Երկրորդ Մնացորդաց գիրք
4
1Նա պղնձէ զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարութեամբ, քսան կանգուն լայնութեամբ ու տասը կանգուն բարձրութեամբ։
2Ձուլածոյ մեծ աւազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձեւ, հինգ կանգուն բարձրութեամբ եւ երեսուն կանգուն շրջագծով։ 3Դրա տակ շուրջանակի կային ձուլածոյ եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Զուարակները միաձոյլ էին։ 4Զուարակները տասներկու հատ էին. երեքը նայում էին հիւսիս, երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ, երեքը նայում էին արեւելք։ Աւազանը տեղադրուած էր դրանց վրայ, եւ դրանց գաւակներն ուղղուած էին դէպի ներս։ 5Մեծ աւազանի խորութիւնը մէկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակուած, եւ երեք հազար չափ տարողութիւն ունէր։ Նա այս ամէնն աւարտեց։
6Նա պատրաստեց տասը աւազան. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մէջ լուանան ու ողողեն ողջակիզման գործիքները, իսկ մեծ աւազանը նրա համար էր, որ քահանաները լուացուեն դրա մէջ։
7Նա պատրաստեց տասը ոսկէ աշտանակներ ըստ եղած նմուշի եւ դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։
8Նա պատրաստեց տասը զոհասեղաններ ու դրեց տաճարի մէջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց հարիւր ոսկէ տաշտեր։
9Նա պատրաստեց քահանաների սրահը, մեծ սրահն ու սրահի դռները եւ դրանց փեղկերը պատեց պղնձով։ 10Մեծ աւազանը զետեղեց տաճարի աջ անկիւնը՝ ուղղուած դէպի արեւելք։ 11Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Նա վերջացրեց այն բոլոր գործերը, որ Սողոմոն արքան հրամայել էր պատրաստել Աստծու տան մէջ։ 12Քիրամը պատրաստեց երկու սիւներն ու նրանց վրայի խոյակները, սիւների խոյակների վրայի երկու վերնախարիսխները, երկու վանդակապատ ցանցերը, որ ծածկում էին վերնախարիսխների խոյակները, եւ որոնք սիւների գլխին էին։ 13Նա պատրաստեց նաեւ չորս հարիւր ոսկէ զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար եւ նռան ծաղկաբողբոջների երկու շարքեր ամէն մի վանդակապատ ցանցի համար, որպէսզի դրանցով ծածկեն սիւների վրայ դրուած երկու խոյակները։ 14Նա պատրաստեց տասը խարիսխներն ու խարիսխների վրայ դրուած աւազանները, 15մի աւազանն իր տակ գտնուող տասներկու զուարակներով, 16կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը, որ Քիրամն էր պատրաստել, եւ տարաւ Սողոմոնի մօտ՝ Տիրոջ տունը։ 17Այդ բոլորն արքան ձուլել տուեց մաքուր պղնձից Յորդանան գետի հովտում գտնուող մի ընդարձակ վայրում, Սոքոթի տանը, Սարեթի բնակավայրում, թանձր հողի մեջ։ 18Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակութեամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չունէր։ 19Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհասեղանն ու այլ սեղաններ, որոնց վրայ առաջաւորութեան հաց պէտք է դրուէր, 20աշտանակները, լոյսի ճրագները, որոնք, ըստ ընդունուած կարգի, վառւում էին սրբարանի դիմաց եւ մաքուր ոսկուց էին պատրաստուած։ 21Նա պատրաստեց նաեւ կանթեղները, ունելիները, տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նոյնպէս մաքուր ոսկով էին սարքուած, 22Սրբութիւնների սրբութեան դահլիճի ներսի դռներն ու տաճարի դռները, որոնք ոսկուց էին։