Առաջին Թագավորաց գիրք
30
ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԱՂԷԿԱՑԻՆԵՐԻ ԴԷՄ
1Երբ Դաւիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկեղակ, ամաղէկացիներն ասպատակել էին հարաւակողմը եւ Սիկեղակը։ Նրանք հարուածել էին Սիկեղակին ու հրի մատնել, գերեվարել էին կանանց եւ երկրում գտնուող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը։ 2Թշնամին չէր սպանել տղամարդկանց եւ կանանց, այլ գերել էր ու գնացել իր ճանապարհով։ 3Դաւիթն ու իր մարդիկ երբ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզուած է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները՝ գերուած։ 4Դաւիթը եւ իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց վրայ լալու ուժ այլեւս չմնաց։ 5Գերուել էին նաեւ Դաւթի երկու կանայք՝ Աքինովամ Յեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան։ 6Դաւիթը մեծ տագնապի մէջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետեւ ամէն մէկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։ 7Դաւիթն ասաց Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային. «Մօտեցրո՛ւ պարեգօտդ»։ Աբիաթարը մօտեցրեց պարեգօտը Դաւթին։ 8Դաւիթը հարցրեց Տիրոջը եւ ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կը հասնե՞մ նրանց»։ Տէրն ասաց. «Հետապնդի՛ր եւ անպայման կը հասնես ու բոլոր գերիներին կը փրկես»։
9Դաւիթն իր հետ վերցնելով վեց հարիւր մարդ՝ եկաւ մինչեւ Բոսորի հեղեղատը, իսկ ուժասպառ եղածները մնացին տեղում։ 10Դաւիթն այդ չորս հարիւր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարիւր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն կողմը։ 11Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ, Դաւթի մօտ։ Նրան հաց տուեցին, ու նա կերաւ, ջուր խմեցրին, տուին նրան մի կտոր չոր թուզ, երկու ողկոյզ չամիչ։ 12Նա կերաւ եւ ուժ առաւ, քանզի երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել։ 13Դաւիթը ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես, որտեղի՞ց ես»։ Պատանեակն ասաց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղէկացու ծառայ։ Տէրս ինձ լքեց, քանզի երրորդ օրն է, որ հիւանդ եմ։ 14Մենք ասպատակեցինք Քերեթի հարաւային կողմերը, Հրէաստանի կողմերը եւ Քաղէբի հարաւակողմը, իսկ Սիկեղակը հրի մատնեցինք»։ 15Դաւիթն ասաց նրան. «Ինձ այդ ելուզակների մօտ կ’առաջնորդե՞ս»։ Եգիպտացին ասաց նրան. «Երդուի՛ր, որ ինձ չես սպանի, չես յանձնի իմ տիրոջ ձեռքը, եւ ես քեզ ելուզակների մօտ կ’առաջնորդեմ»։ Նա երդուեց նրան։
16Եգիպտացին նրան այնտեղ տարաւ, եւ Դաւիթը տեսաւ, որ նրանք ցրուած էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին եւ այլազգիների ու Յուդայի երկրից վերցրած մեծամեծ աւարով ուրախութիւն անում։ 17Դաւիթը նրանց վրայ յարձակուեց եւ Արուսեակի երեւալուց մինչեւ երեկոյ ու միւս օրը կոտորեց նրանց այնպէս, որ ոչ մի տղամարդ չփրկուեց։ Միայն չորս հարիւր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։
18Դաւիթն ազատեց այն բոլորին, որոնց գերեվարել էին ամաղէկացիները։ Նա փրկեց նաեւ իր երկու կանանց։ 19Նրանց ունեցածից ոչ մի բան չէր պակասել. փոքրից մինչեւ մեծը, տղաներին եւ աղջիկներին եւ այն ամէնը, ինչ առել էին նրանցից, Դաւիթը յետ բերեց։ 20Դաւիթն առաւ բոլոր հօտերն ու արջառները եւ տարաւ աւարի առջեւից։ Աւարի համար ասում էին. «Սա Դաւթի աւարն է»։
21Դաւիթը եկաւ ուժասպառ եղած երկու հարիւր զինուորների մօտ, որոնք չէին կարողացել Դաւթի յետեւից գնալ եւ մնացել էին Բոսորի հեղեղատում։ Նրանք ընդառաջ գնացին Դաւթին ու նրա հետ եղած զօրքին։ Դաւիթը մօտեցաւ այդ երկու հարիւր զինուորներին, հարցուփորձ արեց նրանց առողջութեան մասին։ 22Դաւթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած աւարից նրանց բաժին չենք հանի։ Միայն ամէն մէկը թող առնի իր կնոջն ու որդիներին եւ գնայ, հեռանայ»։ 23Դաւիթն ասաց. «Եթէ Տէրը թշնամուն յանձնել է մեր ձեռքը եւ մեզ պահել է, ուրեմն այդ բանը մի՛ արէք, եղբայրնե՛ր։ Չէ՞ որ Տէրը մեր ձեռքն է մատնել մեզ վրայ յարձակուած ելուզակներին։ 24Ո՞վ կը լսի ձեր խօսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թոյլ չեն։ Պահապանների բաժինը հաւասար պէտք է լինի պատերազմի գնացողների բաժնին։ 25Աւարը հաւասարապէս պէտք է բաժանուի»։ Եւ այդ օրուանից մինչեւ այսօր դա իբրեւ օրէնք ու իրաւունք կիրառւում է Իսրայէլի մէջ։
26Դաւիթը եկաւ Սիկեղակ եւ աւարից ուղարկեց Յուդայի երկրի ծերերին ու իր ընկերներին՝ ասելով. 27«Ահա ձեզ Տիրոջ թշնամիների աւարից բաժին եմ հանում, ո՜վ Բեթէլի ու հարաւային Ռամաթի, 28Եթերի ու Արոյերի, Եփթամոթի, Եսթամայի, 29Երաքէլի եւ յերեմելացիների ու կինեցիների քաղաքների, Ռամայի, 30Բորասանի ու Աթաքի, Քեբրոնի ու բոլոր այն վայրերի բնակիչներ, 31ուր Դաւիթն ու իր մարդիկ արշաւել են»։