Երկրորդ Մնացորդաց գիրք
22
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕՔՈԶԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
(,)
1Երուսաղէմի բնակիչները Յորամի փոխարէն գահ բարձրացրին նրա կրտսերագոյն որդուն՝ Օքոզիասին, քանզի նրա բոլոր աւագ եղբայրներին սպանել էին նրանց վրայ յարձակուած աւազակախմբերը, արաբները եւ ալիմազոնացիները։ Թագաւոր դարձաւ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը։ 2Օքոզիասը թագաւոր դարձաւ, երբ քսաներկու տարեկան էր։ Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Գոթողիա էր։ Սա Ամրիի դուստրն էր։ 3Օքոզիասն ընթացաւ Աքաաբի տան ճանապարհով, քանզի նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։ 4Օքոզիասը չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս արել էին Աքաաբի տան մարդիկ, քանի որ հօր մահից յետոյ նրան կործանելու համար նրանք էին դարձել իր խորհրդականները։ 5Նա առաջնորդուեց նրանց խորհուրդներով, Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքայ Ազայէլի դէմ պատերազմելու։ Եւ աղեղնաւորները վիրաւորեցին Յորամին։ 6Յորամը վերադարձաւ Յեզրայէլ, որ բուժուի այն վէրքերից, որ ասորիները պատճառել էին Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքայ Ազայէլի դէմ։ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը եկաւ Յեզրայէլ, որ այցելի Աքաաբի որդի Յովրամին, որը հիւանդ էր։ 7Տիրոջ պատուհասը իջաւ Օքոզիասի գլխին այն ժամանակ, երբ սա գնացել էր Յորամի մօտ։ Մինչ նա գնում էր, յարձակուեց Ամեսսիի որդի, Տիրոջից օծեալ Յէուի վրայ։ 8Երբ Յէուն վրէժ էր լուծում Աքաաբի տնից, տեսաւ, որ Յուդայի իշխանները՝ Օքոզիասի եղբօրորդիները, ծառայում էին Օքոզիասին, ուստի կոտորեց նրանց։ 9Նա հրամայեց փնտռել գտնել Օքոզիասին։ Նրան բռնեցին Սամարիայում, ուր բուժւում էր։ Նրան բերեցին Յէուի մօտ, որն սպանեց նրան։ Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին, թէ նա որդին է Յոսափատի, որն իր ամբողջ սրտով ձգտում էր Տիրոջը։ Եւ Օքոզիասի տան մէջ չգտնուեց մէկը, որ ձեռք առնէր թագաւորական իշխանութիւնը։
ԳՈԹՈՂԻԱՆ ՏԻՐԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆԸ
10Օքոզիասի մայրը՝ Գոթողիան, երբ տեսաւ, թէ որդին մեռել է, վեր կացաւ ու կոտորեց Յուդայի տան ամբողջ թագաւորական սերունդը։ 11Արքայադուստր Յոսաբեթը, սակայն, գողացաւ Օքոզիասի որդի Յովասին արքայի կոտորուող որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին տեղաւորեց անկողինների սենեակում։ Յոսաբեթը, որը Յորամ արքայի դուստրն էր, Օքոզիասի քոյրը եւ Յովիդայէ քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, ուստի սա չկարողացաւ սպանել նրան։ 12Նա վեց տարի նրա հետ թաքնուած մնաց Աստծու տանը։ Գոթողիան վեց տարի թագաւորեց երկրում։