Երկրորդ Մնացորդաց գիրք
28
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ
()
1Երբ Աքազը թագաւոր դարձաւ, քսան տարեկան էր։ Նա տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս որ արել էր իր նախահայր Դաւիթը։ 2Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա կուռքերի քանդակներ պատրաստեց 3եւ Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին կրակի միջով անցկացրեց՝ կատարելով այն հեթանոս ազգերի գարշելի գործերը, որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։ 4Նա խունկ էր ծխում բարձրադիր մեհեաններում, տանիքների վրայ եւ ամէն մի սաղարթաւոր ծառի տակ։
ՊԱՏԵՐԱԶՄ ԱՍՈՐԻՔԻ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԻ ԴԷՄ
()
5Տէրը Աքազ թագաւորին մատնեց Ասորիքի արքայի ձեռքը, որը հարուածեց նրան եւ նրանցից մեծ թուով գերիներ վերցնելով՝ տարաւ Դամասկոս։ Նա նաեւ Իսրայէլի թագաւորի ձեռքը մատնեց նրան, որը մեծամեծ հարուածներ հասցրեց նրան։ 6Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակեէն մի օրում Յուդայի երկրում հարիւր քսան հազար զօրաւոր մարդկանց կոտորեց այն բանի համար, որ նրանք լքել էին իրենց հայրերի Տէր Աստծուն։ 7Եփրեմի սերնդից մի հզօր մարդ՝ Զեքրին, սպանեց արքայի որդի Ամասիասին, նրա տան իշխան Եզրիկամին եւ արքայի փոխանորդ Եղկանային։ 8Իսրայէլացիները Յուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարիւր հազար կին, տղաներ ու աղջիկներ եւ բազում աւար առնելով նրանցից՝ տարան Սամարիա։
ՕԴԵԴ ՄԱՐԳԱՐԷՆ
9Այնտեղ կար Տիրոջ մի մարգարէ, որի անունն էր Օդեդ։ Նա դիմաւորելով Սամարիա եկող զօրքը՝ ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տէր Աստծու բարկութիւնն իջաւ Յուդայի երկրի վրայ, եւ Աստուած նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղութեամբ, որը մինչեւ երկինք հասաւ։ 10Արդ, դուք ուզում էք, որ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի մարդիկ ստրուկներ եւ ստրկուհիներ դառնան։ Բայց չէ՞ որ ես, ահա, ձեզ հետ եմ որպէս ձեր Տէր Աստծու վկայ։ 11Հիմա լսեցէ՛ք ինձ եւ ձեր եղբայրներին ազատեցէ՛ք գերութիւնից, թէ չէ Տիրոջ կատաղի բարկութիւնը կ’իջնի ձեզ վրայ»։
12Եփրեմի սերնդի իշխանները՝ Յովնանի որդի Ազարիասը, Մոսոքլոմոթի որդի Բարաքիասը, Ելեմի որդի Եզեկիասը եւ Ադլիայի որդի Մաասիասը ելան պատերազմից եկողների դէմ եւ ասացին նրանց. 13«Այդ գերիներին մեզ մօտ մի՛ բերէք, որովհետեւ Տիրոջ դէմ մեզ մեղանչել էք տալիս եւ աւելացնում էք մեր մեղքերն ու անխելքութիւնը։ Բազում են ձեր այդ մեղքերը, եւ Տիրոջ կատաղի զայրոյթը Իսրայէլի վրայ է»։ 14Պատերազմողները ազատ արձակեցին գերիներին եւ վերադարձրին աւարը իշխանների եւ բոլոր ժողովականների առջեւ։ 15Այս գործի համար յականէ յանուանէ նշանակուած մարդիկ վեր կացան եւ խնամեցին գերիներին, բոլոր մերկերին հագցրին աւարի մէջ եղած հագուստներից, տուեցին կօշիկներ, կերցրին, իւղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տուեցին ու տարան Երիքով՝ արմաւենիների քաղաքը, իրենց եղբայրների մօտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։
ԱՔԱԶԸ ՕԳՆՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ԱՍՈՐԵՍՏԱՆԻՑ
()
16Այդ ժամանակ Աքազը լուր ուղարկեց Ասորեստանի արքային, որ օգնի իրեն, 17քանզի եդոմայեցիները յարձակուել էին Յուդայի երկրի վրայ, հարուածել, գերիներ տարել։ 18Այլազգիները յարձակուել էին Դաշտավայրի քաղաքների վրայ, լիբէացիները եկել էին Յուդայի երկիրը, գրաւել Բեթսամիւսը, Այելոնը, Գադերոթը, Սոկքովն ու նրա գիւղերը, Թամնան ու նրա գիւղերը, Գամեզերն ու նրա գիւղերը եւ բնակուել այնտեղ։ 19Տէրը ընկճել էր Յուդայի երկիրը Յուդայի արքայ Աքազի պատճառով, որը, անհաւատարիմ լինելով, հեռացել էր Տիրոջից։ 20Նրա վրայ յարձակուեց Ասորեստանի արքայ Թագղաթփաղասարը, հարուածեց նրան, 21իսկ Աքազը, առնելով Տիրոջ տանը եւ թագաւորի ու իշխանների տանը եղած ամէն ինչը, յանձնեց Ասորեստանի արքային, որը ոչ միայն չօգնեց իրեն, այլ ինքը եւս նեղեց իրենց։
ԱՔԱԶԻ ՍԽԱԼՆԵՐԸ
22Եւ էլ աւելի հեռանալով Տիրոջից՝ 23արքան ասաց. «Ես պիտի յարեմ Դամասկոսի աստուածներին, որոնք ինձ հարուածեցին»։ Նա նաեւ ասաց. «Քանի որ Ասորեստանի թագաւորի աստուածները զօրաւոր են, այսուհետեւ նրա՛նց զոհեր կը մատուցեմ, եւ նրանք ինձ կ’օգնեն»։ Սակայն այդ աստուածները նրա ու ամբողջ Իսրայէլի առաջ խոչընդոտներ յարուցեցին։
24Աքազը Տիրոջ տան սպասքը վերցրեց, կտոր-կտոր արեց, Տիրոջ տան դռները փակեց եւ իր համար զոհասեղաններ դրեց Երուսաղէմի ամէն մի անկիւնում։ 25Յուդայի երկրի բոլոր քաղաքներում բարձրադիր մեհեաններ կառուցեցին, խունկ ծխեցին օտար աստուածների առաջ եւ զայրացրին իրենց հայրերի Տէր Աստծուն։
26Աքազի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում։ Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, քանզի նրան թագաւորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարէն թագաւորեց Եզեկիասը։
Էջմիածին · HYEJB1994