Առաջին Թագավորաց գիրք
22
ԴԱՒԻԹԸ ԶՕՐԱԳԼՈՒԽ
1Դաւիթն այնտեղից գնաց եւ ապաստանեց Օդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հօր ամբողջ տունը լսեցին այդ եւ եկան այնտեղ՝ նրա մօտ։ 2Նրա մօտ հաւաքուեցին բոլոր տառապեալները, բոլոր պարտապաններն ու դժգոհները, եւ նա նրանց առաջնորդը դարձաւ։ Նրա մօտ չորս հարիւրի չափ մարդ հաւաքուեց։
3Այնտեղից Դաւիթը գնաց Մովաբի Մասեփաթ քաղաքը եւ ասաց Մովաբի արքային. «Թող իմ հայրն ու մայրը քեզ մօտ մնան, մինչեւ որ իմանամ, թէ Աստուած ինձ ինչ պիտի անի»։ 4Նա աղաչեց Մովաբի արքային, եւ նրանք նրա մօտ բնակուեցին այնքան ժամանակ, քանի դեռ Դաւիթը քարանձաւում էր։
5Գադ մարգարէն ասաց Դաւթին. «Մի՛ մնա քարանձաւում, այլ վեր կաց գնա՛ Յուդայի երկիրը»։ Դաւիթը գնաց եւ հաստատուեց Սարիթ քաղաքում։
ՆՈՄԲԱՅԻ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ
6Սաւուղն իմացաւ, որ Դաւիթն իր մարդկանցով յայտնուել է։ Սաւուղը Ռամայի ներքին դաշտի բլրին էր նստել։ Գեղարդը նրա ձեռքին էր, եւ բոլոր ծառաները նրա շուրջն էին։ 7Սաւուղը խօսելով իրեն շրջապատող ծառաների հետ՝ ասաց. «Լսեցէ՛ք, Բենիամինի՛ որդիներ, արդեօ՞ք Յեսսէի որդին ձեզ ամենքիդ արտեր, այգեստաններ կը տայ եւ կամ ձեզ ամենքիդ հազարապետներ ու հարիւրապետներ կը դարձնի։ 8Ինչո՞ւ ամէնքդ իմ դէմ միաբանել էք, եւ ինձ յայտնող չկայ, որ իմ որդին դաշինք է կնքել Յեսսէի որդու հետ։ Ձեր մէջ ինձ համար ցաւող չկայ, որ ինձ յայտնէր, թէ իմ որդին իմ դէմ է յարուցել իմ ծառային որպէս թշնամի, ինչպէս այսօր է»։ 9Պատասխան տուեց Դովեկ Ասորին, որը Սաւուղի ջորիներն էր արածեցնում, եւ ասաց. «Ես տեսայ Յեսսէի որդուն, որ եկել էր Նոմբա Աքիտոբի որդի Աքիմելէք քահանայի մօտ։ 10Նա նրա մասին հարցրեց Տիրոջը, նրան պաշար տուեց, ինչպէս նաեւ այլազգի Գողիաթի սուրը»։
11Արքան մարդ ուղարկեց ու կանչել տուեց Աքիտոբի որդի Աքիմելէք քահանային ու նրա հօր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնուող քահանաներին։ Ամէնքն էլ եկան արքայի մօտ։ 12Սաւուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտոբի՛ որդի»։ Սա ասաց. «Լսում եմ, խօսի՛ր, տէ՛ր»։ 13Սաւուղն ասաց նրան. «Ինչո՞ւ դու եւ Յեսսէի որդին միաբանել էք իմ դէմ, դու նրան հաց ու սուր ես տուել, նրա համար Աստծուն խնդրել, նրան ինձ հետ թշնամացրել, ինչպէս այսօր է»։ 14Աքիմելէքը պատասխանեց արքային՝ ասելով. «Քո ծառաների մէջ ո՞վ կայ Դաւթի պէս հաւատարիմ։ Նա քո՝ արքայիդ փեսան է եւ քո բոլոր հրամանները գործադրողը, քո տան մէջ փառաւորը։ 15Մի՞թէ ես այսօր եմ սկսել նրա համար Աստծուն խնդրել։ Քա՛ւ լիցի, որ արքան իր ծառայի վրայ կամ իմ հօր տան վրայ այդպիսի մեղք բարդի, քանզի քո ծառան այդ ամենից շատ կամ քիչ բան չգիտի»։ 16Սաւուղ արքան ասաց. «Դու մահապատժի կ’ենթարկուես, Աքիմելէ՛ք, դու եւ քո հօր ամբողջ տունը»։ 17Արքան ասաց իրեն շրջապատող թիկնապահներին. «Գնացէ՛ք ու Տիրոջ քահանաներին սպանեցէ՛ք, քանզի նրանք հովանաւորում են Դաւթին։ Նրանք գիտէին, որ նա փախչում է, բայց ինձ չյայտնեցին»։ Արքայի ծառաները, սակայն, չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։ 18Արքան ասաց Դովեկին. «Դու գնա՛ ու սպանի՛ր Աստծու քահանաներին»։ Դովեկ Ասորին գնաց ու կոտորեց Տիրոջ քահանաներին։ Այդ օրը երեք հարիւր հինգ մարդ սպանուեց։ 19Բոլորը կտաւից պարեգօտ կրողներ էին։ Քահանաների քաղաք Նոմբան սրի քաշուեց. սրախողխող եղան տղամարդ թէ կին, երեխայ թէ կաթնակեր մանուկ, արջառ թէ աւանակ եւ ոչխար։
20Աքիտոբի որդի Աքիմելէքի մի որդին փրկուեց։ Նրա անունն էր Աբիաթար։ Նա փախաւ Դաւթի մօտ։ 21Աբիաթարը Դաւթին յայտնեց, որ Սաւուղը կոտորել է Տիրոջ բոլոր քահանաներին։ 22Դաւիթն ասաց Աբիաթարին. «Այն օրը գիտէի, որ Դովեկ Ասորին անպայման կը յայտնի Սաւուղին։ Քո հօր տան բոլոր զոհուած մարդկանց համար ես եմ յանցաւոր։ 23Նստի՛ր ինձ մօտ եւ մի՛ վախեցիր, քանզի ուր որ ինձ համար տեղ փնտռեմ, քեզ համար էլ կը փնտռեմ, եւ դու ինձ մօտ ապահով կը լինես»։
Էջմիածին · HYEJB1994