Ա Տիմոթէոս

1

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ

1Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է. 2Տիմոթէոսին՝ հաւատի մէջ որդուն շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՍՈՒՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ

3Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն 4եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կը լինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած. 5քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, 6որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ։ 7Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. Իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են։ 8Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով։ 9Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու , մարդասպանների, 10պոռնիկների, արուամոլների, մարդագողերի, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, 11վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառաւոր Աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես։

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

12Շնորհակալութիւն նրան, որ զօրացրեց ինձ մեր Տէր Քրիստոս Յիսուսի , որը վստահելի համարեց ինձ այս սպասաւորութեանը կարգելու, 13ինձ, որ նախապէս հայհոյիչ էի, հալածիչ եւ անարգող. Բայց ես ողորմութիւն գտայ, որովհետեւ այդ բանն անում էի անգիտութեան եւ անհնազանդութեան մէջ գտնուելով. 14եւ մեր Տիրոջ շնորհը շատացաւ ինձ համար այն հաւատով եւ սիրով, որ է ի Քրիստոս Յիսուս։ 15Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ։ 16Եւ ողորմութիւն գտայ նրա համար, որ Յիսուս Քրիստոս նախ իմ մէջ ցոյց տուեց իր ամբողջ համբերութիւնը, որպէս օրինակ նրանց, որ պիտի հաւատան իրեն յաւիտենական կեանքի համար. 17նաեւ յաւիտենութեան Թագաւորին, որ անեղծ եւ աներեւոյթ է, միա՛կ Աստծուն փա՜ռք եւ պատի՜ւ յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։

18Որդեա՛կ իմ Տիմոթէոս, աւանդում եմ քեզ այս պատուիրանը, քո մասին նախապէս եղած մարգարէութիւնների համաձայն, որպէսզի նրանցով դու մղես բարի պատերազմը, 19պահես հաւատը բարի խղճմտանքով, որը ոմանք հեռու վանելով իրենցից՝ նաւաբեկութեան ենթարկուեցին հաւատի մէջ. 20դրանց թւում են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի Սատանային, որպէսզի խրատուեն չհայհոյել։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն