝ Բեթղեհէմ։ 29Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, քանզի այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու։ Եղբայրներս ինձ կանչել են, եւ եթէ հիմա քո աչքին շնորհ եմ գտել, գնամ տեսնեմ իմ եղբայրներին”։ Այս պատճառով նա արքայի սեղանին չի եկել»։
30Սաւուղը բարկացաւ Յովնաթանի վրայ եւ ասաց նրան. «Պոռնկորդի՛, մատնի՛չ, միթէ չգիտե՞մ, որ դու դաշնակից ես Յեսսէի որդուն։ Դա ամօթ ու խայտառակութիւն է քեզ համար եւ քո մօր սեռական մերկութեան համար։ 31Ինչքան ժամանակ որ Յեսսէի որդին կենդանի է, քո թագաւորութիւնը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դաւթին բերել տո՛ւր, քանզի նա մահապարտ է»։ 32Յովնաթանը պատասխան տուեց իր հայր Սաւուղին՝ ասելով. «Ինչո՞ւ պէտք է մեռնի, ի՞նչ է արել նա»։ 33Եւ Սաւուղը Յովնաթանի վրայ բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Յովնաթանն իմանալով, որ հայրը Դաւթին սպանելու չար որոշում է կայացրել, խիստ զայրանալով՝ 34սեղանից վեր կացաւ եւ նորալուսնի երկրորդ օրը հաց չկերաւ։ Նա տխրեց Դաւթի համար, քանզի հայրը Դաւթին անարգել էր։
35Առաւօտեան Յովնաթանը դաշտ գնաց, ինչպէս որ պայմանաւորուել էին ինքն ու Դաւիթը։ 36Նրա հետ մի փոքրիկ պատանի կար։ Նա ասաց պատանեակին. «Վազիր գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ»։ Նա նետեր արձակեց, եւ պատանին վազեց, որ դրանք բերի։ 37Երբ պատանեակը գնաց մինչեւ այն տեղը, ուր Յովնաթանը նետեր էր արձակել, 38Յովնաթանը կանչեց պատանեակի յետեւից՝ ասելով. «Նետը քեզնից այն կողմ է»։ Ապա Յովնաթանը պատանեակի յետեւից կանչեց. «Շտա՛պ արի, մի՛ կանգնիր»։ 39Յովնաթանի պատանին նետերը հաւաքեց ու բերեց իր տիրոջը։ Պատանեակը, սակայն, ոչինչ չգիտէր, եւ միայն Յովնաթանն ու Դաւիթը գիտէին այդ բանը։ 40Յովնաթանն իր գործիքները տուեց պատանեակին՝ ասելով նրան. «Գնա մտի՛ր քաղաք»։ 41Տղան գնաց, իսկ Դաւիթն Երգաբ կոչուող քարից դուրս եկաւ, իր երեսի վրայ գետին ընկաւ եւ նրան երեք անգամ երկրպագութիւն արեց։ Նրանք իրար համբուրեցին, եւ ամէն մէկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղաւ։ 42Յովնաթանն ասաց Դաւթին. «Գնա՛ խաղաղութեամբ, ինչպէս որ մենք Տիրոջ անուամբ երդուեցինք՝ ասելով, որ Տէրը յաւիտեան վկայ լինի իմ ու քո միջեւ եւ իմ զաւակի ու քո զաւակի միջեւ»։ 43Դաւիթը վեր կացաւ ու գնաց, իսկ Յովնաթանը մտաւ քաղաք։
Էջմիածին · HYEJB1994