Երկրորդ Մնացորդաց գիրք
30
ԶԱՏԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ
1Եզեկիասն ամբողջ Իսրայէլ ու Յուդայի երկիր մարդ ուղարկեց, նամակ գրեց Եփրեմի ու Մանասէի երկրների բնակիչներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղէմ՝ Իսրայէլի Աստծու զատիկը կատարելու։ 2Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնւում էին Երուսաղէմում, որոշեցին զատիկը տօնել երկրորդ ամսին, 3որովհետեւ չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բաւական թուով քահանաներ դեռ չէին մաքրուել, եւ ժողովուրդը չէր հաւաքուել Երուսաղէմում։ 4Սա ընդունելի թուաց արքային ու հաւաքուածներին, 5եւ նրանք որոշեցին, որ ամբողջ Իսրայէլ լուր ուղարկեն, Բերսաբէէից մինչեւ Դան, որպէսզի գան եւ Իսրայէլի Տէր Աստծու զատիկը տօնեն Երուսաղէմում, քանզի քիչ մարդ էր հաւաքուել, հակառակ Գրուածքի թելադրանքին։
6Սուրհանդակները, ըստ թագաւորի հրամանի, թագաւորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայէլի ու Յուդայի բնակիչների մօտ եւ ասացին իսրայէլացիներին. «Դարձէ՛ք դէպի Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Տէր Աստուածը, որ նա էլ դառնայ դէպի փրկուածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատուածներդ։ 7Մի՛ նմանուէք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին իրենց հայրերի Տէր Աստծու դէմ, եւ նա նրանց կործանման մատնեց, ինչպէս դուք տեսնում էք։ 8Արդ, կամակորութիւն մի՛ արէք, փա՛ռք տուէք Աստծուն, մտէ՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է յաւիտեան, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն, որ նա ձեր վրայից վերացնի իր սաստիկ բարկութիւնը։ 9Եթէ դառնաք դէպի Տէրը, ձեր եղբայրներն ու որդիները գթութիւն կը գտնեն իրենց գերեվարողների մօտ, եւ Նա նրանց կը վերադարձնի այս երկիրը։ Մեր Տէր Աստուածը ողորմած ու գթառատ է եւ մեզնից երես չի թեքի, եթէ մեր երեսն ուղղենք դէպի Նա»։
10Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասէի լեռները մինչեւ Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։ 11Ասերի, Մանասէի եւ Զաբուղոնի բնակիչները, սակայն, խոնարհ գտնուեցին եւ եկան Երուսաղէմ ու Յուդայի երկիրը։ 12Տիրոջ ձեռքը նրանց միասիրտ դարձրեց, որ նրանք գան ու կատարեն արքայի ու իշխանների հրամանը, ինչպէս ասել էր Տէրը։
ԶԱՏԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
13Երուսաղէմում մեծ բազմութիւն հաւաքուեց՝ չափազանց շատ ժողովականներ, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տօնը։ 14Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղէմում եւ բոլոր վայրերում, ուր խունկ էին ծխում սուտ աստուածներին, եւ դրանք կործանելով գցեցին Կեդրոնի հեղեղատը։ 15Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղեւտացիները, ամաչելով, մաքրուեցին եւ ողջակէզները տարան ներս՝ Տիրոջ տունը։ 16Նրանցից իւրաքանչիւրը, ըստ իրենց Օրէնքի, կանգնեց իր տեղում, ինչպէս պատուիրել էր Աստծու մարդ Մովսէսը, եւ քահանաները զոհի արիւնն ընդունում էին ղեւտացիների ձեռքից։ 17Քանի որ հաւաքուածներից շատերը դեռ չէին մաքրուած, ուստի ղեւտացիները զատկի զոհեր էին մորթում նաեւ նրանց համար, ովքեր Տիրոջ համար դեռ չէին մաքրուած։ 18Քանի որ Եփրեմի, Մանասէի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը չէին մաքրուած, ուստի նրանք զատիկը կերան, հակառակ Գրուածքի թելադրանքին։ Եզեկիասը նրանց համար աղօթելով՝ ասաց. 19«Բարերա՛ր Տէր, ողորմի՛ր բոլոր ուղիղ սիրտ ունեցողներին, որոնք քեզ՝ իրենց հայրերի Տէր Աստծուն են յարում, թէեւ, ըստ սրբարանի մաքրութեան, մաքրուած չեն»։ 20Տէրը լսեց Եզեկիասին ու բուժեց ժողովրդին։
21Երուսաղէմում գտնուող իսրայէլացիները Բաղարջակերաց տօնը եօթը օր տօնեցին մեծ ուրախութեամբ՝ ամէն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղեւտացիները նուագակցում էին Տիրոջ փառաբանութեանը յատկացուած նուագարաններով։ 22Եզեկիասը համոզեց բոլոր ղեւտացիներին եւ միւս իմաստուններին, որոնց ծանօթ էր Տիրոջ բարի հանճարը, եւ նրանք եօթը օր կատարեցին Բաղարջակերաց տօնը՝ փրկութեան զոհեր մատուցելով ու իրենց հայրերի Տէր Աստծուն գովաբանելով։
23Եւ հաւաքուածները միահամուռ առաջարկեցին եօթը օր եւս տօն կատարել. եւ եօթը օր եւս ուրախութիւն արեցին։ 24Եզեկիասը Յուդայի երկրից հաւաքուածներին տուել էր հազար զուարակ ու եօթը հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տուեցին հազար զուարակ եւ տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրուեցին, 25եւ բոլոր ժողովականները՝ քահանաներն ու ղեւտացիները, ինչպէս նաեւ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ նրանք, որ Իսրայէլից էին կամ Իսրայէլի երկրից էին եկել ու Յուդայի երկրում էին բնակւում, ուրախացան։ 26Երուսաղէմում մեծ ուրախութիւն եղաւ. Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տօն չէր եղել Երուսաղէմում։
27Ոտքի ելան քահանաներն ու ղեւտացիները եւ օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի դարձաւ, ու նրանց աղօթքը հասաւ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
Էջմիածին · HYEJB1994