Առաջին Թագավորաց գիրք

31

ՍԱՒՈՒՂԻ ԵՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՀԸ

1Այլազգիները մղեցին Իսրայէլի դէմ, եւ իսրայէլացիները այլազգիների առաջ փախուստի դիմելով՝ վիրաւոր ընկան Գեղբուա լերան վրայ։ 2Այլազգիները հետապնդելով Սաւուղին ու նրա որդիներին՝ սպանեցին Սաւուղի որդիներին՝ Յովնաթանին, Ամինադաբին ու Մեղքիսաւէին։ 3Պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, կորովի աղեղնաւորները գտան նրան, եւ նա վիրաւորուեց կողոսկրից ներքեւ։ 4Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ մերկացրո՛ւ եւ դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի, թէ անթլփատները գան, ինձ խոցոտեն ու ծաղր ու ծանակի ենթարկեն»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի սաստիկ վախեցել էր։ 5Սաւուղն առաւ իր սուրը եւ իրեն նետեց դրա վրայ։ Երբ կապարճակիրը տեսաւ, թէ Սաւուղը մեռաւ, ինքը եւս իրեն նետեց սրի վրայ ու նրա հետ մեռաւ։ 6Մեռան Սաւուղը, իր երեք որդիներն ու իր կապարճակիրը. Նրա բոլոր մարդիկ նոյն օրը միասին մեռան։

7Երբ հովտի այն կողմում ու Յորդանան գետի այն կողմում գտնուող իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակուեցին դրանց մէջ։

8Հետեւեալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ ընկած Սաւուղին ու նրա երեք որդիներին։ 9Նրան շուռ տուեցին, վերցրին զէնքերը եւ կտրեցին գլուխը։ Նրանք աւետաբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝ յայտնելու այս մասին իրենց կռատներին ու ժողովրդին։ 10Սաւուղի զէնքերը դրեցին Աստարտիոնի տանը եւ 11սպանուածների մարմինները կախեցին Բեթսանի պարսպից։ Երբ գաղաադացիների Յաբիս բնակավայրի բնակիչները լսեցին այն մասին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղին, 12բոլոր զօրեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի մարմինները, Յաբիս բերեցին դրանք եւ այնտեղ այրեցին։ 13Այնուհետեւ նրանց ոսկորներն առնելով՝ թաղեցին Յաբիսի դաշտում եւ եօթը օր ծոմ պահեցին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն