Երկրորդ Մնացորդաց գիրք
7
ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐ ՏԻՐՈՋԸ
()
1Երբ Սողոմոնը վերջացրեց աղօթքը, երկնքից կրակ իջաւ եւ լափեց ողջակէզներն ու զոհերը։ 2Տիրոջ փառքը լցրեց տաճարը, եւ այդ ժամանակ քահանաները չէին կարողանում մտնել Տիրոջ տունը, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։ 3Բոլոր իսրայէլացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրայ։ Նրանք երեսնիվայր ընկան սալայատակի վրայ, երկրպագեցին եւ օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմածութիւնը՝ յաւիտեան։ 4Արքան եւ ամբողջ ժողովուրդը Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին։ 5Սողոմոնը քսաներկու հազար զուարակ եւ հարիւր քսան հազար արածող ոչխար զոհ մատուցեց։ Արքան եւ ամբողջ ժողովուրդը տաճարի նաւակատիքն արեցին։ 6Քահանաներն ըստ իրենց սպասաւորութեան պաշտօնի էին կանգնած, իսկ ղեւտացիները նուագարաններով փառաբանում էին Տիրոջը տէրունական եւ Դաւիթ արքայի յօրինած երգերով, քանզի Նրա ողորմածութիւնը յաւիտեան է։ Նրանք կատարում էին Դաւթի յօրինած օրհնաբանութիւնները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայէլը ոտքի վրայ էր։
7Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան սրահի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցեց ողջակէզներն ու խաղաղութեան զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձէ զոհասեղանը չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծաներն ու ճարպերը։ 8Այդ ժամանակ Սողոմոնը եօթը օր տօն կատարեց։ Բոլոր իսրայէլացիները՝ շատ մեծ բազմութեամբ, Եմաթի մուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը նրա հետ էին։ 9Ութերորդ օրը հանդիսաւոր ժողով արեցին, քանզի զոհասեղանի նաւակատիքը եօթը օր տօնեցին, 10իսկ եօթներորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախութեամբ եւ բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետեւ Տէրը բարիք էր գործել Դաւթի, Սողոմոնի ու Իսրայէլի իր ժողովրդի համար։
11Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան կառուցումը, եւ ամէն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր Տիրոջ տան եւ իր տան համար կատարել, յաջողուեց։
ԱՍՏԾՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ՍՈՂՈՄՈՆԻՆ
()
12Այդ նոյն գիշեր Աստուած երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Լսեցի քո աղօթքը եւ այդ տեղն ինձ համար ընտրեցի որպէս զոհաբերութիւնների տուն։ 13Եթէ երկինքը փակեմ, ու անձրեւ չլինի, եթէ հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթէ մահ առաքեմ իմ ժողովրդին, 14եւ եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը։ 15Այժմ իմ աչքերը բաց կը լինեն, եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարուող աղօթքը։ 16Ահա ընտրեցի եւ սրբագործեցի այս տունը, որպէսզի իմ անունը այստեղ լինի յաւիտեան, իմ աչքերն ու սիրտը այստեղ լինեն ընդմիշտ։ 17Եթէ դու իմ առջեւից ընթանաս քո հայր Դաւթի նման եւ կատարես այն ամէնը, ինչ պատգամել եմ քեզ՝ պահես իմ հրամաններն ու օրէնքները, 18քո թագաւորութեան աթոռը հաստատուն կը պահեմ, ինչպէս ուխտ էի դրել քո հայր Դաւթի հետ՝ ասելով. “Քեզնից յետոյ Իսրայէլի վրայ իշխող մարդ չի պակասելու”։ 19Իսկ եթէ դուք յետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատուիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք պաշտէք օտար աստուածներ ու երկրպագէք նրանց, ապա ես ձեզ կը վերացնեմ այն երկրից, որը տուել եմ ձեզ, 20եւ այս տունը, որ սրբագործել եմ իմ անուան համար, կը վերացնեմ, ծաղրանքի առարկայ կը դարձնեմ ու խայտառակ կ’անեմ բոլոր ազգերի մէջ այս բարձրաշէն տունը. 21եւ ով որ անցնի այս տան կողքով, կը զարմանայ ու կ’ասի. “Ինչո՞ւ Տէրն այս բանն արեց այս երկրին ու այս տանը”։ 22Եւ մարդիկ կը պատասխանեն. “Որովհետեւ նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստուածներ ընդունեցին եւ նրանց երկրպագեցին ու ծառայեցին։ Դրա համար էլ Նա նրանց վրայ բերեց այդ բոլոր չարիքները”»։