Երկրորդ Մնացորդաց գիրք

10

ԺՈՂՈՎ ՍԻՒՔԷՄՈՒՄ

()

1Ռոբովամը եկաւ Սիւքէմ, որովհետեւ բոլոր իսրայէլացիները եկել էին Սիւքէմ նրան թագաւոր դարձնելու։ 2Երբ Նաբատի որդի Յերոբովամը, որը արքայի երեսից էր փախել ու բնակուել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձաւ Եգիպտոսից։ Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ 3Յերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովականները եկան Ռոբովամ արքայի մօտ եւ ասացին. 4«Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը։ Արդ, թեթեւացրո՛ւ հօրդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեր վրայ դրուած ծանր լուծը, որ քեզ ծառայենք»։ 5Նա նրանց ասաց. «Գնացէ՛ք եւ երեք օրից եկէ՛ք ինձ մօտ»։ Ժողովուրդը գնաց։

6Ռոբովամ արքան հաւաքեց ծերերին, որոնք իր հօր՝ Սողոմոնի կենդանութեան օրօք կանգնում էին նրա առաջ, եւ ասաց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»։ 7Նրանք ասացին նրան. «Եթէ այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարեացակամ լինես, հաճելի լինես եւ լաւ խօսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառայ կը լինեն»։ 8Նա, սակայն, անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տուել էին իրեն, եւ հարց տուեց իր հետ մեծացած տարեկից ընկերներին, որոնք իր առջեւ էին կանգնում։ 9Նա ասաց նրանց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խօսեց՝ ասելով. “Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեր վրայ”»։ 10Նրա տարեկից ընկերները նրան ասացին. «Այսպէս կը խօսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թէ՝ “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթեւացրո՛ւ մեր վրայից”։ 11Նրանց այսպէս կ’ասես. “Իմ ճկոյթն աւելի հաստ է, քան հօրս մէջքը։ Արդ, եթէ իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կ’աւելացնեմ ձեր լուծը։ Եթէ իմ հայրը խրատել է ձեզ գաւազաններով, ապա ես ձեզ կը խրատեմ կարիճներով”»։

12Յերոբովամը եւ ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մօտ, ինչպէս որ ասել էր արքան. «Ինձ մօտ կը վերադառնաք երրորդ օրը»։ 13Արքան խստութեամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը, 14եւ նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, ես աւելացնելու եմ այն։ Իմ հայրը գաւազաններով էր ձեզ խրատել, ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։ 15Արքան չլսեց ժողովրդին, որովհետեւ կործանումն Աստծուց էր սահմանուած, որպէսզի Տէրը հաստատի սիլոնացի Աքիայի բերանով իր ասած խօսքերը Նաբատի որդի Յերոբովամի եւ ամբողջ Իսրայէլի մասին. եւ արքան չլսեց նրանց։

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ԲԱԺԱՆՈՒԱԾ.

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՌՈԲՈՎԱՄ ԱՐՔԱՆ

()

16Ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ գործ ունենք Դաւթի հետ, կամ կիսելու ի՞նչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ , եւ քո տա՛ն մասին հոգա, ո՜վ »։ 17Եւ բոլոր իսրայէլացիները գնացին իրենց բնակավայրերը, իսկ Յուդայի երկրի քաղաքներում ապրող միւս իսրայէլացիները Ռոբովամին դարձրին իրենց թագաւոր։ 18Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ։ Ռոբովամ արքան հազիւ կարողացաւ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել ։ 19Եւ իսրայէլացիները երես դարձրին Դաւթի տնից, ու այդպէս է մինչեւ այսօր։

Էջմիածին · HYEJB1994