Երկրորդ Մնացորդաց գիրք

14

ԱՍԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ

1Աբիասը գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան։ Նրա օրօք Յուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց։ 2Նա եւ արդար գործեր կատարեց իր Տէր Աստծու առջեւ։ 3Նա վերացրեց օտար աստուածների զոհասեղանները, բարձադիր մեհեանները, խորտակեց արձանները եւ այրեց կուռքերը։ 4Նա Յուդայի երկրի բնակիչներին հրամայեց պաշտել իրենց հայրերի Տէր Աստծուն եւ կատարել օրէնքներն ու պատուիրանները։ 5Նա Յուդայի երկրի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը։ Եւ Յուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղուեցին, 6քանզի երկիրը խաղաղուել էր, եւ այն տարիներին չկար նրա դէմ, որովհետեւ Տէրը նրան հանգստութիւն էր պարգեւել։ 7Նա ասաց Յուդայի երկրի մարդկանց. «Եկէ՛ք վերակառուցենք այս քաղաքները, պարիսպներ, աշտարակներ, դռներ ու նիգեր դնենք, որ տիրենք երկրին, քանզի, ինչպէս մենք մեր Տէր Աստծուն փնտռեցինք պաշտեցինք, այնպէս էլ նա մեզ փնտռեց եւ ամէն տեղ հանգստութիւն ու յաջողութիւն տուեց մեզ։ 8Ասան Յուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող երեք հարիւր հազարանոց զօրք ունեցաւ, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարիւր վաթսուն հազար ասպարաւորներ ու աղեղնաւորներ։ Սրանք բոլորը հզօր պատերազմիկներ էին։

ԶԱՐԵՀԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

9Նրանց դէմ ելաւ եթովպացի Զարեհը մէկ միլիոն զինուորներով ու երեք հարիւր մարտակառքերով։ Նա եկաւ-հասաւ մինչեւ Մարիսա։ 10Ասան դուրս եկաւ նրա դէմ եւ պատերազմի ճակատ կազմեց Մարիսայի հիւսիսում գտնուող ձորում։ 11Ասան դիմեց իր Տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՜ր, քեզ համար դժուար չէ օգնութեան հասնել ինչպէս սակաւազօր, այնպէս եւ բազմաքանակ զօրքերին։ Զօրացրո՛ւ մեզ, Տէ՜ր մեր, քանզի քեզ ենք ապաւինում եւ քո անունով ելանք այս բազմութեան դէմ։ Ո՜վ Տէր Աստուած մեր, թող մարդը քո դէմ յաղթանակ չտանի»։ 12Եւ Տէրը հարուածեց եթովպացիներին Յուդայի երկրի մարդկանց աչքի առջեւ, ու եթովպացիները փախան։ 13Ասան եւ իր զօրքը հալածեցին նրանց մինչեւ Գեդոր, եւ եթովպացիներից այնքան մարդ ընկաւ, որ նրանցից ոչ մէկը կենդանի չմնաց, քանզի կոտորուեցին Տիրոջ ու նրա զօրութեան առջեւ։ 14Յուդայի երկրի մարդիկ շատ աւար վերցրին եւ կործանեցին Գեդորի շուրջը գտնուող նրանց գիւղերը, քանզի Տիրոջից հասած արհաւիրքն էր պատել նրանց։ Նրանք աւար առան նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ աւար կար այդտեղ։ 15Նրանք նաեւ քանդեցին նրանց հօտերի պահակների վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, քշեցին տարած բազում ոչխարներ եւ ուղտեր ու վերադարձան ։

Էջմիածին · HYEJB1994