Առաջին Թագավորաց գիրք
25
ՍԱՄՈՒԷԼԻ ՄԱՀԸ
1Մեռաւ Սամուէլը, եւ ամբողջ Իսրայէլը հաւաքուեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթէմի իր տանը։ Դաւիթը վեր կացաւ ու գնաց Մաոնի անապատը։
ԴԱՒԻԹՆ ՈՒ ԱԲԻԳԵԱՆ
2Մաոնում մի մարդ կար, որի հօտերը Կարմեղոսում էին։ Նա շատ հարուստ էր. ունէր երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հօտերը Կարմեղոսում էին խուզում։ 3Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստութեամբ եւ շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարոյ։
4Այդ օրերին Դաւիթը լսեց, թէ Նաբաղ կարմեղացին խուզում է իր հօտերը։ 5Դաւիթը տասը ծառաների ուղարկեց՝ նրանց ասելով. «Բարձրացէ՛ք Կարմեղոս, գնացէ՛ք Նաբաղի մօտ, իմ անունից նրա ողջութիւնը հարցնելուց յետոյ այսպէ՛ս ասացէք. 6“Այս օրերին ողջ լինես դու ու քո տունը եւ ինչ գործ որ բռնես, յաջող լինի։ 7Լսել եմ, թէ խուզում ես քո հօտերը։ Քո հովիւները մեզ հետ էին այստեղ, անապատում, եւ որքան մնացել են մեզ հետ, Կարմեղոսում, նրանց արգելք չհանդիսացանք եւ ոչ մի բանին ձեռք չտուեցինք։ 8Հարցրո՛ւ քո ծառաներին, եւ նրանք կ’ասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանզի բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կը գայ, տո՛ւր քո ծառաներին եւ քո Դաւիթ որդուն”ե։ 9Դաւթի ծառաները եկան եւ այդ խօսքերը Դաւթի անունից ասացին Նաբաղին։ 10Նա ըմբոստացաւ եւ Դաւթի ծառաներին պատասխան տուեց՝ ասելով. «Ո՞վ է Դաւիթը, կամ Յեսսէի որդին ո՞վ է։ Այս օրերին բազմացել են իրենց տէրերից փախած թափառական ծառաները։ 11Ուրեմն առնեմ իմ հացը, գինին եւ խուզողների համար մորթուած անասուններս ու տամ այս մարդկանց, որոնց որտեղից լինելը չգիտեմ»։ 12Դաւթի ծառաները ճանապարհից վերադարձան եկան եւ այդ խօսքերը հաղորդեցին Դաւթին։ 13Դաւիթն ասաց իր մարդկանց. «Ամէն մէկը իր սուրը թող կապի մէջքին»։ Բոլորը իրենց սրերը կապեցին իրենց մէջքին։ Դաւիթը նոյնպէս իր սուրը կապեց մէջքին, եւ Դաւթի յետեւից չորս հարիւր մարդ ելաւ, երկու հարիւր մարդ էլ մնաց կահ-կարասու մօտ։
14Ծառաներից մէկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային պատմեց՝ ասելով. «Դաւիթն անապատից պատգամաբերներ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու, իսկ նա նրանցից երես է դարձրել։ 15Այդ մարդիկ մեր նկատմամբ շատ բարեացակամ էին. որքան նրանց հետ բաց դաշտում էինք, մեզ վնաս չէին տուել, եւ մեզանից ոչ մի բան չի պակասել։ 16Ինչքան նրանց հետ էինք եւ արածեցնում էինք ոչխարները, նրանք մեզ համար պարիսպ եղան գիշեր ու ցերեկ։ 17Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թէ ինչ ես անելու, քանզի մեր տիրոջ ու նրա ամբողջ տան վրայ չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խօսել չի լինիե։
18Աբիգեան շտապեց, առաւ երկու հարիւր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մէկ զամբիւղ չամիչ, երկու հարիւր շարոց չոր թուզ ու դրանք դրեց աւանակների վրայ։ 19Նա ասաց ծառաներին. «Առա՛ջ անցէք ինձնից, ես կը գամ ձեր յետեւից»։ 20Նա այդ մասին իր ամուսին Նաբաղին չյայտնեց։ Երբ նա, աւանակին հեծած, լերան ծածուկ տեղերով իջնում էր, ահա Դաւիթն ու նրա մարդիկ նրան ընդառաջ գնացին. Աբիգեան հանդիպեց նրանց։ 21Դաւիթն ասաց. «Ուրեմն ի զուր էր, որ Նաբաղի ամէն ինչը պահպանեցի այնտեղ, անապատում։ Նրա ունեցածից ոչ մի բան չկորաւ, բայց նա իմ երախտիքի փոխարէն չարութիւն է հատուցում։ 22Աստուած Դաւթին այսպէս եւ այսպէս անի, եթէ մինչեւ վաղն առաւօտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մէկ արու թողնեմ»։
