Երկրորդ Մնացորդաց գիրք
5
1Սողոմոնն աւարտելով Տիրոջ տան կառուցման ամբողջ գործը՝ իր հայր Դաւթի սրբութիւնները, արծաթն ու ոսկին եւ սպասքը տարաւ ներս ու դրեց Տիրոջ տան գանձարանը։
ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ԲԵՐՒՈՒՄ Է ՏԱՃԱՐ
()
2Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմում հաւաքեց Իսրայէլի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայէլացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ 3Տօն կատարելու համար եօթներորդ ամսին արքայի մօտ հաւաքուեցին Իսրայէլի բոլոր տղամարդիկ։ 4Եկան Իսրայէլի բոլոր ծերերը։ Բոլոր ղեւտացիները վերցրին տապանակը, վկայութեան խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը, 5եւ քահանաներն ու ղեւտացիները տարան դրանք։ 6Սողոմոն արքան, բոլոր իսրայէլացիները, աստուածավախ եւ տապանակի առջեւ հաւաքուած մարդիկ զուարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիւն անհնար էր հաշուել շատութեան պատճառով։ 7Ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբութիւնների սրբութեան մէջ, քերովբէների թեւերի տակ։ 8Քերովբէներն իրենց թեւերը տարածելով տապանակի վրայ՝ վերեւից ծածկում էին տապանակն ու այն վերցնելու ձողերը։ 9Ձողերը շուրջը բռնել էին եւ դրանց ծայրերը երեւում էին միայն Սրբութիւնների սրբութիւնից, իսկ դրսից չէին երեւում։ Դրանք մինչեւ այսօր էլ այնտեղ են։ 10Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի երկու տախտակներից, որ Մովսէսն էր դրել այնտեղ Քորէբում։ Դրանցով Տէրն ուխտ էր դրել իսրայէլացիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից։
ԱՍՏՈՒԱԾ ՏԷՐ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՐ ՏԱՃԱՐԻՆ
11Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնուող բոլոր քահանաներն էլ սրբագործուել էին եւ չէին նշանակուած ըստ իրենց ամենօրեայ սպասաւորութեան), 12բոլոր սաղմոսերգու ղեւտացիները՝ Ասափի, Եմանի եւ Իդիթոմի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզէ պատմուճաններ հագած, տաւիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արեւելեան կողմը կանգնեցին։ 13Նրանց հետ կային հարիւր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները միաբերան իրենց ձայնը բարձրացնելով՝ ասում էին. «Գովերգեցէ՛ք եւ օրհնեցէ՛ք Տիրոջը»։ Եւ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նուագարանների նուագակցութեամբ իրենց ձայնը բարձրացրին, կրկնեցին. «Գովերգեցէ՛ք Տիրոջը եւ օրհնեցէ՛ք, քանզի նա բարի է, եւ յաւիտեան է նրա ողորմածութիւնը»։ Այն ժամանակ Տիրոջ տունը լցուեց Նրա փառքի ամպով, 14եւ քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, քանզի Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։
Էջմիածին · HYEJB1994