Երկրորդ Մնացորդաց գիրք

32

ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՎՐԱՅ

(, , , )

1Այս բաներից եւ հաւատարմութեամբ արուած գործերից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը։ Նա ասում էր, որ կը գրաւի դրանք։ 2Եզեկիասը տեսնելով, որ Սենեքերիմը իր դէմ է եկել պատերազմելու Երուսաղէմի դիմաց, 3խորհրդակցեց ծերերի ու զինուորականների հետ քաղաքից դուրս գտնուող աղբիւրների ջրերը փակելու մասին։ Եւ փակեցին դրանք։ 4Նա մեծ թուով մարդկանց հաւաքեց, որոնք փակեցին աղբիւրների ջրերն ու գետի ճանապարհը, որ բաժանում էր քաղաքը՝ նրա միջով անցնելով։ Նրանք ասացին. «Չլինի, թէ Ասորեստանի արքան, գալով, առատ գտնի եւ հզօրանայ»։ 5Եզեկիասը զօրացաւ եւ վերաշինեց բոլոր կործանուած պարիսպներն ու աշտարակները, ինչպէս նաեւ կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դաւթի քաղաքի պատնէշները եւ շատ զէնք կուտակեց։ 6Նա զօրքերի վրայ հրամանատարներ նշանակեց, որոնք հաւաքուեցին նրա մօտ Ձորի հրապարակում։ Նա սրտապնդեց նրանց՝ ասելով. 7«Զօրացէ՛ք ու քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք Ասորեստանի թագաւորից եւ այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետեւ մեզ հետ եղածներն աւելի շատ են, քան նրանց հետ եղածները։ 8Նրանք ունեն մարմնաւոր բազուկներ, իսկ մեզ հետ է մեր Տէր Աստուածը, որ մեզ կը փրկի ու մեր պատերազմը ինքը կը մղի»։ Եւ ժողովուրդը քաջալերուեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասի խօսքերից։

ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

9Դրանից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը իր զօրապետներին ուղարկեց , իսկ ինքը իր ամբողջ զօրքով մնաց Լաքիսում։ Նա լուր ուղարկեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասին, որ Երուսաղէմում էր։ Նա երուսաղէմացիներին դիմելով՝ ասում էր. 10«Այսպէս է ասում Ասորեստանի արքայ Սենեքերիմը. “Ո՞ւմ ապաւինելով էք դուք նստել Երուսաղէմի ամրոցում։ 11Չէ՞ որ Եզեկիասը ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահուան, սովի ու ծարաւի՝ ասելով. “Ձեր Տէր Աստուածը կը փրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից”։ 12Դա այն Եզեկիասը չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, բարձրադիր մեհեանները եւ ասաց Յուդայի՝ Երուսաղէմի բնակիչներին. “Միայն այս զոհասեղանի առջեւ պէտք է երկրպագէք եւ այս զոհասեղանի վրայ պիտի մատուցէք”։ 13Դուք չգիտէ՞ք, թէ ինչ ենք արել ես եւ իմ հայրերը բոլոր ժողովուրդներին ու երկրներին։ Մի՞թէ բոլոր այդ երկրների ազգերի աստուածները կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից։ 14Այս ազգերի բոլոր աստուածներից ո՞ր մէկին իմ հայրերը չկործանեցին, մի՞թէ կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից, եւ ինչպէ՞ս կարող է ձեր Աստուածը ձեզ իմ ձեռքից փրկել։ 15Արդ, Եզեկիասը թող ձեզ չխաբի, թող ձեզ չյուսադրի։ Մի՛ հաւատացէք նրան, քանզի բոլոր ազգերի ու թագաւորութիւնների աստուածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ եւ իմ նախնիների ձեռքից. ձեր Աստուածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից»։ 16Եւ դեռ աւելին խօսեցին նրա ծառաները Տէր Աստծու եւ նրա ծառայ Եզեկիասի մասին։

ՍԵՆԵՔԵՐԻՄԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ

17Սենեքերիմը նամակ էր գրել, ուր հայհոյում էր Իսրայէլի Տէր Աստծուն եւ որի մասին ասում էր. «Երկրի ուրիշ ազգերի աստուածները իրենց ժողովուրդներին չփրկեցին իմ ձեռքից, նոյնպէս եւ Եզեկիասի Աստուածը իր ժողովրդին չի փրկի իմ ձեռքից»։ 18Եւ Սենեքերիմի զօրապետները բարձրաձայն դիմեցին Երուսաղէմի պարսպի վրայ եղած ժողովրդին, որ օգնեն իրենց՝ քանդեն պարիսպը, որպէսզի իրենք շուտափոյթ գրաւեն քաղաքը։ 19Նա խօսեց Երուսաղէմի Աստծու մասին այնպէս, ինչպէս կը խօսեն երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտուած աստուածների մասին։

ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ. ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՄԱՀԸ

20Եզեկիաս արքան եւ Ամոսի որդի Եսայիաս մարգարէն արեցին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք։ 21Տէրը հրեշտակ ուղարկեց եւ բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնուող բոլոր զօրաւոր մարդկանց եւ պատերազմիկներին, իշխաններին ու զօրագլուխներին։ Սենեքերիմը ամօթապարտ վերադարձաւ իր երկիրը, գնաց իր աստուածների տունը, եւ իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին իրեն։ 22Տէրը Եզեկիասին ու Երուսաղէմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից, եւ նրանց երկրի բոլոր վայրերում խաղաղութիւն տիրեց։ 23Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղէմ եւ ընծաներ՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիասին։ Եզեկիասը բարձրացաւ բոլոր ազգերի աչքին։

ԵԶԵԿԻԱՍԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

(, , )

24Դրանից յետոյ այդ օրերին Եզեկիասը մերձիմահ հիւանդացաւ։ Նա աղօթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցոյց տուեց, 25բայց Եզեկիասն իր նկատմամբ ցոյց տրուած բարերարութեան համեմատ չհատուցեց, այլ մեծամտացաւ, ուստի բարկութիւն իջաւ նրա, Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ։ 26Եզեկիասը հրաժարուեց իր մեծամտութիւնից, նոյնպէս եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այլեւս Եզեկիասի թագաւորութեան օրօք Տիրոջ բարկութիւնը չիջաւ նրանց վրայ։

ԵԶԵԿԻԱՍԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ

27Եզեկիասը շատ մեծ հարստութեան եւ փառքի տիրացաւ։ Նա իր համար ոսկու, արծաթի եւ թանկարժէք քարերի գանձարաններ ստեղծեց, նաեւ հաւաքեց մեծ քանակութեամբ , զէնք, թանկարժէք անօթներ։ 28Նա կառուցել տուեց ցորենի, գինու եւ ձէթի շտեմարաններ, գիւղեր, ամէն տեսակ անասունների ախոռներ, հօտերի համար գոմեր, 29իր համար քաղաքներ։ Նա մեծ թուով ոչխարներ ու արջառներ ունեցաւ, որովհետեւ Տէրը նրան չափազանց շատ հարստութիւն էր տուել։ 30Նոյն այս Եզեկիասը փակեց Վերին Գեհոնի ջրի ընթացքը եւ այն ուղղեց ցած՝ դէպի Դաւթի քաղաքի արեւմտեան կողմը։ Եզեկիասի բոլոր գործերը յաջողութիւն ունեցան։

31Երբ Բաբելոնից իշխաններ եւ դեսպաններ ուղարկեցին նրա մօտ՝ հարցնելու նրան իր մասին եւ իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տէրը ազատ թողեց նրան՝ փորձելու եւ գիտենալու համար, թէ ի՞նչ կայ նրա սրտում։

ԵԶԵԿԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

()

32Եզեկիասի մնացած գործերը եւ նրա բարեպաշտութիւնը ահա գրի են առնուած Ամոս մարգարէի որդի Եսայիասի մարգարէութեան մէջ եւ Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում։ 33Եզեկիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին մի բարձր տեղ, Դաւթի յետնորդների գերեզմանների վերին մասում։ Նրա մահուան առթիւ նրանց ու պատիւ տուեցին ամբողջ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչները։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Մանասէն։

Էջմիածին · HYEJB1994