Երկրորդ Մնացորդաց գիրք

20

ՅԱՐՁԱԿՈՒՄ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՎՐԱՅ. ՅՈՍԱՓԱՏԻ ԱՂՕԹՔԸ

1Դրանից յետոյ ամոնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաեւ մինեցիներից ոմանք եկան Յոսափատի դէմ պատերազմելու։ 2Եկան ու այդ բանը յայտնեցին Յոսափատին՝ ասելով. «Քեզ վրայ մեծ բազմութիւն է յարձակւում ծովի այն կողմից՝ Ասորիքից, եւ ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Գադդիում»։ 3Յոսափատը վախեցաւ, երեսն ուղղելով դէպի Տէրը՝ աղօթեց եւ յայտարարեց, որ ծոմ պահեն ամբողջ Յուդայի երկրում։ 4Յուդայի երկրի բնակիչները հաւաքուեցին, որ դիմեն Տիրոջը. Յուդայի երկրի բոլոր քաղաքներից եկան դիմելու Տիրոջը։ 5Յոսափատը Երուսաղէմում, Տիրոջ տանը, դրա նոր գաւթի դիմաց կանգնեց Յուդայի երկրի ժողովականների մէջ 6ու աղօթեց. «Ո՜վ մեր հայրերի Տէր , չէ՞ որ դո՛ւ ես Աստուած երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագաւորութիւնների վրայ. քո ձեռքում է իշխանութեան ուժը, եւ ոչ ոք չի կարող քեզ դէմ կանգնել։ 7Չէ՞ որ, Տէ՜ր, քո իսրայէլացի ժողովրդի առաջ դո՛ւ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին եւ երկիրը յաւիտեան տուեցիր քո սիրելի Աբրահամի յետնորդներին։ 8Սրանք բնակուեցին այստեղ եւ այստեղ էլ շինելով քո անուան սրբարանը՝ ասացին. 9“Եթէ մեզ վրայ գան չարիք, սուր, , մահ ու սով, կը կանգնենք այս տան առջեւ եւ քո առջեւ, քանզի քո անունը այս տան վրայ է, քեզ կը կանչենք նեղութեան մէջ լինելու դէպքում, եւ դու կը լսես ու կը փրկես մեզ”։ 10Եւ արդ, ահա ամոնացիները, մովաբացիները եւ Սէիր լերան բնակիչները, որոնց երկրով թոյլ չտուեցիր անցնել, երբ իսրայէլացիները Եգիպտոսից դուրս եկան եւ շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց, 11ահաւասիկ նրանք յանդգնել են մեզ վրայ յարձակուել ու մեզ հանել ժառանգութիւն ստացած մեր երկրից, որը դու ես տուել մեզ։ 12Ո՜վ Տէր Աստուած մեր, մի՞թէ նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զօրութիւն չունենք այս մեծ բազմութեան դէմ կանգնելու եւ չգիտենք, թէ ինչ անենք նրանց դէմ։ Մեր աչքերը քեզ են ուղղուած»։ 13Յուդայի երկրի ողջ բնակչութիւնը, նաեւ երեխաներն ու կանայք կանգնած էին Տիրոջ առջեւ։

ՏԷՐԸ ՅԱՂԹԱՆԱԿ Է ՏԱԼԻՍ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ

14Ասափի որդիներից ղեւտացի Մաթանիայի որդի Եղիէլի որդի Բանիասի որդի Զաքարիայի որդի Օզիէլի վրայ հաւաքի ժամանակ իջաւ Տիրոջ հոգին, 15եւ Օզիէլն ասաց. «Լսեցէ՛ք, Յուդայի մարդի՛կ, Երուսաղէմի բնակիչնե՛ր եւ Յոսափա՛տ արքայ, Տէրը ձեզ այսպէս է ասում. “Մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք այս մեծ բազմութիւնից, քանզի պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։ 16Վաղն եւեթ յարձակուեցէ՛ք նրանց վրայ։ Ահա նրանք իջնում են Ասերի զառիվայրով, եւ դուք նրանց կը գտնէք Յերիէլի անապատում գտնուող գետի եզերքին։ 17Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմէք։ Հասկացէ՛ք ու կը տեսնէք ձեզ հետ եղող Տիրոջ փրկութիւնը։ Յուդայի՛ եւ Երուսաղէ՛մ, մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք. վաղը յարձակուեցէ՛ք նրանց վրայ, քանզի Տէրը ձեզ հետ է»։ 18Յոսափատը, ամբողջ Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչները երեսնիվայր խոնարհուելով՝ ընկան Տիրոջ առջեւ ու երկրպագեցին Տիրոջը։ 19Եւ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղեւտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տէր Աստծուն։

