Առաջին Թագավորաց գիրք
23
ԴԱՒԻԹՆ ԱԶԱՏՈՒՄ Է ԿԷԻԼԱ ՔԱՂԱՔԸ
1Դաւթին յայտնեցին՝ ասելով. «Այլազգիները պատերազմում են Կէիլայի դէմ եւ կողոպտում են կալերը»։ 2Դաւիթը Տիրոջը հարցրեց՝ ասելով. «Գնա՞մ ջարդեմ այդ այլազգիներին»։ Տէրն ասաց Դաւթին. «Գնա՛, ջարդի՛ր այլազգիներին ու փրկի՛ր Կէիլան»։ 3Դաւթի մարդիկ ասացին նրան. «Մենք այստեղ՝ Հրէաստանի մէջ, վախենում ենք։ Ի՞նչ կը լինի մեր վիճակը, եթէ գնանք Կէիլա ու այլազգիներին գերի դառնանք»։ 4Դաւիթը երկրորդ անգամ հարցրեց Տիրոջը, եւ Տէրը նրան պատասխան տուեց՝ ասելով. «Վեր կաց գնա՛ Կէիլա, քանզի ես այլազգիներին քո ձեռքն եմ մատնելու»։ 5Դաւիթն իր մարդկանցով գնաց Կէիլա եւ մարտնչեց այլազգիների դէմ, որոնք նրա առջեւից փախան։ Նա նրանց մեծ հարուածներ հասցրեց, վերցրեց նրանց անասունը եւ փրկեց Կէիլայի բնակիչներին։ 6Երբ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւթի մօտ էր փախել եւ Դաւթի հետ էլ գալիս էր Կէիլա, իր ձեռքին ունէր պարեգօտը։
7Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը եկել է Կէիլա, Սաւուղն ասաց. «Աստուած նրան իմ ձեռքն է մատնել, քանզի մտել ու փակուել է դռներ ու նիգեր ունեցող քաղաքում»։ 8Սաւուղն ամբողջ ժողովրդին հրամայեց գնալ Կէիլա, գտնել Դաւթին ու նրա մարդկանց։ 9Դաւիթը Սաւուղի մասին իմացաւ, որ նա չարութիւնից չի հրաժարուել։ 10Դաւիթն ասաց Աբիաթար քահանային. «Բե՛ր Տիրոջ պարեգօտը»։ Դաւիթն ասաց. «Ո՛վ Իսրայէլի Տէր Աստուած, քո ծառան լսեց, որ Սաւուղն ուզում է յարձակուել Կէիլայի վրայ եւ կործանել քաղաքն իմ պատճառով։ 11Արդեօք, ինչպէս քո ծառան լսել է, Սաւուղը հիմա կ’իջնի այստեղ, կը պաշարի՞։ Յայտնի՛ր քո ծառային, Իսրայէլի Տէ՛ր Աստուած»։ 12Տէրն ասաց. «Կը պաշարի»։ Դաւիթն ասաց. «Արդեօք կէիլացիներն ինձ եւ իմ մարդկանց Սաւուղի ձեռքը կը մատնե՞ն»։ Տէրն ասաց. «Կը մատնեն»։ 13Վեր կացան Դաւիթն ու նրա հետ եղող մարդիկ, մօտաւորապէս չորս հարիւր մարդ, ելան Կէիլայից ու գնացին ուր որ կարող էին գնալ։ Երբ Սաւուղին յայտնեցին, թէ Դաւիթը փախել է Կէիլայից, նա հրաժարուեց քաղաքի վրայ յարձակուելուց։
ԶԻՓ ԱՆԱՊԱՏՈՒՄ. ՅՈՎՆԱԹԱՆԻ ԱՅՑԸ ԴԱՒԹԻՆ
14Դաւիթը բնակւում էր անապատի մէջ, Մասերեթի կիրճերում եւ մնում էր Զիփ անապատի միգապատ լերան վրայ, մթին երկրում։ Սաւուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տէրը նրա ձեռքը չմատնեց Դաւթին։ 15Երբ Դաւիթը տեսաւ, որ Սաւուղը դուրս է եկել իրեն որոնելու, մնաց անապատում, Նոր Զիփի միգապատ լերան վրայ։
16Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ ու գնաց Նոր Զիփ՝ Դաւթի մօտ, եւ նրա ձեռքերը Տիրոջ կողմից զօրացան։ 17Յովնաթանն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետեւ իմ հայր Սաւուղի ձեռքը քեզ չի գտնի, եւ դու կը թագաւորես Իսրայէլի վրայ, իսկ ես քո երկրո՛րդը կը լինեմ։ 18Իմ հայր Սաւուղն էլ գիտի, որ դա այդպէս է»։ Նրանք երկուսով ուխտ դրեցին Տիրոջ առջեւ։ Դաւիթը մնաց Նորում, իսկ Յովնաթանը գնաց իր տունը։
19Զիփացիներն իրենց մռայլ երկրից ելան գնացին բլուրը, Սաւուղի մօտ եւ ասացին. «Չէ՞ որ Դաւիթն ահա մեզ մօտ է թաքնուած, Մասերայում, Նորի կիրճերում, Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի աջ կողմը։ 20Արդ, ո՛վ արքայ, քանի որ դա շատ ես ցանկանում, անպայման արի՛ մեզ մօտ, որ նրան շրջափակենք ու քո՝ արքայիդ ձեռքը յանձնենք»։ 21Սաւուղն ասաց նրանց. «Օրհնեալ էք դուք Տիրոջից, քանզի ինձ ցաւակից էք։ 22Արդ, գնացէ՛ք, աւելի լա՛ւ պատրաստուեցէք, դիտեցէ՛ք ու յայտնաբերեցէ՛ք, թէ նա ուր ոտք կը դնի։ Շո՛ւտ հասէք այն տեղը, որտեղ ասում էք, թէ նա գտնւում է։ Չլինի, թէ նա խորամանկութիւն անի։ 23Քննեցէ՛ք ու տեսէ՛ք ամէն տեղ, ուր թաքնուած է, եւ վերադարձէ՛ք ինձ մօտ ստոյգ տեղեկութիւններով, որ ձեզ հետ գնանք։ Եթէ նա այդ երկրում է, հազարաւոր յուդացիների մէջ էլ կը գտնեմ նրանե։ 24Եւ զիփացիները վեր կացան ու գնացին Սաւուղի մօտից։ Դաւիթը եւ նրա մարդիկ Մաոնի անապատում էին, Հեսեմոնի աջ կողմում, դէպի արեւմուտք։ 25Սաւուղն ու նրա մարդիկ գնացին Դաւթին փնտռելու։ Երբ Դաւթին իմաց տուեցին, նա իջաւ ու նստեց Մաոնի անապատում, քարի վրայ։ Սաւուղն այդ լսելով՝ հետապնդեց Դաւթին Մաոնի անապատում։ 26Սաւուղն ու իր մարդիկ գնում էին լերան այս կողմով, իսկ Դաւիթն իր մարդկանցով՝ լերան այն կողմով։ Դաւիթը Սաւուղից թաքուն էր գնում, սակայն Սաւուղն ու իր մարդիկ Դաւթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն։ 27Եւ ահա մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասաց. «Շտապ արի՛ այստեղ, որովհետեւ այլազգիները արշաւել են երկրի վրայ»։ 28Սաւուղը Դաւթին հետապնդելուց դադարեց, որ գնայ այլազգիների դէմ։ Այդ պատճառով այս վայրը կոչուեց Բաժանուած վէմ։
Էջմիածին · HYEJB1994