Երկրորդ Մնացորդաց գիրք
18
ՅՈՍԱՓԱՏԻ ԴԱՇԻՆՔԸ ԱՔԱԱԲԻ ՀԵՏ
()
1Յոսափատը էլ աւելի շատ հարստութիւն ու մեծ փառք ունեցաւ եւ խնամութիւն արեց Աքաաբի տան հետ։ 2Տարեվերջին նա գնաց Աքաաբի մօտ, Սամարիա, եւ Աքաաբը նրա ու նրա հետ եկած զօրքի համար շատ ոչխար ու զուարակ մորթեց եւ փորձեց նրան համոզել, որ միասին յարձակուեն Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։ 3Իսրայէլի արքայ Աքաաբն ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամոթ քաղաքի դէմ կը յարձակուե՞ս»։ Սա ասաց. «Մի ենք ես ու դու, մի են քո զօրքն ու իմ զօրքը քեզ համար պատերազմում»։
ՄԱՐԳԱՐԷՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ
4Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այսօր հարցնենք Տիրոջը»։ 5Իսրայէլի արքան հաւաքեց Իսրայէլի մարգարէներին՝ չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամոթ քաղաքը պատերազմի գնա՞մ, թէ՞ յետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, եւ Աստուած քեզ՝ արքայիդ, յաջողութիւն կը պարգեւի»։ 6Յոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարէ չկա՞յ, որ նրան էլ հարցնենք»։ 7Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կայ, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետեւ նա ինձ համար լաւ բան չի մարգարէանում, եւ նրա բոլոր օրերը չարութեամբ են լցուած։ Դա Յեմլայի որդի Միքիասն է»։ Յոսափատն ասաց. «Թող արքան այդպէս չխօսի»։
8Եւ Իսրայէլի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. «Շտապ այստե՛ղ բեր Յեմլայի որդի Միքիասին»։ 9Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի Յոսափատ արքան, ամէն մէկը պատմուճանը հագած, նստել էին իրենց գահին։ Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջեւ, մի ընդարձակ տեղ, եւ բոլոր մարգարէները նրանց առջեւ մարգարէանում էին։ 10Քանանի որդի Սեդեկիասը, որ երկաթէ եղջիւրներ էր պատրաստել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Սրանցով պիտի հարուածես ասորիներին, մինչեւ որ բնաջնջես նրանց”»։ 11Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Յարձակուի՛ր Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ, յաջողութիւն կ’ունենաս, եւ Տէրը քո՝ արքայիդ ձեռքը կը յանձնի այն»։
12Սուրհանդակը, որ գնացել էր Միքիասին կանչելու, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ահա մարգարէները միաբերան բարեգուշակ բաներ ասացին յօգուտ արքայի, դու էլ նրանց ասածի պէս մի բա՛ն ասա, լաւ բա՛ն գուշակիր»։ 13Միքիասն ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Աստուած ինձ ասի, այն էլ կ’ասեմ»։
14Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան նրան ասաց. «Միքիա՛ս, Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ յարձակուե՞մ, թէ՞ յետ կանգնեմ»։ Եւ նա ասաց. «Յարձակուի՛ր եւ յաջողութիւն կը գտնես, նրանք ձեր ձեռքը կ’ընկնեն»։ 15Ասաց նրան արքան. «Քանի անգամ եմ քեզ երդուել տուել, որ, Տիրոջ անունով, ճշմարտութիւնից բացի ինձ այլ բան չասես»։ 16Միքիասն ասաց. «Տեսայ, որ իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ հովիւ չունեցող ոչխարների պէս, եւ Տէրն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամէն մարդ իր տունը վերադառնայ խաղաղութեամբ”»։ 17Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակութիւն չի անի, այլ՝ չար»։ 18Իսկ Միքիասն ասաց. «Ճիշտ չէ։ Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը։ Ես տեսայ Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերին։ 19Տէրն ասաց. “Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ վեր կենայ ու յարձակուի Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ”։ Մէկն այսպէս խօսեց, միւսն՝ այնպէս։ 20Մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. “Ես կը խաբեմ նրան”։ Տէրն ասաց. “Ի՞նչպէս”։ 21Նա ասաց. “Ես կը գնամ ու սուտ ոգի կը լինեմ նրա բոլոր մարգարէների բերանում”։ Տէրն ասաց. “Դու կը խաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ եւ արա՛ այդպէս”։ 22Ահա Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանում, այդ պատճառով էլ Տէրը քեզ համար վատ բան է գուշակում»։
23Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիասը մօտենալով Միքիասին՝ հարուածեց նրա ծնօտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցաւ իմ մէջ եւ խօսեց քեզ հետ»։ 24Միքիասն ասաց. «Ահա դու կը տեսնես այն օրը, երբ պահասենեակից պահասենեակ կը մտնես, որ թաքնուես»։
25Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիասին, յե՛տ տարէք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Յովասի մօտ 26եւ ասացէ՛ք. “Այսպէս է ասում արքան. սրան բա՛նտ դրէք, ու թող նա մի կտոր հացով ու մի կում ջրով սնուի, մինչեւ որ ես խաղաղութեամբ վերադառնամ”»։ 27Միքիասն ասաց. «Եթէ իրօք խաղաղութեամբ վերադառնաս, ուրեմն Տէրը ինձ հետ չի խօսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսեցէ՛ք»։
ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ
()
28Իսրայէլի արքան ու Յուդայի երկրի արքայ Յոսափատը յարձակուեցին Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։ 29Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպէս մտնեմ պատերազմի մէջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայէլի արքան ծպտուեց եւ մտաւ պատերազմի մէջ։ 30Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր մօտ էին, ասաց. «Մի՛ կռուէք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծաւորների դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ»։ 31Եւ երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Յոսափատին, ասացին. «Սա է Իսրայէլի արքան»։ Եւ շրջապատեցին նրան, որ կռուեն նրա դէմ։ Յոսափատը աղաղակեց, ու Տէրը փրկեց նրան։ Աստուած նրանց հեռացրեց նրա մօտից։ 32Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայէլի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։ 33Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը եւ լանջապանակի միջով խոցեց Իսրայէլի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը յե՛տ դարձրու եւ ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետեւ մահացու վիրաւոր եմ»։ 34Այդ օրը պատերազմը սաստկացաւ, եւ Իսրայէլի արքան մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքի վրայ, ասորիների դիմաց եւ արեգակի մայր մտնելու ժամանակ մեռաւ։