Բ Կորնթացիս
11
ՊՕՂՈՍԸ ԵՒ ՍՈՒՏ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ
1Լաւ կը լինէր, եթէ մի փոքր հանդուրժէիք իմ անմտութիւնը. եւ անշուշտ կը հանդուրժէք. 2ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծու նախանձախնդրութեամբ. որովհետեւ ձեզ նշանեցի մի մարդու՝ որպէս մի անբիծ կոյս Քրիստոսին ներկայացնելու համար։ 3Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից. 4որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան։ 5Բայց ես այնպէս եմ կարծում, թէ ոչ մի բանով պակաս չեմ գերընտիր առաքեալներից։ 6Թէպէտեւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տուինք ձեզ։ 7Եւ մի մե՞ղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, քանի որ Աստծու Աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։ 8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի՝ թոշակ առնելով, որպէսզի ձե՛զ ծառայեմ։ 9Եւ երբ եկայ ձեզ մօտ, թէպէտեւ կարիքի մէջ էի, ձեզնից ոչ ոքի բեռ չեղայ. քանի որ իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եւ ամէն կերպ, առանց ձեզ բեռ լինելու, ինքս ինձ պահեցի եւ պիտի պահեմ, 10որովհետեւ իմ մէջ կայ Քրիստոսի ճշմարտութիւնը։ Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ։ 11Ինչո՞ւ։ Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ։ Աստուած գիտէ այդ։ 12Ինչ որ անում եմ ես, ինչ որ անելու եմ, նրա համար է, որ վերացնեմ պատճառաբանութիւնները նրանց, որ պատճառ են փնտռում, որպէսզի պարծենան, թէ իրենք էլ իբր մեզ նման աշխատում են. 13որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանաւորւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով. 14եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ։ 15Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի։
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՇՏՕՆԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ
16Դարձեալ ասում եմ. ոչ ոք ինձ յիմար թող չհամարի, - կամ գոնէ իբրեւ յիմար ընդունեցէք ինձ, - որպէսզի ես էլ մի փոքր պարծենամ։ 17Եւ ինչ որ խօսում եմ, ոչ թէ ըստ Տիրոջ ուզածի եմ խօսում, այլ՝ որպէս մի յիմար, որ պարծենալու վիճակի մէջ է գտնւում։ 18Եւ որովհետեւ շատերն են պարծենում մարդկային նկատումներից առաջնորդուած, ես էլ եմ պարծենալու։ 19Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով էք հանդուրժում, 20քանի որ հանդուրժում էք, եթէ մէկը խաբում է ձեզ, եթէ մէկը ծառայի տեղ է դնում ձեզ, եթէ մէկն ուտում է ձեր ունեցուածքը, եթէ մէկը վերցնում է, ինչ որ ձերն է, եթէ մէկը յոխորտում է, եթէ մէկը հարուածում է ձեր երեսին։ 21Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու։ 22Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ’ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս։ Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ։ 24Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. 25երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։ 26Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։ 27Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։ 28Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։ 29Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի։
30Եթէ պարծենալ է պէտք, իմ տկարութեանը վերաբերող բաներով պիտի պարծենամ։ 31Աստուած եւ մեր Տէր Յիսուսի հայրը, որ օրհնեալ է յաւիտեանս, գիտէ, որ չեմ ստում։ 32Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչը հսկողութեան տակ էր պահում Դամասկոս քաղաքը՝ ինձ բռնելու համար. 33բայց պատուհանից զամբիւղով ինձ կախեցին պարսպից ներքեւ, եւ ես փախայ նրա ձեռքից։