Բ Կորնթացիս
12
ՊՕՂՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՏԵՍԻԼՔԸ
1Արդ, ես պէ՛տք է պարծենամ, թէեւ ոչ մի օգուտ չունի պարծենալը։ Սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ յայտնութիւնների մասին։ 2Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թէ մարմնով էր՝ չգիտեմ, եւ թէ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ) յափշտակուեց մինչեւ երրորդ երկինք։ 3Եւ գիտեմ այդպիսի մարդու (թէ մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ, Աստուա՛ծ գիտէ), 4որ յափշտակուեց մինչեւ դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդս արտօնուած չէ խօսել։ 5Այդպիսի մէկով պիտի պարծենամ. բայց ես ինձնո՛վ չպիտի պարծենամ, այլ միայն՝ իմ տկարութիւններով. 6որովհետեւ, եթէ ուզենամ էլ պարծենալ, յիմարի մէկը չեմ լինի. քանզի ճշմարիտն եմ ասում. բայց հրաժարւում եմ ասելուց. գուցէ մէկը աւելի համարում ունենայ իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մէջ կամ լսում է ինձնից։ 7Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ, Սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ։ 8Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի։ 9Բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ Եւ արդ, լաւ էլ է, որ ես պարծենամ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակուի Քրիստոսի զօրութիւնը։ 10Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր։ 11Յիմար եղայ պարծենալով, քանզի դո՛ւք ստիպեցիք. որովհետեւ պէտք էր, որ ես ձեզնից վկայութիւն ստանայի, թէ ոչնչով պակաս չգտնուեցի, քան գերընտիր առաքեալները, թէպէտեւ ես ոչինչ եմ։ 12Սակայն ձեզանում առաքեալի նշաններ գործուեցին ամենայն համբերութեամբ՝ նշաններով, սքանչելիքներով եւ զօրութիւններով։ 13Եւ արդ, ինչո՞վ պակաս մնացիք այլ եկեղեցիներից, եթէ ոչ նրանով, որ ես ձեզ բեռ չեղայ։ Ներեցէ՛ք ինձ այդ յանցանքը։
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ
14Ահա՛ւասիկ այս երրորդ անգամ պատրաստւում եմ գալ ձեզ մօտ եւ ձեզ բեռ չեմ լինի. որովհետեւ ձեր ունեցածը չէ որ փնտռում եմ, այլ՝ ձեզ. քանի որ որդինե՛րը պարտաւոր չեն հայրերի համար գանձ դիզել, այլ՝ հայրե՛րը որդիների համար։ 15Բայց ես ինքնայօժար կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ ձեզ համար, թեկուզ եւ, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրուեմ։
16Ասենք թէ՝ ես բեռ չեղայ ձեզ. որովհետեւ խորագէտ էի, խորամանկութեամբ բռնեցի ձեզ։ 17Միթէ ձեզնից օգո՞ւտ քաղեցի նրանցով, որոնց առաքեցի ձեզ մօտ։ 18Խնդրեցի Տիտոսին եւ նրա հետ այն եղբօրն էլ ուղարկեցի։ Միթէ Տիտոսը ձեր ունեցածին ա՞չք տնկեց։ Նոյն ոգով չընթացա՞նք, նոյն շաւիղներով չքայլեցի՞նք։
19Դարձեալ՝ կարծում էք, թէ ձեր առջեւ մենք մե՞զ ենք պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խօսում, որ ամէն ինչ ձեր շինութեան համար է, սիրելինե՛ր։ 20Սակայն վախենում եմ, որ, երբ գամ, գուցէ ձեզ չգտնեմ այնպէս, ինչպէս ես կամենում եմ, եւ ես էլ ձեզ համար լինեմ այնպէս, ինչպէս դուք չէիք կամենայ։ Գուցէ դարձեալ լինեն վէճեր, նախանձ, բարկութիւններ, գրգռութիւններ, չարախօսութիւններ, բամբասանքներ, գոռոզութիւններ, ամբարտաւանութիւններ, խռովութիւններ։ 21Երբ գամ, գուցէ դարձեալ իմ Աստուածն ինձ նկուն դարձնի ձեր առաջ, եւ սուգ անեմ նախապէս մեղանչած շատերի համար, որոնք չեն ապաշխարել իրենց գործած պղծութեան, պոռնկութեան եւ վաւաշոտութեան համար։