Երկրորդ Մնացորդաց գիրք

29

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԵԶԵԿԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

()

1Եզեկիասը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ։ Նա քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Աբաութ էր։ Սա Զաքարիայի դուստրն էր։ 2Եզեկիասը արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր Դաւիթը։

ՏԱՃԱՐԻ ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ

3Երբ Եզեկիասը հաստատուեց իր թագաւորութեան մէջ, առաջին ամսին նա բացեց Տիրոջ տան դռները եւ նորոգեց դրանք։ 4Նա ներս տարաւ քահանաներին ու ղեւտացիներին եւ կանգնեցրեց արեւելեան կողմը։ 5Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք, ղեւտացինե՛ր, այսուհետեւ պէտք է սրբուէք ու սրբէք ձեր հայրերի Տէր Աստծու տունը, պղծութիւնները պէտք է դուրս հանէք սրբարաններից։ 6Մեր հայրերը անհաւատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջեւ, լքեցին նրան եւ իրենց երեսները շուռ տուեցին Տիրոջ խորանից, 7ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, չծխեցին եւ զոհեր չմատուցեցին Իսրայէլի սուրբ Աստծուն։ 8Տէրը խիստ զայրացաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ եւ նրանց մատնեց յիմարութեան, կորստեան ու խայտառակութեան, ինչպէս դուք տեսնում էք ձեր աչքերով։ 9Եւ ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները եւ կանայք գերութեան մէջ են ոչ իրենց երկրում, ուր գտնւում են այժմ։ 10Եկէ՛ք մենք սրտանց ուխտ դնենք Իսրայէլի Տէր Աստծու հետ, որ նա իր բարկութիւնը վերացնի մեզնից։ 11Արդ, այսուհետեւ անհոգութիւն մի՛ արէք, քանզի Տէրը ձեզ ընտրել է, որ կանգնէք նրա առջեւ, պաշտէք նրան, սպասաւորէք ու խունկ ծխէք»։

12Ոտքի ելան ղեւտացիները՝ Կահաթի տոհմից Ամասիի որդի Մայէթը, Զաքարիայի որդի Յովէլը, Մերարիի տոհմից Աբդիի որդի Կիսը, Յելէլի որդի Ազարիասը, Զեմաթի որդի Յովան, Յովաքայի որդի Յովադան, 13Եղիսափանի տոհմից Սամարին եւ Էիէլը, Ասափի տոհմից Զաքարիասը եւ Մաաթանիասը, 14Եմանի տոհմից Էիէլը եւ Սեմէին, Իդիթունի տոհմից Սամիասը եւ Օզիէլը։ 15Սրանք հաւաքեցին իրենց եղբայրներին եւ, ըստ թագաւորի պատուիրանի ու Տիրոջ հրամանի, իրենք սրբուեցին, որ սրբեն Տիրոջ տունը։ 16Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, եւ դուրս հանեցին այն ամէն տեսակ աղտեղութիւնները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գաւթում։ Ղեւտացիները դուրս հանեցին դրանք եւ առան տարան Կեդրոնի հեղեղատը։ 17Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին մաքրել այն եւ ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը եւ առաջին ամսի տասնվեցերորդ օրը աւարտեցին աշխատանքը։

ՏԱՃԱՐԻ ՎԵՐԸՆԾԱՅՈՒՄԸ

18Նրանք գնացին Եզեկիաս արքայի մօտ եւ ասացին. «Մաքրեցինք Տիրոջ տան մէջ եղած ամէն ինչ՝ ողջակէզների զոհասեղանն ու նրա սպասքը, առաջաւորութեան սեղանն ու նրա սպասքը 19եւ այն բոլոր անօթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագաւորութեան ու Տիրոջ հանդէպ իր անհաւատարմութեան ժամանակ, կարգի բերել եւ մաքրել ենք. եւ ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջեւ են»։

