Երկրորդ Մնացորդաց գիրք
16
ԱՍԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԲԱԱՍ ԱՐՔԱՅԻ ԴԷՄ
()
1Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Իսրայէլի Բաաս արքան յարձակուեց Յուդայի երկրի վրայ։ Նա ամրացրեց Հռաման, որ փակի Յուդայի երկրի արքայ Ասայի ելումուտը։ 2Ասան ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան եւ թագաւորական տան գանձատներից՝ ուղարկեց ասորիների արքայ Ադերի որդուն, որ բնակւում էր Դամասկոսում, ասելով. 3«Դաշի՛նք կնքիր իմ ու քո միջեւ, ինչպէս որ կար իմ հօր ու քո հօր միջեւ։ Ահաւասիկ ես քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում, որ յետ դարձնես Իսրայէլի Բաաս արքային, որպէսզի նա ինձնից հեռանայ»։ 4Ասորիների արքայ Ադերի որդին անսաց եւ իր զօրքի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, որոնք հարուած հասցրին Աւոնին, Դանին, Աբելմայինին եւ Նեփթաղիմ գաւառի շրջակայ ամբողջ երկրին։ 5Երբ Բաասը լսեց այդ մասին, հրաժարուեց Հռաման ամրացնելուց, եւ նրա այդ գործը կանգ առաւ։ 6Ասա արքան հաւաքեց Յուդայի երկրի բոլոր մարդկանց եւ տանելով Բաասի կառուցած Հռամայի ամրութիւնների քարերն ու փայտը՝ դրանցով ամրացրեց Գաբաան ու Մասփան։
ԱՆԱՆԻԱՍ ՄԱՐԳԱՐԷՆ
7Այն ժամանակ Յուդայի երկրի Ասա արքայի մօտ եկաւ Անանիաս մարգարէն եւ ասաց նրան. «Քանի որ ապաւինեցիր ասորիների արքային եւ ոչ թէ քո Տէր Աստծուն, այդ պատճառով Իսրայէլի արքայի զօրքը փրկուեց քո ձեռքից։ 8Մի՞թէ եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիւ զօրք չունէին եւ համարձակութեամբ չյարձակուեցին չափազանց շատ հեծեալներով։ Բայց քանի որ դու ապաւինել էիր քո Տիրոջը, Տէրը նրանց քո ձեռքը մատնեց, 9քանզի Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին, որպէսզի նա զօրացնի բոլոր նրանց, որոնց սրտերը ուղիղ են։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից յետոյ քո երկիրը պատերազմներ է ունենալու»։ 10Ասան զայրացաւ մարգարէի վրայ եւ նրան բանտարկեց, որովհետեւ այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան սկսեց դաժան վերաբերուել ժողովրդի հանդէպ։
ԱՍԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ
()
11Ասայի առաջին եւ վերջին գործերը գրի են առնուած Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում։ 12Ասայի ոտքերը թուլացան իր թագաւորութեան երեսունիններորդ տարում. նա ծանրօրէն հիւանդացաւ։ Իր հիւանդութեան ժամանակ նա Տիրոջը չապաւինեց, այլ՝ բժիշկներին։ 13Ասան վախճանուեց իր թագաւորութեան քառասունմէկերորդ տարում եւ գնաց իր նախնիների գիրկը։ 14Նրան թաղեցին այն գերեզմանում, որ ինքն իր համար էր փորել տուել Դաւթի քաղաքում։ Նրան գահաւորակի վրայ դրեցին, առատ խնկերով ու զանազան իւղերով օծեցին ու շատ մեծ յուղարկաւորութեամբ թաղեցին։