20Նրանք առաւօտեան կանուխ զարթնելով՝ գնացին Թեկուայի անապատը։ Երբ նրանք վեր էին կենում, Յոսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեցէք, Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, հաւատացէ՛ք մեր Տէր Աստծուն, եւ նա էլ ձեզ կը հաւատայ, հաւատացէ՛ք նրա մարգարէներին ու յաջողութիւն կ’ունենաք»։ 21Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ եւ կարգեց սաղմոսերգուներ ու օրհնաբանողներ, որ զօրքի առջեւից ընթանալիս տան ու օրհնաբանեն սրբութիւնները։ Նրանք ասում էին. «Փառք տանք Տիրոջը, քանզի նրա ողորմածութիւնը յաւիտեան է»։

22Երբ նրանք սկսել էին օրհնել ու փառաբանել Տիրոջը, Տէրը ամոնացիներին կռուի հանեց մովաբացիների ու Սէիր լերան բնակիչների դէմ, որոնք եկել էին Յուդայի երկրի վրայ յարձակուելու։ Եւ նրանք պարտուեցին։ 23Ամոնացիներն ու մովաբացիները յարձակուեցին Սէիր լերան բնակիչների վրայ, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սէիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ սրանք իրար վրայ յարձակուեցին ու կոտորեցին միմեանց։ 24Յուդայի երկրի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանուած են, գետին ընկած, ու ոչ ոք չէր փրկուել։ 25Յոսափատն ու զօրքը եկան կողոպտելու նրանց աւարը։ Նրանք գտան մեծ թուով անասուններ, հանդերձանք, աւար ու թանկարժէք առարկաներ եւ այս ամէնը կողոպտեցին։ Նրանք երեք օր հաւաքում էին աւարը, որովհետեւ չափազանց շատ էր։

26Չորրորդ օրը նրանք հաւաքուեցին Օրհնութեան հովտում, որովհետեւ այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչուեց Օրհնութեան հովիտ. եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր։ 27Յուդայի երկրի բոլոր մարդիկ վերադարձան ։ Յոսափատը նրանց առաջնորդեց մեծ ուրախութեամբ, քանզի Տէրը նրանց ուրախութիւն էր տուել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։ 28Նրանք մտան Երուսաղէմ, Տիրոջ տունը քնարներով, տաւիղներով ու փողերով։ 29Երբոր երկրի բոլոր թագաւորութիւնները լսեցին, որ Տէրն է պատերազմել Իսրայէլի թշնամիների դէմ, Տիրոջ վախն ընկաւ նրանց վրայ։ 30Յոսափատի թագաւորութիւնը խաղաղուեց, եւ նրա Աստուածը ամէն կողմից հանգստացրեց նրան։

ՅՈՍԱՓԱՏԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

()

31Յոսափատը իշխեց Յուդայի երկրի վրայ։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ազուբա էր, որը Սալիի դուստրն էր։ 32Յոսափատն ընթացաւ իր հօր՝ Ասայի ճանապարհներով, չխոտորուեց Տիրոջ ճանապարհից, 33թէեւ տակաւին բարձրադիր մեհեաններ կային, եւ ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել իր հայրերի Տէր Աստծուն։ 34Յոսափատի մնացած գործերը, առաջինից մինչեւ վերջինը, գրուած են Անանի որդի Յէուի պատմութեան մէջ. նա է գրի առել Իսրայէլի թագաւորների պատմութիւնը։ 35Դրանից յետոյ Յուդայի երկրի արքայ Յոսափատը բարեկամացաւ Իսրայէլի արքայ Օքոզիայի հետ. 36Յոսափատը անօրէնութիւն գործեց, երբ վեր կացաւ ու գնաց Օքոզիայի մօտ, որ նաւ պատրաստի ու գնայ Թարսիս։ Նա նաւ պատրաստեց Գասիոնգաբերում։ 37Մարեսացի Օդրիի որդի Եղիազարը Յոսափատի մասին մարգարէանալով ասաց. «Քանի որ Օքոզիային սիրելի դարձար, Տէրը պիտի խառնի քո գործերը, քո նաւը պիտի խորտակուի, եւ դու չպիտի կարողացաս Թարսիս գնալ»։

Էջմիածին · HYEJB1994