Երկրորդ Մնացորդաց գիրք
27
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԹԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ
()
1Քսանհինգ տարեկան էր Յովաթամը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յերուա էր. սա Սադոկի դուստրն էր։ 2Յովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, արեց այն բոլորը, ինչ իր հայր Օզիասն էր արել։ Նա, սակայն, Տիրոջ տաճարը չմտաւ։ Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել։ 3Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը եւ Օփեղի պարսպի վրայ շատ բաներ կառուցեց։ 4Յուդայի երկրի լեռներում ու անտառներում նա կառուցեց քաղաքներ, բնակավայրեր եւ աշտարակներ։ 5Նա կռուեց ամոնացիների արքայի դէմ եւ յաղթեց նրան. ամոնացիները նրան տարեկան հարիւր տաղանդ արծաթ էին տալիս, տասը հազար քոռ ցորեն ու տասը հազար քոռ գարի։ Այս ամէնը Ամոնի արքան բերում էր ամէն տարի՝ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ տարում։ 6Յովաթամը զօրացաւ, որովհետեւ նա ուղիղ էր ընթանում Տիրոջ առաջ նրա ճանապարհներով։
7Յովաթամի մնացեալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում։ 8Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ 9Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աքազը։
Էջմիածին · HYEJB1994