23Երբ Աբիգեան Դաւթին տեսաւ, աւանակից շտապ իջնելով՝ Դաւթի առաջ ընկաւ, երկրպագեց նրան մինչեւ գետին եւ նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. 24«Մեղքն ինձ վրայ լինի, տէ՛ր, բայց թող քո աղախինը խօսի քեզ հետ, եւ դու լսի՛ր քո աղախնի խօսքերը։ 25Իմ տէրը այդ դաժան Նաբաղի արարքը իր սրտին մօտ թող չընդունի, քանի որ ինչպէս իր անունն է, այնպէս էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամութիւնն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։ 26Արդ, կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. Տէրն է քեզ արգելել անպարտ արիւն թափելը եւ այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պէս թող լինեն։ 27Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնուող ծառաներին։ 28Ների՛ր քո աղախնի յանցանքը, քանզի Տէրն իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տէրն է վարում։ Քո մէջ երբեք չարութիւն թող չլինի։ 29Եթէ որեւէ մէկը քո դէմ դուրս գայ քեզ հալածելու եւ քո կեանքն ուզենայ խլել, իմ տիրոջ հոգին թող Տէր Աստծու կենաց ծրարի մէջ ծրարուի, իսկ քո թշնամիների հոգիները որպէս պարսաքարեր թող արձակուեն։ 30Եւ երբ Տէրը իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի եւ քեզ, ըստ իր պատգամի, Իսրայէլի վրայ առաջնորդ հաստատի, 31իմ տիրոջ սրտում թող չլինի վատութիւն ու գայթակղութիւն, որ ի զուր արդար արիւն թափի։ Թող իմ տիրոջ ձեռքը ուրիշի վրայ չբարձրանայ, եւ Տէրը թող բարին անի իմ տիրոջը, որ յիշես քո աղախնին ու բարիք գործես նրա համարե։
32Դաւիթն ասաց Աբիգեային. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։ 33Օրհնեալ լինի քո խոհեմութիւնը, եւ օրհնեալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, եւ ես չգնացի արիւն թափելու ու իմ ձեռքը ուրիշի վրայ բարձրացնելու։ 34Բայց կենդանի է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այսօր ինձ արգելք հանդիսացաւ չարիք գործելու քո հանդէպ. քանզի եթէ շտապ չգայիր եւ իմ առջեւ չելնէիր, ինչպէս ասել էի, մինչեւ առաւօտ Նաբաղը կը զրկուէր պատին միզողներիցե։ 35Դաւիթը նրա ձեռքից առաւ այն ամէնը, ինչ բերել էր, եւ ասաց նրան. «Գնա՛ քո տունը խաղաղութեամբ։ Տե՛ս, քո խօսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։
ՆԱԲԱՂԻ ՄԱՀԸ. ԴԱՒԻԹՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԱԲԻԳԵԱՅԻ ՀԵՏ
36Աբիգեան գնաց Նաբաղի մօտ։ Նրա տանը թագաւորական խնջոյքի պէս խրախճանք էր, Նաբաղը զուարթացել էր եւ շատ հարբել։ Կինը մինչեւ առաւօտ նրան ոչ մի բան չպատմեց։ 37Առաւօտեան երբ Նաբաղը գինուց սթափուեց, կինը այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարուած ստացաւ, եւ նա կարծես քար կտրեց։ 38Տասը օր անց Տէրը հարուածեց Նաբաղին, եւ նա մեռաւ։
39Երբ Դաւիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնեալ է Տէր Աստուածը, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսաւ, իր ծառային չարագործութիւնից յետ պահեց։ Տէրը Նաբաղի չարութիւնը նրա գլխին թափեց»։ Դաւիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնայ։ 40Դաւթի ծառաները եկան Կարմեղոս, Աբիգեայի մօտ, խօսեցին նրա հետ՝ ասելով. «Դաւիթը մեզ ուղարկեց քեզ մօտ, որ քեզ իրեն կնութեան առնի»։ 41Նա վեր կացաւ ու գլուխը մինչեւ գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել եւ իր տիրոջ ծառաների ոտքերը լուանալ»։ 42Աբիգեան անմիջապէս վեր կացաւ, հեծաւ աւանակը եւ իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դաւթի ծառաների յետեւից։ Եւ Աբիգեան դարձաւ Դաւթի կինը։
43Դաւիթը Եզրայէլից Աքինովամին էլ կնութեան էր առել. այս երկուսն էլ դարձան նրա կինը, իսկ Սաւուղն իր Մեղքող դստերը, որը Դաւթի կինն էր, ռոմացի Հեմեսսայի որդի Փաղտիէլին էր կնութեան տուել։