Ա Տիմոթէոս
6
ԾԱՌԱՆԵՐ
1Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծու անունն ու վարդապետութիւնը չանարգուի։ 2Իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ աւելի լաւ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք յանձն են առել բարերարութիւնը։ Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորի՛ր։
ՍՈՒՏ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ
3Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածապաշտութեան համապատասխան է, 4այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ 5մտքով ապականուած եւ ճշմարտութիւնից հեռացած մարդկանց միջեւ, որոնք շահի աղբիւր են համարում աստուածապաշտութիւնը։ Բայց դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ։
6Իրօք, աստուածապաշտութիւնը շահի մեծ աղբիւր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. 7որովհետեւ ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել։ 8Այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք։ 9Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ, 10որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորուեցին հաւատից եւ իրենք իրենց գցեցին բազում ցաւերի մէջ։
ԱՆՁՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ
11Իսկ դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այդ բաներից եւ գնա՛ արդարութեան, աստուածապաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան յետեւից։ 12Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր եւ բարի դաւանութիւնը դաւանեցիր բազում վկաների առաջ։ 13Պատուիրում եմ քեզ Աստծու ներկայութեամբ, որը կեանք է տալիս ամէն ինչի, եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դաւանութիւնը, 14որ դու պահես պատուիրանը անբիծ, անարատ, մինչեւ յայտնութիւնը Յիսուս Քրիստոսի, 15որին իր ժամանակում յայտնի պիտի անի Երանելին եւ միակ Հզօրը, թագաւորների Թագաւորը եւ տէրերի Տէրը, 16նա, որ միայն ի՛նքն ունի անմահութիւնը եւ բնակւում է անմատչելի լոյսի մէջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս։ Ամէն։
ՅՈՐԴՈՐ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ
17Այս աշխարհի հարուստներին պատուիրի՛ր, որ չհպարտանան եւ չապաւինեն սնոտի հարստութեանը, այլ՝ Աստծուն, որ մեզ առատապէս ամէն ինչ տալիս է վայելելու համար. 18պատուիրի՛ր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսէր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել՝ 19իրենց համար բարի հիմք դնելով հանդերձեալում, որպէսզի ձեռք բերեն ճշմարիտ կեանքը։
20Ո՛վ Տիմոթէոս, պահի՛ր աւանդը՝ հեռու մնալով պիղծ եւ նորահնար խօսքերից, հակառակութիւնից եւ խաբեպատիր գիտութիւնից, 21որը ոմանք յանձն առնելով՝ շեղուեցին հաւատից։ Շնո՜րհ քեզ հետ։
Էջմիածին · HYEJB1994