Երկրորդ Մնացորդաց գիրք
25
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՄԱՍԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
()
1Քսանհինգ տարեկան էր Ամասիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա երուսաղէմացի մօր անունը Յովադին էր։ 2Ամասիասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, բայց ոչ լիակատար սրտով։
3Եւ պատահեց, որ երբ թագաւորութիւնն անցաւ իր ձեռքը, նա սպանեց այն պալատականներին, որոնք սպանել էին իր արքայ հօրը։ 4Նա, սակայն, նրանց որդիներին չսպանեց, ինչպէս գրուած է Տիրոջ օրէնքների ուխտի մէջ, եւ ինչպէս պատուիրել է Տէրը՝ ասելով. «Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, եւ որդիները չպէտք է մեռնեն հայրերի փոխարէն, այլ ամէն ոք պէտք է իր մեղքերի համար մեռնի»։
5Ամասիասը հաւաքեց Յուդայի տան մարդկանց եւ նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարիւրապետներ նշանակեց Յուդայի ամբողջ երկրում ու Երուսաղէմում։ Նա քսան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշուառում կատարեց եւ տեսաւ, որ նրանք պատերազմի ելնելու, նիզակ ու ասպար կրելու ընդունակ երեք հարիւր հազար հոգի են։ 6Բացի այդ, Իսրայէլից նա հարիւր տաղանդ արծաթով հարիւր հազար հզօր մարդ վարձեց։ 7Նրա մօտ Աստծու մի մարդ եկաւ եւ ասաց. «Արքա՛յ, թող Իսրայէլի զօրքերը քեզ հետ չգնան, որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ եւ նոյնիսկ Եփրեմի ոչ բոլոր որդիների հետ է։ 8Եթէ դու կարծում ես, թէ այդ զօրքով ես զօրանալու, ապա Տէրը քեզ պարտութեան կը մատնի քո թշնամիների առջեւ, քանզի Տէրն է թէ՛ յաղթանակ պարգեւողը եւ թէ՛ պարտութեան մատնողը»։ 9Ամասիասն ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարիւր տաղանդը, որ տուել եմ Իսրայէլի զօրքի համար»։ Աստծու մարդն ասաց նրան. «Տէրը քեզ դրանից աւելի՛ն կը տայ»։ 10Ամասիասն իր զօրքից բաժանեց այն զօրքը, որ եկել էր իր մօտ Եփրեմից, որպէսզի իր տեղը վերադառնայ։ Սրանք շատ զայրացան Յուդայի երկրի վրայ եւ բարկութեամբ ու ցասումով վերադարձան իրենց տեղը։
ՊԱՏԵՐԱԶՄ ՍԷԻՐԻ ԴԷՄ
()
11Ամասիասը հզօրանալով՝ վերցրեց իր զօրքն ու գնաց Աղի հովիտը եւ Սէիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։ 12Տասը հազար էլ Յուդայի երկրի մարդիկ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը, բարձունքի եզրից նրանց գահավէժ անելով՝ բոլորին սպանեցին։
13Այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիասը յետ էր դարձրել, որ իր հետ պատերազմի չգնան, յարձակուեցին Յուդայի երկրի քաղաքների վրայ Սամարիայից մինչեւ Բեթորոն, երեք հազար հոգու կոտորեցին եւ բազում աւար տարան։
14Երբ Ամասիասը եդոմայեցիներին ջարդելուց յետոյ վերադարձաւ, իր հետ բերեց Սէիրի որդիների աստուածներին եւ նրանց դարձրեց իր աստուածները, երկրպագեց նրանց, եւ հէնց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում։ 15Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ամասիասի դէմ. Նա նրա մօտ մարգարէներ առաքելով՝ ասաց նրան. «Ինչո՞ւ յարեցիր դու այդ աստուածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»։ 16Երբ նա խօսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թէ քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛յշ եղիր, թէ չէ տանջանքի կ’ենթարկուես»։ Մարգարէն լռեց եւ ապա ասաց. «Գիտեմ, որ Տէրը որոշել է քեզ կործանել, որովհետեւ դու այս բանն արեցիր եւ չանսացիր իմ խրատներին»։
ՊԱՏԵՐԱԶՄ ԻՍՐԱՅԷԼԻ ԴԷՄ
()
17Ամասիասը խորհուրդ արեց եւ Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Ե՛կ, եւ երես առ երես հանդիպենք»։ 18Իսրայէլի արքայ Յովասը Յուդայի երկրի արքայ Ամասիասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. “Քո դստերը իմ որդուն կնութեա՛ն տուր”։ Եւ ահա անցան Լիբանանի անապատի գազանները եւ կոխոտեցին փուշը»։ 19Այնուհետեւ աւելացրեց. «Դու ահա կոտորեցիր եդոմայեցիներին, եւ քո սիրտը լցուել է սնապարծութեամբ։ Այսուհետեւ տանդ նստի՛ր, ինչո՞ւ ես լցւում չարութեամբ։ Դու կը կոտորուես, եւ Յուդայի երկիրն էլ՝ քեզ հետ»։ 20Ամասիասը չլսեց նրան, քանզի Տէրը որոշել էր նրան մատնել Յովասի ձեռքը այն բանի համար, որ յարել էր եդոմայեցիների աստուածներին։ 21Ելաւ Իսրայէլի արքայ Յովասը, եւ նա ու Յուդայի երկրի արքայ Ամասիասն իրար դէմ ելան Բեթսամիւսում, որը Յուդայի երկրում է գտնւում։ 22Յուդայի երկիրը պարտուեց Իսրայէլից, եւ ամէն մարդ իր վրանը փախաւ։ 23Իսրայէլի արքայ Յովասը Բեթսամիւսում գերի բռնեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասին ու տարաւ Երուսաղէմ։ Նա քանդեց Երուսաղէմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը՝ շուրջ երեք հարիւր կանգուն։ 24Նա տարաւ Աբդեդոմի հսկողութեան տակ գտնուող Տիրոջ տան ամբողջ ոսկին, արծաթն ու սպասքը, նաեւ թագաւորի տան գանձերն ու ապօրինածին մարդկանց եւ վերադարձաւ Սամարիա։
ԱՄԱՍԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ
25Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասը Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ ապրեց տասնհինգ տարի։ 26Ամասիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, չէ՞ որ գրուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում։ 27Այն ժամանակ, երբ Ամասիասը հեռացել էր Տիրոջից, զօրքը Երուսաղէմում ապստամբեց նրա դէմ, եւ նա փախաւ Լաքիս։ Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս։ Եւ այնտեղ սպանեցին նրան։ 28Նրա դիակը դրեցին ձիերի վրայ եւ բերեցին ու թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։
Էջմիածին · HYEJB1994