Ա Տիմոթէոս

3

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

1Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է գործի։ 2Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէ՛կ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, 3ոչ , ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, 4որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ 5(իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծու եկեղեցուն խնամակալ կը լինի), 6ոչ , որպէսզի, գոռոզանալով, Սատանային վիճակուած դատապարտութեան մէջ չընկնի. 7այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ Սատանայի որոգայթների մէջ։

ՍԱՐԿԱՒԱԳԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

8Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ, 9այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով։ 10Նախ իրենք թող փորձի ենթարկուեն եւ եթէ անմեղադրելի գտնուեն, ապա պաշտօն կատարեն։ 11Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում։ 12Սարկաւագները թող մէ՛կ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն, 13որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կ’ունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ։

ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ

14Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կը գամ։ 15Իսկ եթէ ուշանամ, դու կ’իմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։ 16Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն