Ա Թեսաղոնիկեցիս
4
ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ ԿԵԱՆՔ
1Ուրեմն, եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ եւ յորդորում Քրիստոս Յիսուսով, որ ինչպէս սովորեցիք մեզնից, այնպէս ընթանաք եւ հաճելի լինէք Աստծուն. եւ այդպէս էլ ընթանում էք, որպէսզի աւելի ու աւելի առաջ գնաք նոյն բանի մէջ։ 2Եւ գիտէք, թէ ինչպիսի պատուէրներ տուեցինք ձեզ Տէր Յիսուսով. 3որովհետեւ Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. 4ձեզնից իւրաքանչիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով 5եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն։ 6Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է, ինչպէս որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք. 7արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան։ 8Ահա թէ ինչու, ով անարգում է այս բանը, մարդո՛ւն չի անարգում, այլ՝ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տուեց ձեզ։
9Իսկ եղբայրասիրութեան մասին պէտք չէ ձեզ բան գրել, քանի որ դուք ինքներդ իսկ Աստծուց էք սովորել միմեանց սիրել. 10որովհետեւ այդ նոյնն անում էք բոլոր եղբայրների հանդէպ, որ գտնւում են Մակեդոնիայի բոլոր կողմերում։ Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ, որ առաւել եւս աճէք եւ առաջ գնաք, 11ապրէք խաղաղ եւ իւրաքանչիւրդ ձեր գործով զբաղուէք ու աշխատէք ձեր ձեռքերով, ինչպէս որ պատուիրել ենք ձեզ, որպէսզի պարկեշտութեամբ վարուէք դրսեցիների հետ եւ ոչ մի բանի կարօտ չլինէք։
ՄԵՌԵԼՆԵՐԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՏԻՐՈՋ ԳԱԼՈՒՍՏԸ
12Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք ննջեցեալների մասին, որպէսզի չտխրէք, ինչպէս ուրիշները, որոնք յոյս չունեն։ 13Եթէ հաւատում ենք, թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, այդպէս էլ Աստուած Յիսուսի միջոցով ննջեցեալներին ետ կեանքի պիտի բերի նրա հետ։ 14Մենք այս բանն ասում ենք Տիրոջ խօսքով. եթէ մենք ողջ մնանք մինչեւ Տիրոջ գալուստը, չպիտի կանխենք ննջեցեալներին, 15որովհետեւ Տէրն ինքը, ազդարարութեան նշանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, եւ Քրիստոսով մեռածները առաջինը յարութիւն պիտի առնեն. 16ապա եւ մենք, որ կենդանի մնացած պիտի լինենք, նրանց հետ միասին պիտի յափշտակուենք-տարուենք ամպերի վրայից Տիրոջ առաջ օդում եւ այդպէս մշտապէս Տիրոջ հետ պիտի լինենք։ 17Ուրեմն, մխիթարեցէ՛ք միմեանց այս խօսքերով։
Էջմիածին · HYEJB1994