20Եզեկիաս արքան առաւօտ կանուխ վեր կացաւ ու հաւաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը։ 21Նա եօթը զուարակ, եօթը խոյ, եօթը գառ եւ եօթը նոխազ զոհեց թագաւորութեան, սրբութիւնների ու Իսրայէլի մեղքերի քաւութեան համար։ Նա ասաց քահանաներին՝ Ահարոնի որդիներին. «Մօտեցէ՛ք Տիրոջ զոհասեղանին եւ մորթեցէ՛ք զուարակները»։ 22Քահանաները վերցրին զոհերի արիւնը եւ ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին խոյերը եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին գառները եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ։ 23Նոխազները մեղքերի քաւութեան համար մատուցեցին արքայի ու ժողովրդի առջեւ եւ իրենց ձեռքերը դրեցին դրանց վրայ։ 24Քահանաները մորթեցին դրանք եւ արիւնը քաւութեան համար զոհասեղանի վրայ ցանեցին ու քաւութիւն արեցին ամբողջ Իսրայէլի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակէզները եւ մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը ամբողջ Իսրայէլի համար անեն։ 25Ղեւտացիներին տեղաւորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տաւիղներով ու քնարներով, ինչպէս պատուիրել էին արքան, թագաւորի տեսանող Գադն ու Նաթան մարգարէն, քանզի Տիրոջ պատուիրանով հրամանը մարգարէների միջոցով էր տրւում։ 26Ղեւտացիները կանգնեցին Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով, իսկ քահանաները՝ շեփորներով։ 27Եզեկիասը կարգադրեց, որ ողջակէզները դնեն զոհասեղանի վրայ։ Երբ սկսեցին ողջակէզները դնել զոհասեղանի վրայ, սկսեցին օրհներգել Տիրոջը Իսրայէլի Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով ու շեփորներով։ 28Բոլոր հաւաքուածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորներ հնչեցնում մինչեւ ողջակէզների մատուցման աւարտը։ 29Երբ ողջակէզների մատուցումը վերջացրին, թագաւորը խոնարհուեց, եւ բոլոր քահանաները երկրպագեցին։ 30Եզեկիաս արքան ու իշխանները ղեւտացիներին հրամայեցին, որ Տիրոջը օրհնեն Դաւթի ու Ասափ մարգարէի խօսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախութեամբ եւ երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։ 31Եզեկիաս արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք լի ձեռքերով էք ներկայանում Տիրոջը, այսուհետեւ էլ այդպէս մօտեցէ՛ք եւ ընծաներ բերէ՛ք»։ Եւ հաւաքուածները օրհնութեան նուէրներ բերեցին Տիրոջ , իսկ ովքեր սրտով յօժար էին, ողջակէզներ մատուցեցին։ 32Հաւաքուածների մատուցած ողջակէզների թիւը այս էր. եօթանասուն զուարակ, հարիւր խոյ, երկու հարիւր գառ. սրանք բոլորը իբրեւ ողջակէզ մատուցուեցին Տիրոջը։ 33Նուիրաբերուած զուարակները վեց հարիւր էին, ոչխարները՝ երեք հազար։ 34Քահանաները սակաւաթիւ էին, ուստի չէին կարողանում հասցնել մորթել ողջակէզները։ Նրանց օգնում էին իրենց ղեւտացի եղբայրները, մինչեւ որ գործն աւարտուեց, եւ քահանաները մաքրուեցին. ղեւտացիներն աւելի տրամադիր էին մաքրուելու, քան քահանաները։ 35Խաղաղութեան ու փրկութեան ողջակէզների հետ մէկտեղ, որոնք առատ էին ճարպերով, կային նաեւ ոչ կենդանական նուիրաբերումներ։ Այսպիսով Տիրոջ տանը կարգի դրուեց սպասաւորութեան գործը։ 36Եզեկիասն ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ սպասաւորութեան գործը կարգի էր բերել ժողովրդի համար. եւ այդ գործը երկար ժամանակ չխլեց։

Էջմիածին · HYEJB1994