Առաջին Թագավորաց գիրք

8

ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԸ ԹԱԳԱՒՈՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

1Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի կարգեց։ 2Սրանք են նրա որդիների անունները. Անդրանիկը՝ Յովէլ, երկրորդի անունը՝ Աբիա։ 3Նրանք դատաւորներ էին Բերսաբէէում։ Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ, ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ իրաւունքը թիւրում։

4Բոլոր իսրայէլացի տղամարդիկ հաւաքուեցին, եկան Սամուէլի մօտ՝ Արիմաթէմ, եւ ասացին նրան. 5«Դու, ահա, ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրայ մի թագաւոր դի՛ր, որ մեզ դատաւորութիւն անի, ինչպէս բոլոր ազգերի մօտ է»։ 6Այս բանը Սամուէլին դուր չեկաւ, քանզի ասել էին, թէ՝ «Մեզ թագաւոր տո՛ւր, որ մեզ համար դատաւորութիւն անի»։ 7Սամուէլն աղօթեց Տիրոջը, եւ Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ։ Նրանք ոչ թէ քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագաւորեմ իրենց վրայ։ 8Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրուանից մինչեւ այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստուածներ։ Եւ ինչ որ արեցին իմ նկատմամբ, նոյնը կ’անեն քո նկատմամբ։ 9Արդ, դու լսի՛ր նրանց խօսքը, բայց նրանց տեղեակ պահի՛ր, բացատրի՛ր թագաւորի իրաւունքները, որ իշխելու է իրենց վրայ»։

10Սամուէլը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագաւոր խնդրող ժողովրդին։ 11Նա ասաց. «Ձեզ վրայ իշխող թագաւորը հետեւեալ իրաւունքներն է ունենալու. Նա պիտի վերցնի ձեր որդիներին եւ նրանց կառապաններ, հեծեալներ ու իր մարտակառքերի առջեւից վազող սուրհանդակներ պիտի դարձնի։ 12Նրանց իր հազարապետներն ու հարիւրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զէնքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։ 13Ձեր դուստրերին անուշահոտութիւն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի, 14ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տայ։ 15Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա պիտի ստանայ եւ տայ իր ներքինիներին եւ ծառաներին։ 16Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու աւանակները ձեզնից պիտի վերցուեն եւ իր համար տասանորդ պիտի լինեն։ 17Ձեր հօտերից նա տասանորդ պիտի ստանայ, եւ դուք նրա ծառաները պիտի դառնաք։ 18Այն ժամանակ դուք բողոքելու էք ձեր ընտրած թագաւորի դէմ, սակայն Տէրը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ համար թագաւոր ընտրեցիքե։

19Ժողովուրդը չուզեց լսել Սամուէլին եւ ասաց նրան. «Ո՛չ, թող մէկը թագաւորի մեզ վրայ։ 20Մենք եւս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագաւորը մեզ դատի, մեր առջեւից ընթանայ եւ մեզ պատերազմի առաջնորդի»։ 21Սամուէլը լսեց ժողովրդի բոլոր ասածները եւ դրանք յայտնեց Տիրոջը։ 22Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր նրանց եւ նրանց վրայ թագաւո՛ր դիր»։ Սամուէլն ասաց իսրայէլացիներին. «Թող ամէն ոք իր քաղաքը գնայ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն