Ա Տիմոթէոս

4

ՍՈՒՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ

1Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ 2տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, 3որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն. 4որովհետեւ Աստծու բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում. 5քանի որ Աստծու խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է։

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԼԱՒ ԾԱՌԱՆ

6Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի պաշտօնեայ կը լինես՝ սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար. 7բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարուի՛ր. եւ դու քեզ մարզի՛ր աստուածապաշտութեամբ, 8որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը, ա՛յս կեանքի եւ հանդերձեալի։ 9Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան, 10որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ . քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների։

11Պատուիրի՛ր այդ եւ ուսուցանի՛ր. 12թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ։ 13Մինչեւ իմ գալը, հետամտի՛ր Աստծու խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին։ 14Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ, երէցների ձեռնադրումով։ 15Այդ բանի վրայ մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին։ 16Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն