Երկրորդ Մնացորդաց գիրք
26
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕԶԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
(, )
1Եւ երկրի ամբողջ ժողովուրդը առաւ տասնվեցամեայ Օզիասին եւ թագաւոր դարձրեց նրան իր հայր Ամասիասի փոխարէն։ 2Նա վերակառուցեց Ելաթը եւ այն վերադարձրեց Յուդայի երկրին, երբ արքան արդէն գնացել էր իր նախնիների գիրկը։ 3Օզիասը թագաւոր դարձաւ տասնվեց տարեկան հասակում եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա երուսաղէմացի մօր անունն էր Յեքելիա։ 4Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, ըստ այն ամենի, որ իր հայր Ամասիասն էր արել։ 5Զաքարիա իմաստունի կենդանութեան օրօք Օզիասը Տիրոջ երկիւղով Տիրոջն էր յարել։ Նրա օրերին նա Տիրոջը ձգտեց։ Եւ Տէրը նրան յաջողութիւն պարգեւեց։ 6Նա ելաւ ու պատերազմեց այլազգիների դէմ, քանդեց Գեթի պարիսպը, Յաբիսի պարիսպը, Ազոտի պարիսպը եւ այլազգիների մօտ կառուցեց Ազոտի քաղաքները։ 7Տէրը նրան զօրացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների եւ մինեցիների դէմ։ 8Մինեցիները հարկ էին տալիս Օզիասին, եւ նրա անունը տարածուեց մինչեւ Եգիպտոս, որովհետեւ նա շատ հզօրացաւ։ 9Օզիասը կառուցեց Երուսաղէմի աշտարակները Ձորի դռան ու Անկեան դռան մօտ եւ ամրացրեց դրանք։ 10Նա աշտարակներ կառուցեց անապատում եւ բազում ջրհորներ փորեց, որովհետեւ շատ անասուններ ունէր Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում եւ այգեգործներ՝ լեռներում եւ Կարմելոսում. նա սիրում էր երկրագործութիւնը։ 11Օզիասն ունեցաւ մարզուած զօրք՝ պատրաստ պատերազմելու։ Եւ նրա գնդերը մարտի էին ելնում։ Նրանց թիւը յայտնի էր Յեէլ գրագրին, Մասիաս դատաւորին եւ արքայի փոխանորդ Անանիային։ 12Պատերազմի ժամանակ բոլոր քաջազուն ցեղապետների գնդերում լինում էր երկու հազար վեց հարիւր զինուոր։ 13Նրանց հետ կար երեք հարիւր եօթը հազար հինգ հարիւր հոգուց բաղկացած պատերազմող զօրք։ Սրանք էին, որ մեծ հզօրութեամբ օգնելով արքային՝ պատերազմում էին թշնամիների դէմ։ 14Օզիասը ամբողջ զօրքի համար պատրաստել տուեց վահաններ, նիզակներ, սաղաւարտներ, զրահներ, աղեղներ եւ քարանետ պարսատիկներ։ 15Երուսաղէմում նա մեծ վարպետութեամբ սարքուած մեքենաներ պատրաստել տուեց, որոնք պարիսպների ու անկիւնների վրայ դրուելով՝ նետեր ու հսկայ քարեր էին արձակում։ Նրա ռազմական պատրաստութեան մասին լսեցին հեռաստաններում, որովհետեւ նա իր հզօրութեան համար պարտական էր սքանչելի օգնութեան։
ՕԶԻԱՍԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է ԻՐ ԳՈՌՈԶՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
16Երբ Օզիասը զօրացաւ, այնքան մեծամտացաւ, որ անխուսափելի դարձաւ նրա կործանումը։ Նա անիրաւութիւն գործեց իր Տէր Աստծու դէմ. մտաւ Տիրոջ տաճարը եւ խունկ ծխեց խնկի սեղանի վրայ։ 17Նրա յետեւից մտաւ Ազարիաս քահանան, Ազարիասի հետ Տիրոջ ութսուն քահանաներ՝ հզօր մարդիկ, 18որոնք կանգնելով Օզիաս արքայի դիմաց՝ ասացին նրան. «Օզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրաւունք չունես, այլ՝ միայն Ահարոնի որդի քահանաները, որոնք սրբագործուած են խունկ ծխելու համար։ Ելի՛ր սրբարանից, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դէմ, եւ դրա համար Տէր Աստծու առջեւ դու փառք չես գտնի»։ 19Օզիասը զայրացաւ, եւ երբ, իր ձեռքին ունենալով տաճարում խունկ ծխելու բուրվառը, բարկացաւ քահանաների վրայ, բորոտութիւն երեւաց նրա ճակատին, քահանաների առջեւ, Տիրոջ տանը, խնկի սեղանի մօտ։ 20Առաջին քահանան եւ միւս քահանաները նրա կողմը դարձան եւ տեսան, որ նրա ճակատը բորոտութեամբ է պատած, ուստի նրան անմիջապէս դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տէրը պատժել էր նրան։
ՕԶԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ
21Օզիաս արքան բորոտ մնաց մինչեւ իր վախճանը։ Նա տան մէջ մեկուսացած էր նստում բորոտ վիճակում՝ արտաքսուած Տիրոջ տնից։ Նրա որդի Յովաթամը, դառնալով թագաւորական տան վերակացուն, ղեկավարում էր երկրի ժողովրդին։
22Օզիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի է առել Ամոսի որդի Եսայի մարգարէն։ 23Օզիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր նախնիների մօտ, թագաւորների գերեզմանների դաշտում, որովհետեւ նա բորոտ էր։ 24Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Յովաթամը։