Երկրորդ Մնացորդաց գիրք
31
ԵԶԵԿԻԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՏԱՃԱՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
1Երբ այս ամէնն աւարտուեց, ոտքի ելան Յուդայի երկրի քաղաքներում գտնուող բոլոր իսրայէլացիները, ամբողջ Հրէաստանում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասէի երկրներում իսպառ փշրեցին արձանները, կոտորեցին կուռքերը, կործանեցին բարձրադիր մեհեաններն ու բագինները։ Եւ բոլոր իսրայէլացիներից իւրաքանչիւրը վերադարձաւ իր կալուածքը եւ իր քաղաքը։
2Եզեկիասը քահանաների ու ղեւտացիների դասին նշանակեց հանապազօրեայ սպասաւորութեան, քահանայ լինեն թէ ղեւտացի, ամէն մէկին ըստ իր պաշտօնի, որպէսզի ողջակէզներ ու փրկութեան զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գովաբանեն եւ ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մօտ։ 3Թագաւորն իր ունեցուածքից բաժին հանեց առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզների, շաբաթ օրերի, ամսամուտների եւ տօների ողջակէզների համար, ինչպէս գրուած է Տիրոջ Օրէնքում։ 4Նա Երուսաղէմում բնակուող ժողովրդին կարգադրեց, որ բաժին տան քահանաներին ու ղեւտացիներին, որպէսզի սրանք կարողանան կատարել Տիրոջ տան ծառայութիւնը։ 5Երբ այս բանը հրամայեց, իսրայէլացիները առատօրէն բերեցին ցորենի, գինու, ձէթի, մեղրի եւ դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները առատօրէն բերեցին նաեւ ամէն ինչի տասանորդը։ 6Յուդայի երկրի քաղաքներում բնակուողները նոյնպէս բերեցին զուարակների ու ոչխարների տասանորդները, բերեցին եւ դարսեցին կոյտ-կոյտ։ 7Կոյտերն սկսեցին դիզուել երրորդ ամսին եւ աւարտի հասան եօթներորդ ամսին։ 8Եզեկիասն ու իշխանները եկան տեսան կոյտերը եւ օրհնեցին Տիրոջն ու նրա իսրայէլացի ժողովրդին։ 9Եզեկիասը քահանաներին ու ղեւտացիներին հարցրեց կոյտերի մասին, 10եւ Ազարիաս քահանան՝ Սադոկի տան իշխանը, ասաց նրան. «Այն բանից յետոյ, երբ սկսեցին նուէրներ բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու խմեցինք եւ թողեցինք այդ մնացորդները, քանզի ամենակալ Տէրն օրհնեց իր այդ ժողովրդին, եւ ահա այսքան շատ էլ աւելացել է»։
11Եզեկիասն ասաց. «Ուրիշ շտեմարաններ եւս պատրաստեցէ՛ք Տիրոջ տանը»։ 12Պատրաստեցին եւ այնտեղ հաւատարմութեամբ բերեցին նուէրներն ու տասանորդները։ Դրանց վերակացուն ղեւտացի Քոքենիասն էր, իսկ նրա եղբայր Սեմէին իր փոխանորդն էր։ 13Յեիէլը, Օզիասը, Նաթանը, Ասայէլը, Յերիմոթը, Յոզաբադը, Ելիէլը, Սամաքիան, Մաաթը, Բանեասն ու նրա որդիները օգնում էին Քոքենիասին ու նրա եղբայր Սեմէիին, ինչպէս հրամայել էր Եզեկիաս արքան։ 14Ազարիասը Տիրոջ տան ղեկավարն էր, ղեւտացի Յեմնայի որդի Կորէն արեւելեան կողմի դռան պահապանն էր, Տիրոջը մատուցուող նուէրների եւ ամենասուրբ իրերի վերակացուն, 15որին հաւատարմօրէն օգնում էին Օդոմը, Բենիամինը, Յեսուն, Սեմէին, Մարիսը, Սեքինիան ու քահանաները։ Նրանք, ըստ ամենօրեայ սպասաւորութեան, ըստ մեծի ու փոքրի, դրանք պիտի բաժանէին իրենց եղբայրներին, 16նաեւ երեք տարեկանից բարձր տարիք ունեցող արական սեռի մարդկանց, ամէն մէկին, ով ամէն օր մտնում էր Տիրոջ տունը՝ ըստ իր կարգի ամենօրեայ սպասաւորութիւն կատարելու։ 17Քահանաները հաշուառուած էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող ղեւտացիները արձանագրուած էին ըստ իրենց ամենօրայ պաշտօնի։ 18Սրանք արձանագրուած էին իրենց նոր ծնուած տղաներով եւ աղջիկներով ու ամբողջ բազմութեամբ, քանի որ սրանք հաւատարմօրէն սրբագործեցին սրբազան վայրը։ 19Ահարոնի քահանայ դարձած որդիներին օգնելու համար ամէն մի քաղաքում յականէ յանուանէ նշանակուեցին մարդիկ, որոնք բաժին պէտք է հանէին արական սեռի բոլոր քահանաներին ու ղեւտացիների ցուցակի մէջ մտած մարդկանց։
20Եզեկիասն այսպէս արեց ամբողջ Յուդայի երկրում. նա Տիրոջ առաջ բարի եւ ուղիղ գործ կատարեց։ 21Ամէն մի գործ, որին ձեռնարկեց թէ՛ Տիրոջ տանը ծառայելիս, թէ՛ Տիրոջ օրէնքն ու պատուիրանը կատարելիս, իր ամբողջ սրտով յարեց Աստծուն, կատարեց եւ յաջողութիւն ունեցաւ։
Էջմիածին · HYEJB1994