Առաջին Թագավորաց գիրք

28

1Այդ օրերին այլազգիներն իրենց զօրքերը հաւաքելով՝ պատերազմի ելան ընդդէմ Իսրայէլի։ Անքուսն ասաց Դաւթին. «Լա՛ւ իմացիր, որ դու եւ քո մարդիկ ինձ հետ պատերազմի էք դուրս գալու»։ 2Դաւիթն ասաց Անքուսին. «Այդպէս թող լինի։ Հիմա դու կ’իմանաս, թէ քո ծառան ինչ է անելու»։ Անքուսն ասաց Դաւթին. «Այդպէս թող լինի, քանզի քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»։

ՍԱՒՈՒՂԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ Է ՎՀՈՒԿԻ ՀԵՏ

3Սամուէլը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայէլը ու նրան թաղել իր Արիմաթէմում։ Սաւուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։ 4Այլազգիները հաւաքուեցին ու եկան բանակատեղի դրեցին Սոմանում։ Սաւուղն էլ հաւաքեց բոլոր իսրայէլացիներին ու բանակատեղի դրեց Գեղբուէում։ 5Երբ Սաւուղը տեսաւ այլազգիների բանակը, վախեցաւ, նրա սիրտը մեծ ահ ընկաւ։ 6Սաւուղը Տիրոջը հարց տուեց, սակայն Տէրը նրան պատասխան չտուեց ո՛չ երազով, ո՛չ գուշակութեամբ, ո՛չ էլ մարգարէների միջոցով։ 7Սաւուղն ասաց իր ծառաներին. «Մի ոգեհարց գտէ՛ք, որ գնամ նրա մօտ ու հարց տամ նրան»։ 8Ծառաներն ասացին նրան. «Ահա մի ոգեհարց կին կայ Այենդորում»։ Սաւուղը ծպտուեց, ուրիշ զգեստներ հագաւ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մօտ։ Սաւուղն ասաց նրան. «Ոգեհարցին պատշաճ դիւթութիւն արա՛ եւ կանչի՛ր նրան, ում որ քեզ կ’ասեմ»։ 9Կինն ասաց. «Դու ինքդ գիտես, թէ ինչ էր արել Սաւուղը. թէ ինչպէս ոգեհարցներին ու գուշակներին վերացրեց երկրից։ 10Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դէմ որոգայթ լարում»։ Սաւուղը նրան Տիրոջ անունով երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»։ 11Կինն ասաց. «Ո՞ւմ ոգին կանչեմ»։ Նա ասաց. «Սամուէլի ոգին կանչի՛ր»։

12Կինը տեսնելով Սամուէլին՝ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր, չէ՞ որ դու հէնց Սաւուղն ես»։ 13Արքան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար»։ Կինն ասաց նրան. «Գետնից դուրս եկող աստուածներ եմ տեսնում»։ 14Սաւուղն ասաց նրան. «Ի՞նչ նկատեցիր»։ Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, եւ նրա վրայ թիկնոց կար»։ Սաւուղն իմացաւ, որ դա Սամուէլն է, եւ երեսնիվայր ընկաւ գետին ու երկրպագեց նրան։ 15Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղութիւն տուեցիր ինձ»։ Սաւուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դէմ պատերազմի են ելել, ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարէների, ո՛չ էլ երազների միջոցով։ Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցոյց տաս, թէ ինչ անեմ»։ 16Սամուէլն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում։ Տէրը քեզնից հեռացաւ եւ քո ընկերոջ հետ եղաւ։ 17Տէրը քեզ հետ վարուեց այնպէս, ինչպէս իմ միջոցով յայտնել էր։ Տէրը քո ձեռքից խլելու է թագաւորութիւնդ եւ տալու է քո ընկերոջը՝ Դաւթին, 18որովհետեւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ նրա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վրայ ի գործ չդրեցիր։ 19Այդ պատճառով էլ Տէրն այսօր քեզ հետ այդպէս է վարւում։ Տէրը Իսրայէլին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձ»ռքը, վաղը դու եւ քո որդիները պիտի ընկնէք, եւ Տէրը Իսրայէլի բանակը պիտի մատնի այլազգիների ձեռքըե։

20Սաւուղն անմիջապէս ամբողջ հասակով գետնի վրայ վայր ընկաւ, խիստ զարհուրեց Սամուէլի խօսքերից, ու իր մէջ այլեւս ուժ չմնաց, որովհետեւ մի ամբողջ օր ու գիշեր չէր կերել։ 21Կինը մտաւ Սաւուղի մօտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մէջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդուել եմ քեզ, կեանքս վտանգի ենթարկելով անսացել եմ խօսքերիդ։ 22Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խօսքերը։ Քո առջեւ մի պատառ հաց դնեմ ու կե՛ր եւ ուժ կը ստանաս, որ քո ճանապարհը գնաս»։ 23Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, ու Սաւուղը տեղի տալով՝ գետնից վեր կացաւ ու նստեց աթոռին։ 24Կինը տանը կերակրուած մի հորթ ունէր, անմիջապէս մորթեց դա։ Ալիւր առնելով՝ շաղեց, հաց եփեց եւ տուեց Սաւուղին ու նրա ծառաներին։ 25Նրանք կերան, վեր կացան ու նոյն գիշերը գնացին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն