Երկրորդ Մնացորդաց գիրք

12

ԵԳԻՊՏՈՍԻ ՍԱՒՍԱԿԻՄ ԱՐՔԱՅԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՎՐԱՅ

()

1Երբ Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուն դարձաւ ու հզօրացաւ, նա, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, անտեսեց Տիրոջ պատուիրանները։ 2Եւ քանի որ նրանք մեղանչել էին Տիրոջ դէմ, Ռոբովամի թագաւորութեան հինգերորդ տարում Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ 3հազար երկու հարիւր մարտակառքերով ու վաթսուն հազար հեծեալներով։ Անթիւ էր Եգիպտոսից նրա հետ եկած բազմութիւնը՝ լիբէացիներ, տրոգլոդացիներ, եթովպացիներ, 4որոնք տիրեցին Յուդայի երկրի ամրակուռ քաղաքներին։ Եւ Սաւսակիմը եկաւ ։ 5Սամէաս մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի երկրների իշխանների մօտ, որոնք Սաւսակիմի ահից հաւաքուել էին Երուսաղէմում, եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. “Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սաւսակիմի ձեռքը”»։ 6Իսրայէլի իշխաններն ու արքան ամաչեցին եւ ասացին. «Արդար է Տէրը»։ 7Երբ Տէրը տեսաւ, որ զղջացին, ապա Տէրն ասաց Սամէասին. «Նրանք զղջացին, ուրեմն ես նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կը թողնեմ եւ իմ զայրոյթը Երուսաղէմի վրայ չեմ թափի։ 8Այսպիսով նրանք իմ ծառայութեան տակ կը մտնեն եւ կ’իմանան, թէ ո՞րն է ինձ ծառայելու եւ երկրային թագաւորութիւններին ծառայելու տարբերութիւնը»։ 9Եգիպտոսի արքայ Սաւսակիմը եկաւ ու գրաւեց Տիրոջ տան գանձերը եւ տարաւ արքայի տան բոլոր գանձերը։ Նա գրաւեց նաեւ Սողոմոնի պատրաստած ոսկէ վահանները։ 10Ռոբովամը դրանց փոխարէն պղնձէ վահաններ պատրաստեց եւ դրանք յանձնեց արքունի դռների պահապանների ։ 11Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, մտնում էին նաեւ պահապաններն ու սուրհանդակները, եւ պահապանները դրանք վերցնում տանում էին սուրհանդակների ներկայութեամբ։ 12Երբ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկութիւնը նրանից վերացաւ, եւ նա իսպառ չկործանուեց, քանզի Յուդայի երկրում գործեր էլ կային կատարուած։

ՌՈԲՈՎԱՄԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

13Ռոբովամը հզօրացաւ Երուսաղէմում ու թագաւորեց։ Ռոբովամը քառասունմէկ տարեկան էր, երբ գահ բարձրացաւ։ Նա տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմում, այն քաղաքում, որ Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, որպէսզի իր անունը դնի դրա վրայ։ Ռոբովամի ամոնացի մօր անունը Նոոմա էր։ 14Նա չարիք գործեց, որովհետեւ նրա սիրտը հակուած չէր Տիրոջ կողմը։ 15Ռոբովամի առաջին ու վերջին խօսքերը եւ գործերը չէ՞ որ գրուած են Սամէաս մարգարէի ու Ադդով տեսանողի գրքերում։ Յարատեւ էր մղւում Ռոբովամի ու Յերոբովամի միջեւ։ 16Ռոբովամը մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ 17Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աբիասը։

Էջմիածին · HYEJB1994