Երկրորդ Մնացորդաց գիրք
21
1Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յորամը։
ՅՈՐԱՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ
()
2Նա ունէր վեց եղբայր, որոնք Յոսափատի որդիներն էին. Եզրիաս, Եէլ, Զաքարիաս, Միսայէլ, Սափատիաս եւ Ազարիու։ Սրանք բոլորը Յուդայի երկրի արքայ Յոսափատի որդիներն էին։ 3Հայրը նրանց տուել էր բազում պարգեւներ՝ արծաթ, ոսկի, զէնքեր, ինչպէս նաեւ ամրացուած քաղաքներ Յուդայի երկրում, իսկ թագաւորութիւնը յանձնել էր Յորամին, քանզի նա էր անդրանիկը։ 4Յորամն ստանձնելով թագաւորութիւնը՝ հզօրացաւ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաեւ Իսրայէլի մի շարք իշխանների։
5Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 6Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա արեց այն, ինչ որ Աքաաբի տունն էր արել, քանի որ նրա կինը Աքաաբի դուստրն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, 7սակայն Տէրը չուզեց կործանել Դաւթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դաւթի հետ, եւ ինչպէս ասել էր նրան՝ միշտ մի ճրագ էր տալու նրան ու նրա որդիներին։
8Այդ օրերին Յուդայի երկրի դէմ ապստամբեցին եդոմացիները, որոնք իրենց համար թագաւոր ընտրեցին։ 9Յորամը գնաց իր իշխաններով ու հեծեալներով հանդերձ եւ գիշերը վեր կենալով՝ յարձակուեց եդոմացիների ու նրանց մարտակառքերի հրամանատարների վրայ, որոնք պաշարել էին իրեն։ Եդոմացիների զօրքը փախաւ դէպի իրենց վրանները։ 10Եդոմն ազատուեց Յուդայի երկրի գերիշխանութիւնից. եւ այդպէս է մինչեւ այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց Լոբնան Յորամի իշխանութեան դէմ, քանզի Յորամը լքել էր իր հայրերի Տէր Աստծուն, 11բարձրադիր մեհեաններ էր կառուցել տուել Յուդայի երկրի քաղաքներում, չաստուածներ պաշտելու էր մղել Երուսաղէմի բնակիչներին ու մոլորեցրել Յուդայի երկիրը։ 12Եղիա մարգարէից նրան պատգամագիր եկաւ, ուր ասուած էր. «Այսպէս է ասում քո նախահօր՝ Դաւթի Տէր Աստուածը. “Քանի որ չընթացար քո հօր՝ Յոսափատի ուղիով եւ ոչ էլ Յուդայի երկրի արքայ Ասայի ուղիով, 13այլ ընթացար Իսրայէլի թագաւորի ուղիով, չաստուածներ պաշտելու մղեցիր Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, ինչպէս որ արել էր Աքաաբի տունը, եւ քո հօր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լաւ էին, սպանեցիր, 14դրա համար էլ Տէրը քո ժողովրդի ներկայութեամբ քեզ, քո որդիներին, քո կանանց եւ քո ամբողջ ունեցուածքին մեծ հարուածներ է հասցնելու։ 15Դու ծանր հիւանդութեամբ ու որովայնի ախտով պիտի մաշուես, մինչեւ որ քո ախտահարուած փորոտիքը օրէցօր դուրս թափուի”»։
16Եւ Տէրը Յորամի դէմ հանեց այլազգիներին եւ եթովպացիների հարեւան արաբներին։ 17Նրանք յարձակուեցին Յուդայի երկրի վրայ, կողոպտեցին այն եւ տարան արքայի տան ամբողջ հարստութիւնը, նրա տղաներին ու աղջիկներին, եւ նա զրկուեց իր բոլոր որդիներից, բացի կրտսերագոյն որդուց՝ Օքոզիասից։
18Դրանից յետոյ Տէրը նրան հարուածեց եւ որովայնի անբուժելի հիւանդութիւն տուեց։ 19Որոշ ժամանակ անց երբ հասաւ նրա վախճանը, ամբողջ երկու օր նրա ախտահարուած փորոտիքը դուրս թափուեց, եւ նա մեռաւ այդ ծանր հիւանդութիւնից։ Ժողովուրդը նրան յուղարկաւորութիւն չարեց, ինչպէս որ արել էր նրա նախնիներին։ 20Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նա մեռաւ առանց դրուատանքի խօսքի։ Նա թաղուեց Դաւթի քաղաքում, բայց ոչ թագաւորների գերեզմանոցում։