Երկրորդ Մնացորդաց գիրք

11

ՍԱՄԷԱՍԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

1Ռոբովամը եկաւ , Յուդայի ու Բենիամինի տներից հաւաքեց պատերազմի ընդունակ հարիւր ութսուն հազար երիտասարդներ եւ պատերազմեց Իսրայէլի դէմ, որ թագաւորութիւնն իրեն վերադարձնի։ 2Տէրը խօսեց Աստծու մարդու՝ Սամէասի հետ՝ ասելով. 3«Խօսի՛ր Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի երկրի ու Բենիամինի երկրի բոլոր մարդկանց հետ՝ ասելով. “Այսպէս է ասում Տէրը. 4մի՛ ելնէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների դէմ, ամէն ոք թող վերադառնայ իր տունը, որովհետեւ այս բանը ինձնից եղաւ”»։ Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ ետ դարձան Յերոբովամի վրայ արշաւելուց։

ՌՈԲՈՎԱՄԸ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔՆԵՐԸ

5Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում եւ պարսպապատ քաղաքներ կառուցեց Հրէաստանում։ 6Նա շինեց Բեթղեհէմը, Ետանին, Բեքովեան, 7Բեթսուրան, Սոկքովը, Օդողամը, 8Գէթը, Մարիսան, Զիփը, 9Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան, 10Սարաան, Աեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի երկրում ու Բենիամինի երկրում պարսպապատ քաղաքներ էին։ 11Նա պարիսպներով ամրացրեց դրանք, հրամանատարներ կարգեց դրանց վրայ, բոլոր քաղաքներում ուտելիքի՝ ձէթի ու գինու ամբարներ շինեց, 12վահաններ ու նիզակներ պատրաստեց եւ յաճախակի ամրացրեց այդ քաղաքները։

ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ԵՒ ՂԵՒՏԱՑԻՆԵՐԸ ՅԱՐՈՒՄ ԵՆ ՌՈԲՈՎԱՄԻՆ

13Ռոբովամին էին պատկանում Յուդայի ու Բենիամինի երկրները։ Ամբողջ Իսրայէլի մէջ գտնուող քահանաներն ու ղեւտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մօտ հաւաքուեցին, որովհետեւ ղեւտացիները իրենց սեփականութիւնը հանդիսացող բնակավայրերը լքեցին ու գնացին Յուդայի երկիրը՝ Երուսաղէմ. 14Յերոբովամն ու նրա որդիները զրկել էին նրանց Տիրոջն սպասաւորելու պարտականութիւնից։ 15Նա իր պատրաստած բարձրադիր մեհեանների, կուռքերի, չաստուածների ու երինջների վրայ քրմեր նշանակեց։ 16Նա Իսրայէլի ցեղերից առանձնացրեց բոլոր նրանց, ովքեր սրտանց փնտռում էին Իսրայէլի Տէր Աստծուն։ Սրանք եկան Երուսաղէմ, որ իրենց հայրերի Տէր Աստծուն զոհեր մատուցեն, 17եւ զօրացրին Յուդայի երկրի թագաւորութիւնը։ Երեք տարով հզօրացաւ Սողոմոնի որդի Ռոբովամը, որովհետեւ նա երեք տարի ընթացաւ Դաւթի ու Սողոմոնի ճանապարհներով։

ՌՈԲՈՎԱՄԻ ԸՆՏԱՆԻՔԸ

18Ռոբովամը առաւ Դաւթի որդի Յերիմութի դուստր Մոլաթին ու Յեսսէի որդի Եղիաբի դուստր Աբիադին։ 19Նրանք Ռոբովամի համար ծնեցին երեք որդիներ՝ Յերումին, Սամարիային ու Ալովին։ 20Դրանից յետոյ նա ամուսնացաւ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, եւ սա նրա համար ծնեց Աբիասին, Եթթիին, Իզային, Սալեմոթին։ 21Ռոբովամը իր բոլոր կանանց ու հարճերի մէջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ունէր տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։ 22Ռոբովամը Մաաքայից ծնուած Աբիային կարգեց նրա եղբայրների վրայ, քանզի նպատակ ունէր նրան թագաւոր դարձնել։ 23Յուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում Ռոբովամն աւելի հզօր եղաւ, քան իր բոլոր որդիները, եւ ամրացուած քաղաքներում նրանց տուեց ուտելիքի խիստ առատ պաշար եւ նրանց համար բազում կանայք փնտռեց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն